
Երևանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության` պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել:
90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները մետաղակույտի են վերածվել։ Երևանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է:
Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր կազմել Երևանի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրվել է հենց Կոմիտասի անվան զբոսայգուն։ Ինչպես նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից, որպես առաջին քայլ անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվեց պայմանագիրն ու զբոսայգին հետ վերադարձվեց երևանցիներին:
Հաջորդ քայլն արդեն զբոսայգու վերականգնումն է։ Վերականգնման ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվում է հանրապետությունում առաջին դելֆինարիումը: Դելֆինարիումները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում:
Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը. քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությանն արձագանքած քաղաքներից նախապատվությունը տրվեց նման նախագծերի մեծ փորձ ունեցող օդեսացի մասնագետների առաջարկին` ուկրաինական «Ներում» ընկերությանը։
Ուկրաինական «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանի խոսքով` ընկերությունը դելֆինարիումներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում: Դելֆինարիումի կառուցումը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է. «Երբ մեր շինարարական խումբը առաջին անգամ եկավ Երևան, քաղաքապետն անձամբ ընդունեց մեզ և ներկայացրեց դելֆինարիումի տարածքը»,- ասաց ընկերության տնօրենը։
Դելֆինարիումը զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու` վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տարածքը: Մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է`զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։
Ալեքսանդր Մեռլյանն ընդգծեց, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։
Դելֆինարիումը կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաև դելֆինարիումի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգումը շարունակական է լինելու. դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։
Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ, վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել