HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հումանիտար ինստիտուտի ռեկտորը հրաժարվեց հայցից

Եվ հրաժարվեց ներկայացնել դատարանի պահանջած փաստաթղթերը Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է «Հետքի» եւ լրագրող Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած հայցից:

Հիշեցնենք, որ նա պահանջում էր հերքել «Հետք» շաբաթաթերթում տպագրված Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը հոդվածը (N 21, 03.06.2010), որն, ըստ հայցի, արատավորել էր ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը: Միքայել Ամիրխանյանը պահանջում էր հօգուտ իրեն բռնագանձել 200 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ 8.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը: Պարզվում է, ռեկտորը և փաստաբանը տեղյակ չեն եղել Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի փոփոխությունների մասին, այն է` լրագրողը կամ խմբագրությունն ազատվում է պատասխանատվությունից, եթե նա իր կարծիքը չի արտահայտել, այլ վերարտադրել է ուրիշի խոսքերը: «Այսինքն` թութակի դեր է կատարում»,- լրագրողի աշխատանքը որակեց բուհի ռեկտորը:  Այսինքն` ռեկտորի բարի համբավը ոչ ԶԼՄ-ն, ոչ էլ լրագրողը չեն արատավորել, քանի որ նրա նկատմամբ  զրպարտություն և վիրավորանք չեն հրապարակել: Զրպարտողը, ըստ հայցվորների, եղել է բուհի ուսանող Գայանե Մալիշենկոն, որի դեմ էլ նրանք նոր դատական հայց կներկայացնեն: Միքայել Ամիրխանյանը նիստի սկիզբում չասաց, որ հրաժարվում է հայցից, այլ մոտ 20 րոպե ներկայացնում էր Երևանի հումանիտար ինստիտուտում ուսուցման կազմակերպման հետ կապված դրական քայլերը, հրատարակած գրքերը, զեղչած ուսանողների վարձավճարները, արտասահման վերապատրաստման ուղարկած ուսանողների քանակը և այն: Վերջում նա եզրակացրեց, որ Գայանե Մալիշենկոն է իրեն զրպարտել, չնայած նա պայմանագրի համաձայն ստացել է 1 մլն 761 հազար դրամ: Եվ նա է կազմակերպել «զրպարտչական» հոդվածը, որը 22 ստորագրությամբ իրենց բուհում մերժվել է: «Ինչն էր պատճառը, որ Մալիշենկոն կազմակեպում է զրպարտչական հոդվածը, ինձ համար մնում է անհայտ: Միայն մի բան. ես ժամանակին կեսկատակ-կեսլուրջ հայտարարել էի, որ բոլոր դիմորդներին ես 10 հազար կզեղչեմ, Մալիշենկոյին չեմ զեղչել, սա վիրավորվել է»,- անհիմն որակելով Մալիշենկոյի հոդվածում նշած փաստերը` ասաց ռեկտորը: Ինչ վերաբերում է ԿԳՆ-ից ստացած դիտողություններին, ապա ռեկտորը տեղեկացրեց, որ արդեն մեկ դասախոս Ճապոնիայում պաշտպանել է դոկտորականը և վերադարձել: «Սագամարի» հետ պայմանագիրը, տարածքի վարձակալության պայմանագիրը, Կադաստրի գրանցման վկայականը, որոնք պահանջել էր պատասխանող կողմը անցյալ նիստին, և որի միջնորդությունը դատարանը բավարարել էր, այդպես էլ դատարանին չներկայացրեց: Անի Հովհաննիսյանի փաստաբան Օլյա Սաֆարյանը դատարանից խնդրեց ապահովել միջնորդության բավարարումը և դատարանին  ներկայացնել նշված փաստաթղթերը: Դատարանը մեկ անգամ ևս ռեկտորից պահանջեց ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, սակայն ռեկտորը հրաժարվեց և ասաց, որ ինքը բնօրինակներ չունի, դրանք գործերից չէր կարող հանել, իր մոտ միայն պատճեններն են, որը խուսափեց ներկայացնել դատարան: Օլգա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տարածքի վարձակալության պայմանագիրը պահանջել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիուտից և հենց Երևանի հումանիտար ինստիտուտից մինչև դատական նիստերի սկսվելը, սակայն մինչ օրս այնտեղից էլ պատասխան չկա: «Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր մեր միջնորդությունը, և այսօրվա նիստում ռեկտորի պահվածքից երևում էր, որ դա իրենց «ամենաթույլ» տեղն է, այսինքն` կան բաներ, որոնք իրականում կարող էին ավելի մեծ բացահայտումներ դառնալ բուհի մասին: Միաժամանակ ռեկտորն այսօրվա ելույթում մի քանի տվյալներ ներկայացրեց, որոնք կարող են հիմք հանդիսանալ տարբեր պետական մարմինների համար` բուհի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես` ուսանողի աշխատավարձից ինչ-որ չափով գումար է պահել բուհի համար: Սա արդյո՞ք չի նշանակում, որ նա աշխատանքային շահագործման է ենթարկում ուսանողներին և առանց նրանց համաձայնության աշխատավարձից գումար պահում: Դատական այս կարճ գործընթացը ցույց տվեց, որ հոդվածը «խորացնելու» տեղ ուներ, դատարանի միջոցով կարողացանք պարզել, որ այդ բուհում այլ կարգի խախտումներ էլ կան»,- ասաց «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Դատարանը վերջնական ակտը կհրապարակի հոկտեմբերի 14-ին` ժամը 17:20-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter