HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանում

ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը և շեշտեց, որ 21 տարի քաղաքական դաշտում գործող կուսակցությունը երեք անգամ ներկայացված  է եղել խորհրդարանում: Ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանում` Հայկ Բաբուխանյանը միանշանակ ասել չկարողացավ: Սակայն նշեց, որ շատ ավելի դժվար է «Ժառանգության» խնդիրը, քանի որ ««Ժառանգությունը» կորցրել է իր ընտրողների վստահության պաշարը, փոշիացրել այն` չունենալով հստակ գաղափարախոսություն, տրվելով թուրքերի ու ադրբեջանցիների հետ տարբեր սիրախաղերի, ինչպես նաև ինքն իրեն խայտառակել, երբ որ պարզվեցին ներսում կատարվող տխուր իրավիճակները»: ՍԻՄ նախագահն ասաց, որ իշխող կուսակցութունն իր ներկայությունը, իհարկե, կապահովի. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր կայուն են, մնացածները խնդիր ունեն և պետք է պայքարեն: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներքին պայքար Հայկ Բաբուխանյանը չի տեսնում. «Կուսակցությունները բավականին մոնոլիտ են»,- գնահատում է նա: Նա չժխտեց նաև նոր ուժերի հավանական պայքարը: Հայկ Բաբուխանյանը ՀԱԿ-ին ևս տեսնում է այդ պայքարում, բայց ՀԱԿ-ի` մասնավորապես Լևոն Տեր Պետրոսյանի, ընտրազանգվածը, ըստ Հայկ Բաբուխանյանի, ևս փոշիացվել է` համեմատած 2007, 2008, 2009թթ-ի, և այսօր 1/100 –ի վիճակ է ստեղծվել: Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ դրա պատճառն այն էր, որ չի եղել հստակ արտահայտված գաղափարախոսություն որևէ հարցի շուրջ, ՀԱԿ-ը մոնոլիտ գաղափարախոսական կառույց չէ, և գնալով տարբեր ուժեր դուրս են գալիս այնտեղից: Հայկ Բաբուխանյանը օրինակ բերեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանին, որը սկզբում նվիրյալ է եղել, բայց հետո դուրս է եկել, ինչին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հակառակեց` նշելով, որ Տ. Խզմալյանը քաղաքական ուժ չի ներկայացնում: Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ Խզմալյանը երբեք էլ ՀԱԿ-ի արտահայտված կողմնակիցը չի եղել, նույնիսկ 2008-ին դիմել է իրեն ՍԴՀԿ-ին անդամագրվելու համար, բայց ինքը մերժել է նրան, ինչպես հետո «Հետքին» պարզաբանեց, նպատակների առումով հակասություն է եղել: Լյուդմիլա Սարգսյանը պնդեց, որ ՀԱԿ-ը կարողացել է պահպանել համակիրների շրջանակը. «Ցույց տվեք մի քաղաքական ուժ, որը կարող է 5000 համակիր հավաքել իր շուրջը և հանրահավաք անցկացնել: Մենք առնվազն 20 հազարը այսօր կարողանում ենք առանց մեծ ջանքերի»: ՍԴՀԿ-ի մասին խոսլեով` Հայկ Բաբուխանյանը, դիմելով Լյուդմիլա Սարգսյանին, ասաց.  «Դուք շատ ավելի լուրջ քաղաքական ուժ եք և անպայման կլինեք ապագա խորհրդարանում»: Ինչին ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իրենք նախընտրում են արմատական ընդդմիության հետ գալ իշխանության և դա ավելի պատվաբեր է, քան վաճառվել իշխանություններին և մի քանի տեղ զբաղեցնել ԱԺ-ում: «ՕԵԿ-ն ու Դաշնակցությունը ավագանու ընտրություններին անհրաժեշտ տոկոս չեն ապահովել, եթե նրանց հաջողվի իրենց սխալներից դաս քաղել, շատ լավ, չի հաջողվի` ընտրողը և գնահատական տվողը ժողովուրդն է»,- մնացած ուժերին անդրադարձավ ՍԻՄ նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter