HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Չշփոթեք պետական վիճակագրությունը սոցոլոգիայի հետ

Ստեփան Սաֆարյանի խորհուրդն է Վերլուծական շրջանակներում երբեմն նշվում է, որ «Ժառանգությունն» աստիճանաբար կորցնում է ընտրազանգվածը եւ հաջորդ խորհրդարանում կուսակցությունն այլեւս տեղ չի ունենա: Ընդ որում` նման գնահատականներ հնչում են թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտից: «Հայելի» ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ժառանգականներն անդրադարձան նաեւ վերոնշյալին: «Նման վերլուծություններ, խորքային մեկնաբանություններ, իրավիճակային թռիչքներ ես արդեն 20 տարի լսում եմ: 20 տարի է, որ ես վերադառնում եմ Ամերիկա, 20 տարի է, որ մենք պատմությունից դուրս ենք գրվել, բայց, չգիտեմ ինչու, «Ժառանգությունը» մնում է մարդկանց ուշադրության կենտրոնում,- ասում է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը,- իհարկե, հարգում եմ այդ տեսակետը: Հնարավոր է, որ նման տեսակետ արտահայտողներն իրենք են ուզում մտնել քաղաքական դաշտ` որպես ավելի «նոր» հոսանքի ներկայացուցիչներ: Իրենց բարի երթ, բարի գալուստ եմ մաղթում, սիրով կմրցակցենք, կբանավիճենք եւ կտեսնենք, թե առաջիկա քաղաքական գործընթացներում` կոնկրետ ընտրություններում, մեր հասարակությունն ինչպես է գնահատում թե իրենց, թե մեզ»: Կուսակցության առաջնորդի խոսքերով` «Ժառանգությունն» անցել է մեծ դպրոց, հասարակությունից չի թաքցրել իր սխալներն ու թերությունները եւ իր թափանցիկությամբ, հետեւողականությամբ ու շիտակությամբ ժողովրդին տեւապես «ներկայացրել է իր ճիշտը»: Ուստի, «կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա կգնահատի ոչ միայն ընտրությունների, այլ մինչ ընտրական շրջանում»,- ասում է Ր. Հովհաննիսյանը: «Որեւէ մեկը հավատո՞ւմ է այդ սոցիոլոգներին ու վերլուծություններին»,- հարցնում է Ռուբեն Հակոբյանն ու նշում, թե մի կողմից իշխանական ուժերի պատվերով սոցոլոգիական հարցումներ իրականացնողներն առաջին տեղը տալիս են իշխանական ուժերին, մյուս կողմից ՀԱԿ-ը, որ երբեմն նույնպես անցկացնում է նմանատիպ հարցումներ, առաջինի տիտղոսը վերապահում է իրեն. «Մենք չենք անցկացնի (նման հարցումներ) եւ չենք ուզում մեծ-մեծ բաներ ասել, ամպագոռգոռ խոսքեր ասել: Ուղղակի կասեմ, որ այսօր «Ժառանգությունը» միասնական է, որեւէ պրոբլեմ չունի»: Ռ. Հակոբյանի խոսքերով` մեր քաղաքական դաշտի յուրահատկությունն այն է, որ առկա է մեծ չարություն, եւ մարդիկ կան, որ նոր ուժի անվան տակ ուզում են մտնել քաղաքական դաշտ, բայց դա անում են մտնելով սխալ դռնից, երթիկից կամ պատուհանից. «Ուզում են ոչնչացնել ամբողջ քաղաքական դաշտը, ասել` չկա, ձեր փրկությունը մենք ենք, մյուսները գոյություն չունեն: Իսկապես բարի երթ, իսկապես սիրով կմրցակցենք, կհամագործակցենք, բայց խորհուրդ կտայի այդքան մեծամիտ եւ չար ձեւով չմտնել քաղաքական դաշտ»: ԱԺ-ում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սավարյանն էլ խորհուրդ է տալիս պետական վիճակագրությունը չշփոթել սոցոլոգիայի հետ. «Եվ պետական պատվերն ամենեւին հասարակական պատվերի հետ երբեւիցե կապ չի ունեցել եւ այսօր էլ չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter