HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՆԺԿ նախագահ. «ՆԺԿ-ի մեջ ամենամեծ քանակությամբ ԱԱԾ-ի ագենտուրա էր դրված»

«Նոր ժամանակները» չի անդամակցելու ՀԱԿ-ին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ինքնուրույն մասնակցելու է առաջիկա ընտրություններին, լինեն դրանք արտահերթ, թե հերթական: Այս մասին Արամ Կարապետյանն ասաց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բոլոր ընտրություններին պատրաստվում եմ մասնակցել: Եթե վաղը հենց եղան ընտրություններ` ես արդեն պատրաստ եմ թե ծրագրերով, թե թվերով, թե փաստերով: Օրինակ` ձեզ հետաքրքիր չէ՞` նախարար եղած մարդը ոնց կարող է սեփական ճոպանուղի ունենալ: Սեփական ճոպանուղով իրեն տանում-բերում են, երբ, ասենք, Ծաղկաձորում է լինում»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա համոզմամբ` Հայաստանում ընտրության միջոցով այսօրվա իշխանությանը փոխել հնարավոր չէ: «Եկանք-հասանք հերթական ընտրություններին` միևնույն է` ստիպված ենք լինելու այդ ընտրություններից հետո հեղափոխական ճանապարհով գնալ»,- ասաց Արամ Կարապետյանը: Միաժամանակ ՆԺԿ նախագահը կարծում է, որ ընտրություններին մասնակցելը անիմաստ չէ, քանի որ ընտրությունները պետք է օգտագործել` հետագայում իրավիճակը փոխելու համար, և հետխորհրդային տարածքում բոլոր նարնջագույն հեղափոխությունները եղել են ընտրություններից հետո: «Ես ձեզ խոստանում եմ, ես կասեմ` ում ինչքան փող են տվել, որ ընտրությունները ոնց անցնեն, ով է կաշառվել Եվրոպայից, ով է կաշառվել Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից և այլն: Կգա ժամանակը, կունենաք հեռուստակայան, էսպես չի լինի, ամեն ինչ կասեմ, և տեսնենք, թե դեմոկրատիա հորջորջողները ոնց են արել, ոնց են էդ 10 մարդու արյունը ծախել»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` Հայաստանում կան բոլոր օբյեկտիվ պայմանները` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Սակայն չկան սուբյեկտիվ պայմաններ, որոնք ոչ պակաս անհրաժեշտ են` միակամ քաղաքական ուժ, խարիզմատիկ առաջնորդ, հասարակության հավատի վերականգնում և ամենակարևորը` քաղաքական պահ, որն անվանում են ֆորսմաժորային իրավիճակ: «Այդ սուբյեկտիվ պայմանները երբ կստեղծվեն` կախված է մեզանից և մի քիչ էլ` ստեղծված իրավիճակից: Եթե կլինեն այս սուբյեկտիվ պայմանները, ես կասկած չունեմ, որ լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանությունը «держится на честном слове Медведева»: Որևէ այլ ռեալ գործոն գոյություն չունի»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ ՆԺԿ-ն ՀԱԿ-ին չի անդամակցելու, քանի որ ի սկզբանե համամիտ չէ աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետներին (իսկ ներքաղաքական հարցերում համամիտ է): Սակայն ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ մասնակցելու է բոլոր ընդդիմադիր նախաձեռնություններին: Առհասարակ ՆԺԿ-ն պատրաստ է համագործակցել երկրի բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: Արամ Կարապետյանի խոսքերով, ՆԺԿ-ն միացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելու ՀՅԴ-ի նախաձեռնությանը, քանի որ դա ընդդիմադիր նախաձեռնություն էր, թեև դա անհասկանալի նախաձեռնություն էր, և տրամաբանական կլիներ նախագահի հրաժարականը պահանջելը: «Ես ընդդիմադիր բոլոր հարթակներից պատրաստ եմ ելույթ ունենալ: Բա ընդդիմությունը ինչի՞ համար է: Խելոք ընդդիմությունը ինչքան հնարավոր է քաղաքական դաշտը կսարքի ընդդիմադիր, որ մեծացնի իր զանգվածը առաջին հերթին քաղաքական դաշտում, երկրորդ հերթին` դրա միջոցով հասարակությունում: Մեր խնդիրն է հիմա շատ լայն ընդդիմադիր ճակատ ստեղծելը, որը մինչև ընտրությունները գործ ունի: Ընտրությունների ժամանակ, արդեն որ ցուցակները սկսեն կազմվել, արդեն նշանակություն չի ունենա` ով որ ցուցակում է, որովհետև ընտրությունները անցնելու են նույն ձևով»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ ընդդիմությանը չի հաջողվում լայն ճակատ ստեղծել` ասելով, որ, օրինակ, անկախ նրանից ՀՅԴ-ին «նշանակե՞լ են» ընդդիմություն, թե՞ ոչ, ՀՅԴ-ի շարքերում այսօր կան հազարավոր մարդիկ, որոնք իրավամբ ընդդիմադիր են: Առհասարակ այժմ երկրում քաղաքական դաշտն ավելի ընդդիմադիր է դառնում: ՆԺԿ նախագահի համոզմամբ` Հայաստանում կուսակցական համակարգը շատ աղավաղված է, կուսակցականները անընհատ դեգերումների մեջ են, իշխանությունը կարողացել է աշխատանք տանել կուսակցությունների վերնախավերի հետ: Մարդիկ այլևս չեն հավատում, թե ընդդիմադիր կամ իշխանական կուսակցական համակարգերը իրենց դերը մինչև վերջ կկատարեն: Երբ լրագրողներն ասացին, որ «Սարդարապատ» շարժումն էլ է նմանատիպ կարծիք հայտնում, և հնարավո՞ր է, որ ՆԺԿ-ն կանգնի «Սարդարապատի» կողքին` Արամ Կարապետյանն ասաց. «Ոչ մեկին ոչ մեկի կողքին պետք չէ կանգնեցնել: Վերջում բոլորը իրար կողք են կանգնելու: Ապագայում արդեն հարցը լուծելու է ոչ կուսակցական համակարգը, ոչ միավորման: Պիտի ստեղծվի մի ինչ-որ նոր բան, որը ուղղակիորեն կլինի ինքը և հասարակությունը: Կուսակցական համակարգը` որպես այդպիսին, Հայաստանում արդեն չի աշխատում ամբողջությամբ նույնիսկ իշխանական կոալիցիայում: Ես լիովին համոզված եմ` եթե այդ կուսակցությունները իշխանական լծակներ չունենան, հաջորդ օրը կեսից ավելին չի նա»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ Հայաստանում իրավամբ ընդդիմադիր են մնացել միայն անհատները: Մարդը կարող է լինել ինտելիգենտ, բայց որևէ կուսակցության չհարել, և պետք է ձևավորել այդպիսի անհատների կառույց: Արամ Կարապետյանի կարծիքով` ՀԱԿ-ի հանրահավաքներին գնացող մարդկանց լավագույն դեպքում կեսն է կուսակցական: «Դրա համար «Ղարաբաղ» կոմիտեն իզուր չէր այն ժամանակ շատ խելացի մտածված. չկար կուսակցականություն, բայց կարողացան հասարակության հետ աշխատել: Բայց եթե վերցնեք մի ամբողջական կուսակցական համարգ, և ասեք` այս կուսակցությունը ամբողջությամբ ընդդիմադիր է, այդպես չէ»,- ասաց Արամ Կարապետյանը: Երբ լրագրողները հարցրին, թե արդյոք ՆԺԿ-ն ևս ամբողջությամբ ընդդիմադիր չէ` կուսակցության նախագահը պատասխանեց. ««Նոր ժամանակների» մեջ ամենամեծ քանակությամբ ԱԱԾ-ի ագենտուրա էր դրված: Բայց ի տարբերություն մնացածի` մենք չենք քնել, ազատվել ենք»: Այնուամենայնիվ, անգամ այս դեպքում ՆԺԿ-ի գոյությունը նա ավելորդ չի համարում, քանի որ կուսակցական մեխանիզմը իրավաբանորեն հնարավորություն է տալիս մասնակցել երկրի կառավարման տարբեր գործընթացների: Բացի դրանից` կուսակցությանը կարող է դառնալ անհատների հավաքող, որոնք հետո վերջնականապես դուրս կգան կուսակցական համակարգից: «Դուք շուտով կտեսնեք, որ «Նոր ժամանակների» ունեցած պոտենցիալ հնարավորությունները` ֆինանսական և այլն, կարող են հիմք ծառայել այդ հավաքը կազմակերպելու համար: Հայտարարություններ պիտի արվեն, մարդիկ պիտի գան: ՀԱԿ-ը ճիշտ արեց. ինքը կուսակցությունների հրավիրեց և կազմեց կառույց, բայց դրանից զատ` հիմա, ուզի թե չուզի, աշխատում է հասարակության հետ: Այսինքն` ինքը հո կուսակցականներին չի՞ բարձրացնում, ինքը հասարակությունն է բարձրացնում հեղափոխական շարժման»,- ասաց Արամ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter