HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ցուցմունք տվեց նաեւ Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետ Արմեն Նիկողոսյանը

Կենտրոնի դատարանում շարունակվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը:

Նախորդ նիստում ցուցմունք տվեց 10 ամբաստանյալներից վերջինը` Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետ Արմեն Նիկողոսյանը, որը, ըստ մեղադրանքի, Արա Կարապետյանի հետ 2007 թ. նոյեմբերին կազմավորել է հանցավոր խումբ` ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով:

«Գործում մեկ նշվում է, թե հանցավոր խումբը կազմավորվել է 2006-ին, մեկ` 2007-ին, մի ուրիշ տեղ` 2008-ին»,- ասաց Նիկողոսյանը` հավելելով, որ իր կարծիքով` իրականում խումբը կազմակերպված չի գործել: Վերջինս քրեական գործը բնութագրեց որպես խեղված ու գեղարվեստական տեսքի բերված: Նշեց, որ ամբաստանյալներից որեւէ մեկն առաջին 3 ցուցմունքներում իր անունը չի հոլովել, սական նախաքննական մարմինը, քննչական գործողություններ կատարելու փոխարեն, մարդկանց ուղղակի համոզել է ցուցմունքներ տալ իր եւ «այս շինծու գործի վերաբերյալ»:

«Ես բացառում եմ այն հանգամանքը, որ իշխանությանը ձեռնտու է իմ անազատության մեջ գտնվելը: Բայց չեմ բացառում, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նման մտադրություն ունեն»,- ասաց Արմեն Նիկողոսյանը` ավելացնելով, որ առայսօր լռել է, քանի որ նախ` կատարվածն իր համար անսպասելի հարված էր, երկրորդ` կարծել է, որ այն մարտիմեկյան իրադարձությունների շարունակությունն է եւ պետք է շուտով ավարտվի:

Հիշեցնենք, որ Արմեն Նիկողոսյանը 2008 թ. մարտի 1-ին հեռախոսով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահներից մեկին զգուշացրել էր ոստիկանական ուժերի մոտալուտ ժամանման մասին:

Մոտ 4 ամիս անց «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» համար նա դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման: Եվ ահա, ըստ նախաքննական մարմնի, դատապարտվելու հարցում մեղավոր համարելով իր անմիջական ղեկավարին` Նոր Նորքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին (ներկայումս Կենտրոնի ոստիկանապետն է), Նիկողոսյանը որոշել է վրեժխնդիր լինել եւ 2008 թ. դեկտեմբերին Արսեն Սողոմոնյանին հանձնարարել է Կարապետյանին սպանել:  «Իբր ասել եմ` վրաերթի ենթարկեք, եթե չստացվի, մեքենան պայթեցրեք, եթե դա էլ չստացվի` կրակեք: Ծաղրանք է,- նկատեց Արմեն Նիկողոսյանը,- իբր Արսենն է կանխել այդ հանցագործությունը, քանի որ անձամբ ճանաչել է Աշոտ Կարապետյանին: Սակայն դատարանում Աշոտ Կարապետյանը ցուցմունք տվեց, որ բացի ինձնից` ոչ մեկին չի ճանաչում: Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ես պետք է պատվիրեի իր սպանությունը: Ես նույնպես չեմ հասկանում, թե ինչու: Թեկուզ Մարտի 1-ի հետ կապված իմ եւ Աշոտ Կարապետյանի միջեւ չէր կարող լինել որեւէ հակասություն»:

Մեղադրանքի համաձայն` մինչ այդ Նիկողոսյանը պատվիրել էր գլխավոր դատախազության կադրերի բաժնի նախկին պետ Յուրիկ Ղազարյանի բնակարանից հափշտակել 12 արժեքավոր գեղանկար, իսկ ավելի ուշ` ավազակային հարձակում գործել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա: «Ես արվեստի հետ ընդհանրապես կապ չունեմ` ոչ գործարարության, ոչ էլ հետաքրքրության առումով: Յուրի Ղազարյանի տան տեղը չեմ իմացել, նրան չեմ էլ ճանաչել: Իբր 12 նկար պետք է գողանային, որից 10-ը պետք է տայի գողացողներին, 2-ը` պահեի ինձ, որոնք իբր ԱՄՆ-ից ինչ-որ մեկը պետք է գար եւ գներ ինձնից»,- ասաց Արմեն Նիկողոսյանը` ընդգծելով, որ եթե նախաքննական մարմինը գործի այլ դրվագներում ներմուծել է ոմն Վարդանի կամ երրորդմասցու, որոնց ինքնությունն այդպես էլ չի պարզվել, ապա այս դրվագում նույնիսկ ջանք չի գործադրել նշել որեւէ մտացածին անուն, որն իբր պետք է գներ գողացված երկու նկարները:

Նիկողոսյանի ներկայացմամբ` անհասկանալի է նաեւ, թե ինչու պետք է գողանային հատկապես 12 գեղանկար, երբ Յ. Ղազարյանը նշել է, թե տանն ունի ավելի քան 50 նկար: Ամբաստանյալ Արմեն Նիկողոսյանը մանրամասն վերլուծեց նաեւ Մաքսային ծառայության նախկին ղեկավարի տան վրա կատարված ավազակային հարձակման մեղադրանքը, անդրադարձավ առկա հակասություններին, մասնավորապես, որ իբրեւ գողոնի հանձնման վայր գործում նշվել է 5 անուն` Շրջանային, Պոլիտեխնիկի մոտ, Գյուղինստիտուտի դիմացի այգի, «Ցիտադելի» մոտ եւ Կենդանաբանական այգու մոտակայք: Կամ Բագրատին Իսպանիայից վերադառնալու եւ ավազակային հարձակմանը մասնակցելու համար հատկացրել է 5000, մի ուրիշի ցուցմունքով` 5500, երրորդի ասելով` 3000 ԱՄՆ դոլար: Գործում նշված է նաեւ, որ հիշյալ գումարը կազմել է 1250 եվրո:

«Հակասությունները բնական եմ համարում, քանի որ նախ` ստի ոտքը կարճ է, հետո` նախաքննական մարմինը դրանք կորզել է ակնհայտ անուշադրությամբ»,- ասաց Նիկողոսյանը` ընթերցելով քննիչի գրած այն տողերը, որ հանցագործությանը մասնակցել են Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի երկու տղաները:

«Նախաքննության ժամանակ ինձ հետ ընդհանրապես զրույց չեն ունեցել, ամենաշատը` 2 ժամ: Ամեն մեկը երեւի 10 րոպե է զրուցել հետս, որովհետեւ զրուցելու բան էլ չունեին: Սկզբում չեն ասել, թե ինչում եմ մեղադրվում: Հետո պահանջել են ոսկեղեն, ես էլ չեմ հասկացել, թե ինչ ոսկեղեն են ուզում»,- նշեց Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքերով` դատարանն իր նկատմամբ կալանքի սանկցիա է տվել միայն այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ իրեն մեղադրող ցուցմունքներ են տվել այս գործով ամբաստանվող Արսեն Սողոմոնյանն ու նրա որդին` Բագրատը: Այնուհետեւ «ծլել է» մյուսների, այդ թվում` Սուրեն Մելքոնյանի մեղադրող ցուցմունքը:

«Նախաքննական մարմինն Արսենին, որ իմ բարեկամն է, օգտագործեց իմ դեմ, Սուրենին, որ Արա Կարապետյանի բարեկամն է, օգտագործեց հենց Արայի դեմ: Բայց նախաքննության ստեղծած Արսեն եւ Սուրեն բեւեռներն ամբողջությամբ ոչնչացված են»,- ավելացրեց Նիկողոսյանը: Ըստ նրա` նախաքննության լկտիությունը նրանում է, որ իբրեւ արհեստական մեղադրանքի օժանդակ ռեսուրս` շարադրվել են նաեւ պահեստային գործեր, որ եթե դրվագներից մեկով մեղադրանքը չհիմնավորվի, փորձեն մյուսով:

«25 տարվա աշխատանքային փորձ ունեմ ու պայքարելու եմ այս անօրինականությունների դեմ այնպես, ինչպես ժամանակին պայքարել եմ հանցավորության դեմ,- հայտարարեց Նիկողոսյանն ու մանրամասնեց, որ երբ կալանավորվել է, նույն օրը բացահայտել է 3 տարվա վաղեմության ավազակային հարձակման գործ,- ես այսօր, փաստորեն, կրում եմ մի բեռ, որն իմը չէ, ուրիշինն է կամ ուրիշներինը»:

Դատարանում հարցաքննության ժամանակ մեղադրող Գրիգոր Տիգրանյանը ամբաստանյալ Նիկողոսյանին ընդհանրապես հարցեր չտվեց, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարվեց մեկ հարցով: Դատավարության կողմերն ամբաստանյալին այդպես էլ չհարցրին` արդյոք նա ճանաչո՞ւմ է Արմեն Ավետիսյանին, երբեւէ նրա տանը եղե՞լ է: Սա կարեւոր է այն համատեքստում, որ մեղադրական եզրակացության համաձայն` հենց Ա. Նիկողոսյանն է խմբին տրամադրել Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը:

Այնուամենայնիվ, ամբաստանյալներից Արսեն Սողոմոնյանին իր ընտանիքի քավոր Արմեն Նիկողոսյանի ցուցմունքները, ըստ էության, այդքան էլ դուր չեկան: Ա. Սողոմոնյանը սկզբում հարցրեց` 2008 թ. հոկտեմբերի 27-ին (Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման օրը) մենք հանդիպե՞լ ենք: «Մենք կարող էինք ամեն օր էլ հանդիպել: Կոնկրետ չեմ հիշում` այդ օրը հանդիպե՞լ ենք, թե՞ ոչ»,- հնչեց պատասխանը:

Իսկ մինչ այդ Նիկողոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ հանցագործության օրն ինքը եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քանի որ փեսան գտնվել է վերակենդանացման բաժնում: Արսեն Սողոմոնյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Նիկողոսյանը ճանաչում է սույն գործով տուժող ճանաչված Վաղարշակ Վարդեւանյանին (ոսկու շուկայի թալանված տաղավարի տերը): Արմեն Նիկողոսյանն ասաց, որ նրան առաջին անգամ տեսել է դատարանում: «Ես խնդրում եմ Վաղարշակ Վարդեւանյանին նորից կանչել դատարան: Արդեն հոգնել ենք եւ ուզում ենք քարտերը բացել»,- ասաց Արսեն Սողոմոնյանը: Դատավորն էլ նկատեց, որ գործում եղած ապացույցների հետազոտումից հետո, եթե նման միջնորդություն արվի, դատարանը կքննարկի այն ու անհրաժեշտության դեպքում տուժող Վարդեւանյանին կրկին կհրավիրի դատարան: Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 27-ին:

Լուս.՝ Գագիկ Շամշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter