HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Արամ Կարապետյանի` Արցախի հարցում շրջադարձ է սպասվում

Մինչև 2012-13 թթ. ընտրական շրջանը Արցախի հարցում շրջադարձ տեղի կունենա. կամ իսկապես փաստաթուղթ կստորագրվի, կամ Ադրբեջանը կհասնի նրան, որ կփոխվի բանակցությունների ձևաչափը: Այսօրվա մամուլի ասուլիսին այսպիսի կանխատեսում արեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Ձևաչափի փոփոխությունը կլինի շրջադարձային: Նույնիսկ եթե ստատուս քվոն էլ պահպանվի, Ադրբեջանը կպահանջի և կհասնի նրան, որ փոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որ Թուրքիան, գուցե Իրանը մտնի, գուցե այլ երկրներ մտնեն` Ղազախստանը և այլն: Դա համարյա թե նույն բանն է լինելու, ինչ հանձնելը, որովհետև եթե այդ ձևաչափով արդեն չենք համաձայնվում, աշխարհն ասում է. «Դուք ոչ մի բանի չեք համաձայնվում»»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` այս սցենարին կարող է խանգարել Հայաստանում իշխանափոխությունը: Հենց Արցախի հարցում գա այս պահը, Հայաստանում իշխանափոխություն կլինի, և հենց սա է ֆորսմաժորը: «Ինչքան ես եմ լսել, օլիգարխների մի մասը նույնիսկ բանակցում է որոշակի պետությունների նախագահների հետ, որ եթե հանկարծ այնպիսի վիճակ ստեղծվի, և իրենք ստիպված լինեն, մեղմ ասած, լքել Հայաստանը, իրենց հետ չտան»,- ասաց Արամ Կարապետյանը` հավելելով, որ այդպիսի օլիգարխները քիչ չեն: Նրա համոզմամբ` Մինսկի խումբը վաղուց է ձևական կառույց դարձել և նրա համար է, որ այդ շրջանակում մարդիկ խոսեն, և հարցը պատերազմի չհասնի: Միաժամանակ Արամ Կարապետյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 17-ի հանրահավաքում արտահայտած այն դիտարկման հետ, որ Արցախի հարցը այժմ գտնվում է ռուս-թուրք-ադրբեջանական շրջանակում: «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ եթե գեոքաղաքական դաշտը փոխվել է, հիմա հարցը Ռուսաստանի ձեռքում է, ուրեմն պիտի գնալ, էն դաշտում փորձել հարց լուծել: Բայց փիլիսոփայության իմաստով ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը այդ խնդրից դուրս չի եկել, և հենց ԱՄՆ-ն է, Մեդվեդևի հետ պայմանավորված, փորձում Ռուսաստանի ճանապարհով այդ հարցերին տնօրինել»,- ասաց Արամ Կարապետյանը: Բանախոսի համոզմամբ` ազատագարված տարածքներ կատարվելիք դաշտային առաքելության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների վերջնական զեկույցը կախված կլինի նրանից, թե նրանք երկրներից որին են ուզում ինչ-որ բան պարտադրել: Եթե նրանք Հայաստանին են ուզում ճնշել, ապա կգրեն, որ ազատագրված տարածքներում խախտումներ են արձանագրել: Զեկույցը կարող է նաև չեզոք լինել: Օբամայի հետ Ալիևի հանդիպումից հետո Արամ Կարապետյանը կարծում է, որ զեկույցում Ադրբեջանին դեմ դրույթներ չեն լինի: Բանախոսը տարակուսում է, որ դաշտային առաքելության վերաբերյալ իշխանության ներկայացուցիչներն ասել են, թե մենք «հաղթանակ տոնեցինք»: «Շարմազանովն ասաց` մենք «հաղթանակ տոնեցինք»: Հիմա դուք ոնց էլ փորձեք հասկանալ` «հաղթանակը» որտեղ է, ձեզ կասեն. «Ո՞նց, հաղթանակ տոնեցինք, ուռա է պետք գոռալ», որ նա ՄԱԿ մտավ, եռանախագահողները համաձայնվեցին, որ դաշտային առաքելություն լինի, Ադրբեջանը, հասավ նրան, ինչին ուզում էր: Եվ դրանից հետո պարզվեց, որ մենք «հաղթանակ ենք տոնել»»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրան զարմացրել է նաև այն, որ Սերժ Սարգսյանը 2009 թ. շքանշան տվեց Միխայիլ Սահակաշվիլուն այն դեպքում, երբ Վրաստանը ուզում է կոնֆեդերացիա ստեղծել Ադրբեջանի հետ` ընդդեմ Հայաստանի: Վրաստանը նաև գլխավոր դերակատարություն ունի Կարս-Ախալքալաք երկաթգծի մեջ: Վրաստանի նախագահը նաև ասում է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաները պետք է հանել` որպես ժանգոտած երկաթ: «Դուրս է գալիս` Սահակաշվիլին մեր երկրի տեր ու տիրակալն է արդեն, և ամբողջությամբ մեր դեմ քայլ է անում: Այդ դեպքում ես չեմ հասկանում` ինչի մեդալը կախեցինք էդ մարդու դոշին»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` այժմ հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ռուսաստանն անհասկանալի քայլեր է անում: Մի կողմից երկարաձգում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը, մյուս կողմից C 300 հակաօդային պաշտպանության համակարգ է վաճառում Ադրբեջանին: Մի կողմից Ռուսաստանը պրոամերիկյան կուրս ունի, մյուս կողմից մերձենում է Չինաստանի հետ: Արամ Կարապետյանի համոզմամբ` հիմա Մեդվեդևը բոլորին ասում է այն, ինչ ուզում են լսել: Սակայն Կովկասում այդպիսի քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ, քանի որ պայթյունավտանգ և խիստ հակասական տարածաշրջան է, և ամեն մեկին իրեն ցանկալի բան ասելը ի վերջ կհանգեցնի լուրջ բախումների: Արամ Կարապետյանի խոսքերով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Իրան կատարած վերջին այցից հետո իրանցիներն ադրբեջանամետ են դարձել. հոկտեմբերին Ադրբեջան են պատրաստվում այցելել Իրանի նախագահը, Միլի մեջլիսի նախագահը, վարչապետը, հատուկ ծառայության ղեկավարը, թեև վերջինի այցի մասին դեռ ոչինչ չի ասվել: «Նալբանդյանի այցից հետո սկսվեց այդպիսի մի շարք` ադրբեջանամետ ուղղությամբ: Հիմա դա արդյո՞ւնք է, թե՞ դա առիթ եղավ` ես չգիտեմ: Հիշո՞ւմ եք` ասում էին «ազատ առևտուր է լինելու, հիմա մեծ վարկեր է տալու Պարսկաստանը»: Ոչինչ չեղավ»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ Ուզբեկստանը, որը ՀԱՊԿ անդամ է, ինչպես և Հայաստանը, Հայաստանի դեմ քայլ է անում: Ուզբեկստանը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել և թշնամական հայտարարություն արել, թե Հայաստանն իբր «օկուպացրել է» տարածքներ: «ՀԱՊԿ-ի նախագահ Մեդվեդևը, որը դեկտեմբերին նախագահությունը պիտի հանձնի Բելառուսին, պիտի՞ դրան ինչ-որ ձևով անդրադառնա, թե՞ չպիտի անդրադառնա: Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը նմանատիպ հարց դնել Մեդվեդևի առաջ, թե՞ ոչ: Դա հնարավո՞ր է ընդհանրապես: Մենք ինչ-որ հարց կարո՞ղ ենք ընդհանրապես դնել, թե՞ չէ»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ԱՄՆ-ի ազդեցության գոտում է, մեծ բիզնես ունի Իսրայելում և նրա վերոնշյալ ադրբեջանամետ դիրքորոշումը թելադրված են ԱՄՆ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter