HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռուսաստանը, Վրաստանը և Եվրոպան դատարկում են Հայաստանը

«Հայաստանը վերանում է: Երկրի ոչնչացման ծրագիր է միացված: Ես նկատի ունեմ 3 գործոն»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Գործոններից մեկը Վրաստանն է, որն արագորեն իրեն է քաշելու Հայաստանի ողջ ներուժը` միջին և ցածր խավերին, քանի որ բարձր խավի գործիչները Հայաստանի ունեցվածքը տանում են Արևմուտք:

«Հայաստանի եղած-չեղածը հիմնականում Եվրոպա, ԱՄՆ է գնում օլիգարխների ճանապարհով, ոչ թե որ նրանք արևմտամետ են, այլ ուղղակի այնտեղ են գտնում այն ամենը, ինչը գայթակղիչ է իրենց համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ միայն այս տարի 100 հզ. հայ է գնացել Վրաստան և տեսել վրացի ոստիկանին, որը ժպտալով` հայերին հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել, զգուշացնում է ինչ-որ վտանգների մասին, ասում է, որ խնդիր ունենալու դեպքում տվյալ հայը կարող է իրեն զանգահարել: «Հետո մի բիզնեսմեն, որը այստեղ 7 օրում փակել է իր գործը և մեծ գումարներ է ծախսել, որ կարողանա փակել, գնում է, Վրաստանում 7 ժամում բացում է այդ նույն գործը և ոչ մի կոպեկ չի ծախսում: Սա հսկայական պրոպագանդիստական գործոն է: Վրաստանը հիմա դարձել է ամեաազդեցիկ հեղափոխական ուժը Հայաստանում: Վրաստանում Սահակաշվիլին, որը իհարկե կոպիտ սխալներ կատարեց արտաքին հարցում, բայց ներքինում կարողացավ օրենք հաստատել, կարողացավ չեղած տարածքի վրա ստեղծել պետություն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Երկրորդ վտանգը Ռուսաստանն է: Արդեն իսկ առկա է հայերի հոսք դեպի Ռուսաստան: Առաջիկայում այդ հոսքը կավելանա, քանի որ միայն այս տարի Ռուսաստանը 5.000 ՀՀ քաղաքացու տրամադրելու է վիզա, Ռուսաստանի քաղաքացիություն, բնակարան, աշխատանք ու գումար, որ այդ հայերը կարողանան իրենց կյանքը կառուցել Ռուսաստանում: Ռուսաստանը, սակայն, մի պայման է դնում: Ռուսաստանում հաստատված այդ հայերը, որպեսզի կարողանան վերադառնալ Հայաստան, պետք է վերադարձնեն այն ամենը, ինչ ստացել են Ռուսաստանից: «Հատկապես եթե համադրում ենք մեր կողմի եղած անհեթեթության խորացման գործառույթների հետ, ապա դա ֆանտաստիկ ազդող լծակ է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Երրորդ վտանգը գալիս է Եվրոպայից, որը Հայաստանին արդեն իսկ ասել է, որ մոտակա ժամանակներս ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը էապես մեղմանալու է: Հայերը շատ ցանկալի մարդ են այն բոլոր եվրոպական երկրների համար, որոնք ունեն դեմոգրաֆիական խնդիր: Հայերն ուրիշ ազգերից շատ ավելի հեշտ են ադապտացվում, ավելի մոտ են եվրոպական մշակույթին: Ուստի հայերը լավ կոմպենսացնում են Եվրոպայի դեմոգրաֆիական բացը: Աշոտ Մանուչարյանի համոզմամբ` այսօր մենք տերը չենք նրա, ինչ կատարվում է Հայաստանում, և գործընթացներն ուղղորդվում են դրսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter