HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ընտրությունը կորսված հայրենիքի երգն է

Պաշտոնյաների կատարած չարաշահումների մասին փաստեր հրապարակելով` այլեւս ոչ մեկին չես զարմացնի: Ոչ ոքի չես ցնցի` գրելով, որ ինչ-որ մեկը 500 հազար դոլար է վճարել ԱԺ-ում իր տեղն ունենալու համար:

Ոչ մեկի համար նորություն չի լինի, եթե ցույց տաս, թե Հայաստանում գործող որ ձեռնարկության իրական տերը որ պաշտոնյան է: Դա նորմ է, որ արդեն դարձել է հայի գենետիկ փոխառնություն: Շատերը կարող են ասել` միշտ էլ այդպես է եղել, կամ բոլոր երկրներում էլ այդպես է: Եվ նման բան ասողներին ոչինչ չես էլ կարող պատասխանել, անիմաստ է:

Հայերը չեն կարողանում ստեղծել իրենց աշխարհը: Խոսքն, իհարկե, վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհ»-ի մասին չէ: Ի՞նչ է այսօր կատարվում հայ մարդու հետ: Հայի միֆն այլեւս կենսունակ չէ, այն վաղուց է փշրվել:

Հայն իր երկիրը կործանում է, իր բնությունը` ոչնչացնում, թողնում-փախչում է իր հայրենիքից: Երբեմն թվում է, որ այս ամենը դավադրություն է` ինչ-որ մի տեղ ծրագրված: Բայց դա մի պահ է տեւում, քանի որ ոչ մի դավադրություն էլ չկա, պարզապես չկա դրա անհրաժեշտությունը:

Հայաստանը դատարկվում է, հայերը փախչում են իրենց հայրենիքից: Ու սա չի անհանգստացնում իշխանություններին, նրանց անհանգստացնողը միայն մի բան է` պահել իշխանությունը եւ մեծացնել իրենց ունեցվածքը: Նրանք իրենց հոգիները լցրել են փողով: Դատարկվող գյուղերն անեծքի պես խրվել են երկրի կոկորդի մեջ, ու սա ոչ մի իշխանություն չի կարող մարսել:

Լքված ծերերը քարշ են գալիս դատարկ գյուղերի փողոցներում, իրենց զավակներին կարոտելով` անիծում են էս երկիրը: Պարզ է, չէ՞, որ անօրինականությունների, անպատժելիության այս անվերջ շարունակվող շղթայի գինը դատարկվող Հայաստանն է:

Համատարած աղքատության մեջ ամենօրյա այս խրախճանքները` գիշերային հրավառություններով, ջիպերով, կրակոցներով, պետական միջոցների թալանով սարքված ահռելի չափերի առանձնատներով ու ամառանոցներով, չորս միլիարդանոց Ռոբերտ Քոչարյան ստեղծելու գինը դատարկվող Հայաստանն է: Մի ուրվական է շրջում Հայաստանում` կորսված հայրենիքի ուրվականը:

Կենցաղային մակարդակում մարդիկ դեռ հավատում են միմյանց, բայց երբ խոսք է բացվում որեւէ պետական ինստիտուտի մասին, ամեն ինչ փլուզվում է: Ինչպե՞ս հասանք սրան, ինչպե՞ս երկիրը հասցրինք այս սահմանագծին: Նույնիսկ մինչեւ բանակ հասցրինք այս փլուզումը, մինչեւ գիշերը մթության մեջ թշնամուն դեմ-դիմաց կանգնած տասնութ տարեկանը, մինչեւ այն բանակը, որն ամեն հայի համար «անձեռնմխելի» մի կառույց էր:

Պետական բոլոր օղակները, կուսակցությունները ներգրավված են Հայաստանը դատարկելու գործընթացում: Ու դրանցից ոչ մեկը չի ասում` կանգնեք, պարոնայք, այսպես ապրել այլեւս հնարավոր չէ: Հայի մեր տեսակը չի կարողանում հայրենիք կառուցել:

Հայի մեր տեսակը միայն մի երգ գիտի` կորսված հայրենիքի երգը: Այդ երգը որեւէ բան անելու ջանք չի պահանջում: Այն վաղուց գրված է: Ու մենք, կարծես, ավարտել ենք ընտրությունը, արգելակվել ենք կորսված հայրենիքի երգի վրա: Տարիների ընթացքում մսխեցինք ամեն ինչ, նվաճած անկախության ամեն մի սանտիմետրը, քայլ առ քայլ, րոպե առ րոպե զիջեցինք, առանց դիմադրելու «մարսեցինք» այդչափ անարդարություններ: Հետո այդ հսկա անիվը գլորվելով սկսեց ճզմել յուրաքանչյուրիս: Ու հայտնվեցինք այնտեղ, որտեղ պիտի լինեինք, ունեցանք այն, ինչ պիտի ունենայինք:

Lուս.` Մաքս Սիվասլյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter