HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ ոլորտում տարածաշրջանային կենտրոն

Աստղադիտարանում անցկացված միջազգային դպրոցին ռեկորդային թվով երկրներ են մասնակցել

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացվել է Երիտասարդ աստղագետների 32-րդ միջազգային դպրոցը (երիտասարդ աստղագետների հավաք): Հայաստանը հետխորհրդային երկրներից առաջինն է, որտեղ նման դպրոց է անցկացվում:

Միջազգային դպրոցին մասնակցել է 32 երիտասարդ աստղագետ արտասահմանից և ամենամեծ թվով (18 հոգի) աստղագետներ` Հայաստանից: Այսպիսի դպրոցներ Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) կազմակերպում է 1960-ականներից: Հիմա դպրոցները անցկացվում են կանոնավոր` ամեն տարի: Բյուրականում անցկացված դպրոցին մասնակցել են ուսանողներ ռեկորդային թվով` 19 երկրից (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սերբիա, Ալբանիա, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Իրան, Եգիպտոս, Հնդկաստան, Թուրքիա և այլն): Ընդհանուր առմամբ դպրոցին մասնակցել է 21 երկիր, քանի որ ևս 2 երկրից` ԱՄՆ-ից ու Բելգիայից էլ դասախոսներ են եղել: «Նրանք ընտրյալ ուսանողներ էին: Մենք ընտրել էինք 117 դիմումից 32-ը, այսինքն` շատ խիստ մրցակցություն էր: Առաջիկայում մեծ մասը կդառնա լավ աստղագետ: Եվ լինելով լավ գիտնականներ և արդեն ունենալով լավ տրամադրվածությունը` դեպի Հայաստանը, Բյուրականի աստղադիտարանը` կարծում եմ, որ դա պոտենցիալ ապահովում է ապագա համագործակցությունը»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի կազմկոմիտեի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Դպրոցի շրջանակներում աստղագիտության բնագավառի համաշխարհային հռչակ ունեցող մասնագետները դասախոսություններ են կարդացել ուսանողների համար: Արեգ Միքայելյանը կարևորեց, որ այս կապակցությամբ Հայաստան է եկել ՄԱՄ-ի նախագահ Ռոբերտ Ուիլյամսը: (ՄԱՄ-ի նախագահն ընտրվում է 3 տարին մեկ: 1961-64 թթ. ՄԱՄ-ի նախագահ է եղել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ինչը բացառություն է, քանի որ Սառը պատերազմի ժամանակ գրեթե բացառվում էր, միջազգային աստղագիտական այդ բարձրագույն կառույցը ղեկավարեր ԽՍՀՄ-ից որևէ գիտնական): Բյուրականում անցկացված դպրոցի շրջանակներում կազմակերպվել են նաև գործնական պարապմունքներ, դիտումներ: «Մենք ցերեկը, երբ աստղեր չեն երևում, կազմակերպեցինք դիտումներ: Օն-լայն ռեժիմով` ինտերնետով պարզապես կապ պահպանելով, բայց ղեկավարելով դիտակը` մենք Հավայան կղզիների, ինչպես նաև Ավստրալիայի 2 մետրանոց դիտակով դիտումներ կազմակերպեցինք: Ուսանողը, նստելով համակարգչի առաջ, կարող էր ծրագիրը աշխատեցնել և դիտակը ուղղել երկնքի համապատասխան աստղին, որն ուզում էր դիտել: Դա առաջին դեպքն էր Հայաստանում, ընդհանրապես դա բացառիկ բան է, և նույնիսկ աշխարհում այդքան էլ ընդունված չէ հեռահար դիտումներ կատարել»,- ասաց Արեգ Միքայելյանը: Նրա խոսքերով` այս դպրոցին մասնակցելը մեծ հնարավորություն էր հայ ուսանողների համար, քանի որ այլ դեպքերում իրենք հազիվ են հաջողում, որ հայաստանցի մեկ ուսանող մասնակցի միջազգային որևէ նման իրադարձության: Դպրոցին մասնակցած հայաստանցի աստղագետներից մի քանիսը Բյուրականի աստղադիտարանի աշխատողներ են, մի քանիսը մագիստրոսներ են: Ի տարբերություն այլ երկրների` Հայաստանից բացառության կարգով դպրոցին մասնակցելու են հրավիրվել նաև բակալավրիատի ուսանողներ: Երիտասարդ աստղագետների 32-րդ միջազգային դպրոցը ֆինանսավորել է ՄԱՄ-ը. այն հոգացել է բոլոր մասնակիցների ճանապարհածախսը (36.000 դոլար): Դպրոցը ֆինանսավորել են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն, Գիտության պետական կոմիտեն, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը, Գիտությունների ազգային ակադեմիան և այլն: «Արդեն խոսակցություն կա, որ 2014 թ.-ին նույնպես հնարավոր է, որ Հայաստանում անցկացվի այսպիսի դպրոց: Դա կլինի արդեն հերթական 36-րդը: Եվ ՄԱՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները այդ հարցը շատ լուրջ դիտարկում էին, որ այսուհետև եթե այս տարածաշրջանում է անցկացվում, ցանկալի կլինի Հայաստանում անցկացնել»,- ասաց Արեգ Միքայելյանը: ՄԱՄ-ի նախագահ Ռոբերտ Ուիլյամսը նշել է, որ Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը կարող է մեծ նշանակություն ունել Հայաստանի համար աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դառնալու գործում: Արեգ Վարդանյանի խոսքերով` Բյուրականի աստղադիտարանը հայտ է ներկայացրել ՄԱՄ-ին` աստղագիտության տարածաշրջանային կենտրոն ընտրվելու համար: Վերջերս ՄԱՄ-ը հռչակել է առաջիկա տասնամյակում համաշխարհային աստղագիտության զարգացման ռազմավարական ծրագիրը: Ըստ այս ծրագրի բաժանման` աշխարհը ներկայացվում է 8 տարածաշրջանով. Հայաստանն ընդգրկված է մեկ տարածաշրջանում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրների հետ: Այս տարածաշրջանից 8 հայտ է ներկայացվել ՄԱՄ-ին` աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դառնալու դիմումով: Թե ով է մրցակցում Հայաստանի հետ` գաղտնի տեղեկատվություն է: Սակայն ՄԱՄ-ի ղեկավարների հետ շփվելով` Արեգ Միքայլեյանը պարզել է, որ տարածաշրջանից դիմել են նաև Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ): Առաջիկա ամիսներին ՄԱՄ-ի գործադիր կոմիտեն իր նիստում կորոշի, թե 8 հայտից որը հավանության կարժանանա: Տարածաշրջանային կենտրոն դառնալը կապված է նրանից, թե ինչ արժեք ունի տվյալ հայտը ներկայացնող աստղագիտական ընկերությունը: «Այդ առումով գնահատում են, որ այս տարածաշրջանում Բյուրականի աստղադիտարանը իսկապես առաջատար է աստղագիտության մեջ. և մեծ դիտակ ունենք, և աստղագետներ, և ավանդույթներ, փորձ ունենք»,- ասաց Արեգ Միքայելյանը: ՄԱՄ-ը լրացուցիչ ֆինանսավորում (տարեկան առավելագույնը 50.000 դոլար) կտրամադրի աստղագիտության տարածաշրջանային կենտրոն ընտրված երկրին` աստղագիտական ծրագրեր իրականացնելու համար: Սակայն երկրորդ հանգամանքը ևս կա. ՄԱՄ-ը շահագրգռված է, որ հայտ ներկայացնող երկիրն ինքն էլ ներդրուներ անի աստղագիտության ոլորտում: Տեղական ողջ ֆինանսավորումը Հայաստանն ինքը պետք է հոգա: «Մենք դրա մասին արդեն նախնական զրույց ունեցել ենք մեր Գիտության պետկոմիտեի նախագահի հետ, և Բյուրականի աստղադիտարանն ինքը կապահովի աշխատասենյակ, համակարգիչներ և այլն, բայց ընթացիկ գործունեության համար ֆինանսաները շատ կարևոր են»,- ասաց Արեգ Միքայելյանը: Նա հավելեց, որ Հայաստանի մրցակիցներից և Իրանը, և Եգիպտոսը, և ԱՄԷ-ն շեշտը դնելու են աստղագիտության բնակավառում ներդրումներ անելու պատրաստակամության վրա: Օրինակ` ԱՄԷ-ն այժմ մեծ գումարներ է ներդնում իր թույլ զարգացած աստղագիտությունը խթանելու համար և պատրաստ է 1 մլն դոլար տրամադրել այդ գործին: Սա գայթակղիչ է ՄԱՄ-ի համար, որը կարող է հավանության արժանացնել հենց ԱՄԷ-ի հայտը: «Հայաստանի խաղաքարտն այն է, որ մենք ունեցել ենք լավ աստղագիտական դպրոց: Մենք պետք է օգտագործենք այն, ինչ ռեալ ունենք: Նոր` զրոյից ինչ-որ բան զարգացնելը մի հարց է, բայց կարծում եմ, որ շատ խելացի կլիներ ունեցածը ճիշտ ձևով ներկայացնելը և այդ խաղաքարտից օգտվելը»,- ասաց Արեգ Միքայելյանը: Բյուրականի աստղադիտարանը կառուցվել է Խորհրդային Միության օրոք: Աստղադիտարանի կադրերի մի մասը լքել է Հայաստանը, սակայն մի մասը շարունակում է աշխատել տեղում: Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին` Արեգ Միքայելյանն ասաց, որ Ադրբեջանը շատ թույլ է աստղագիտությունից: Վրաստանում այս գիտությունն այժմ խեղճ վիճակում է, բայց փորձում են վերականգնել նախկին ավանդույթները: Թուրքիան լուրջ գումարներ է ներդնում աստղագիտությունը զարգացնելու համար, նույնիսիկ վերջերս ազգային աստղադիտարան է սկսել կառուցել: «Սրանից 20 տարի առաջ այդ բոլոր երկրներում աստղագիտությունը հիմնականում զրո մակարդակի վրա էր»,- ասաց Արեգ Միքայելյանը: Նրա գնահատմամբ` աստղագիտությունը էկզոտիկ գիտություն է. աշխարհում շատ երկրներ ընդհանրապես չունեն աստղագիտություն: Օրինակ` նույնիսկ Պորտուգալիայի ու Բրազիլիայի նման երկրները 20 տարի առաջ ընդհանրապես աստղագիտություն չունեին: Բայց այժմ, երբ աշխարհը զարգանում է, և որոշ գումարներ են ազատվում, երկրները սկսում են ներդրումներ անել արվեստի, գիտության, այդ թվում նաև աստղագիտության բնագավառում ու զարգացնել այն: «Կարծում եմ, որ աստղագիտությունը Հայաստանում իսկապես կարևորագույն բնագավառներից մեկն է: Եվ զարմանալի է` նույնիսկ մինչև հիմա, այդքան դժվար պայմաններում լինելով հանդերձ` եթե համաշխարհային կտրվածքով նայենք, ես կասեի` Հայաստանն աշխարհում առաջին 20 երկրների մեջ կլինի աստղագիտության զագացմամբ, որը բարձր ցուցանիշ է»,- ասաց Արեգ Միքայելյանը` հավելելով, որ տնտեսության և շատ այլ ցուցանիշներով Հայաստանն աշխարհի երկրների շարքում լավագույն դեպքում 100-րդ տեղում է: Արեգ Միքայելյանի խոսքերով` Հայաստանում աստղագիտության բնագավառում պետական քաղաքականություն` որպես մշակված համակարգ, չկա, սակայն կան բարի մտադրություններ: Նախագահն ու վարչապետը վերջերս հաճախ են ասում, որ իրենք լուրջ նշանակություն են տալիս աստղագիտության զարգացմանը: «Ես ինքս առաջ այդ խոսքերին շատ թերահավատ էի վերաբերվում, որովհետև միայն խոսքեր էի համարում: Այսօր կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ նույնիսկ եթե երկրի նախագահն ասում է (թեկուզ ոչինչ էլ չանի այդ ուղղությամբ այս պահին), ասելը արդեն շրջապատի մարդկանց, գուցե պոտենցիալ հովանավորներին տրամարում է այդ ուղղությամբ»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter