HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գրքի շնորհանդես` առանց գրքի

Գերմանացի հրատարակիչները շտապողականության պատճառով սխալ գիրք էին ուղարկել Այսօր Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. ինքնորոշում եւ ճանաչում» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը լույս է տեսել Գերմանիայում: Եվրոպացի գիտնականներն առաջին անգամ համակողմանիորեն հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ ճանաչման իրավունքը` միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության եւ իրավափիլիսոփայության տեսանկյուններից: «Գիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Լույս տեսնելով Գերմանիայում` այն կարող է էական դեր կատարել ինչպես դիվանագետների, այնպես էլ Եվրոպայում Արցախի հարցի շուրջ հասարակական կարծիքի ձեւավորման համար»,- ասում է գրքի հրատարակիչ, խմբագիր Վահրամ Սողոմոնյանը: Սա առանձնահատուկ շնորհանդես էր ոչ միայն նրանով, որ Գերմանիայում լույս տեսած գիրք էր, այլեւ այն պատճառով, որ շնորհանդեսը առանց գրքի էր. հրատարկչությունը շտապողականության պատճառով սխալ գիրք էր ուղարկել: Գրքում հեղինակային հոդվածներով հանդես են եկել 9 գիտնականներ` Օտառ Լուխտերհանդտը` Համբուրգից, Էզբերտ Յանը` Մանհայմից,  Էքարտ Շտրատենշուլտեն` Բեռլինից, Ալեքսանդր Մանասյանը` Երեւանից, Մարտին Մալեկը` Վիեննայից, Սեբաստիան Վեբերը` Բեռլինից, Ֆրանց Էդերը` Ինսբրուքից, Դիթմար Շորկովիցը` Բեռլինից եւ Քրիստիան Շատդլերը` Վիեննայից: Վահրամ Սողոմոնյանն ասում է, որ աշխատել են ընտրել ոչ հայամետ գիտնականների: Բացի վերանշյալ գիտնականների հոդվածներից, գրքում ներառված են նաեւ քարտեզներ, ժամանակագրություն, իրավական եւ քաղաքական փաստաթղթեր, վիճակագրություն, հասկացությունների ցանկ: «Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է հենց Արցախում: Այն նախեւառաջ արժեքային հակամարտություն է: Արցախն ունի անկախ պետության երեք ատրիբուտները` պետական ազգ, պետական տարածք եւ պետական իշխանություն»,- նշում է նա: Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Լուխտերհանդտը առավել խորը վերլուծություն է կատարել` մեկ առ մեկ քննարկելով եւ հերքելով ինքնորոշման դեմ մինչ օրս հրապարակված բոլոր փաստարկները: Եվրոպական ընթերցողին հայկական տեսակետը ներկայացվում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածի միջոցով: Ալեքսանդր Մանասյանն ասում է, որ ժամանակն է, որ այսպիսի աշխատություններով փոխվեն հիմնախնդրի ասպեկտները. «Եթե 1991թ. ԽՍՀՄ փլուզման ժամանակ Արեւմուտքը, այդ թվում եւ Ռուսաստանը ասեր, որ ԼՂ հարցը կունենա իրավական լուծում, պատերազմը չէր լինի: Ադրբեջանական զորքերը սովորաբար կռվել են խաղաղ ժողովրդի դեմ, նրանք զորքի դեմ չեն կռվել»,- ասում է գիտնականը: Շնորհանդեսին ներկա Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը նշեց, որ իրենք միշտ էլ հետաքրքրքված են այս խնդրի լուծմամբ, քանի որ մի կողմից` սա ինքնորոշման հարց է, մյուս կողմից` տարածքային ամբողջականության: «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին հետաքրքրում էր այն հարցը, թե որքանով էին հեղինակները համակարծիք հիմնական հարցերի շուրջ: Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ տարակարծություններ լինում էին, մի քանի հոդվածներում կա «գրավված» բառը, սխալ տվյալներ են եղել փախստականների վերաբերյալ, բայց դրանք հնարավորինս շտկվել են: Գիրքը գերմաներենով է, համապատսախան ֆինանսովորում ունենալու պարագայում այն կթարգմանվի նաեւ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Նախատեսվում է այն ներկայացնել Ֆրանկֆուրտում կազմակերպվելիք գրքի ցուցահանդեսում հոկտեմբերի 6-ից 10-ը` Արցախի տաղավարում: Բացի այդ, գիրքը հոկտեմբերի 7-ին առանձին շնորհանդեսով կներկայացվի Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի «Երկխոսության» ֆորումում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter