HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քննիչներին դատարանը կհարցաքննի՞

Անցյալ տարվանից Կենտրոնի դատարանը քննում է Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի հերթական գործը, որով ամբաստանվում են 4 հոգի` Ագապի Ասոյան, Հասմիկ Քարամյան, Ալեքսան Կիրակոսյան եւ Գայանե Մելքոնյան:

Գործի առանցքը հիմնականում պտտվում է հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանի շուրջ, որը տարիներ շարունակ հայ կանանց Թուրքիայում ենթարկել է սեռական շահագործման: Սակայն վերջինս ամբաստանյալների շարքում չէ. նրա նկատմամբ դեռ 2003 թ. հայտարարվել է հետախուզում: Ամբաստանյալ Ալեքսան Կիրակոսյանը կավատ Գոհարի հարազատ եղբայրն է: Ըստ մեղադրանքի՝ վերջինս քրոջ հետ նախնական համաձայնությամբ այստեղ աղջիկներ է հավաքագրել եւ ուղարկել Թուրքիա: Մեղադրանքի հիմքում դրվել է նաեւ մյուս ամբաստանյալի՝ Հասմիկ Քարամյանի ցուցմունքը, որը նախաքննության ժամանակ, Ալեքսանից բացի, մեղադրող ցուցմունքներ է տվել նաեւ վանաձորցի Ռուզանի, նույն ինքը՝ Ագապի Ասոյանի դեմ, ըստ որի՝ վերջինս 2 գյումրեցի աղջկա տարել է Թուրքիա ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: Սակայն նախորդ նիստի ժամանակ Հասմիկ Քարամյանը դատարանում հայտարարեց, թե նման բան չի եղել, ինքն իմացել է, որ Գոհարը եղբայր ունի, բայց նրան չի ճանաչել ու երբեւէ չի լսել, որ վերջինս աղջիկներ է ուղարկել քրոջը: Ինչ վերաբերում է Ագապի Ասոյանին, ապա տեղեկություն, թե այս կինն ինչ-որ աղջիկների ենթարկել է սեռական շահագործման, չի ունեցել, պարզապես Ագապիին Թուրքիայում 1-2 անգամ տեսել է Գոհարի սրճարանում. «Եկել կոֆե է խմել ու գնացել»: Այդ դեպքում ինչո՞ւ եք սուտ ցուցմունք տվել ու անմեղ մարդկանց մեղադրել: Դատավոր Գագիկ Ավետիսյանի հարցին ի պատասխան՝ Հասմիկն ասաց, թե փորձել է «փրկել սեփական կաշին»: «Որովհետեւ, երբ ինձ հարցաքննում էին, ընկերուհիս՝ Անժելա Գյուրջյանը, դատվում էր: Իմ ախպոր երեխան դուրսը սպասում էր, քննիչ Հակոբյանն ասում էր՝ եթե չգրես, երեխային կտանենք, քեզ էլ կկորցնեմ, կդատեմ, կտանեմ ընկերուհուդ կողքը կնստես: Եթե գրես, կգնաս տուն: Ես էլ վախեցել եմ: Ինչի՞ պիտի ուրիշի համար դատվեմ: Դրա համար էլ գրել եմ ու գնացել տուն»,- նշեց Հասմիկ Քարամյանը: Նա առաջին անգամ քննիչ Ա. Հակոբյանի մոտ իբրեւ վկա ցուցմունք է տվել 2007 թ. հունիսին: Սակայն մոտ 2 տարի անց արդեն որպես մեղադրյալ հարցաքննվել է մեկ այլ քննիչի՝ Նաիրի Ղալումյանի մոտ ու դարձյալ պնդել իր նախկին ցուցմունքները: «Ուրեմն ինչո՞ւ մյուս քննիչին չեք պատմել ճշմարտությունը, առավել եւս, որ արդեն վկա չէիք»,- հարցրեց մեղադրող-դատախազ Վոլոդյա Հովհաննիսյանը: «Ես կարող եմ Նաիրիի երեսին էլ ասել, որ ինքը 2007-ի իմ ցուցմունքից էր ասում` սենց գրիր, ես էլ գրել եմ: Նույն ձեւով էլ ինքն է ինձ խաբել: Ասում էր` գրիր, որ քեզ փաստաբան պետք չի, որ էս գործը շուտ պրծնի ու գնաս տուն: Ասում էր՝ քեզ 0-ից 3 տարի է հասնում, դու գրավով դուրս ես գալու: Հետո՝ կալանքի սանկցիայի ժամանակ, իմացել եմ, որ իմ վրա 7-ից 10 տարվա հոդված են դրել»,- ասաց Հասմիկը եւ ավելացրեց, թե գյուղում, որտեղ հարս է գնացել, քննիչներն իրեն «գյուղսովետով խայտառակ են արել»՝ հաճախակի այցելություններով եւ ուղարկված ծանուցագրերով: Դատավորն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ժամանակին կատարվածի՝ ստիպողաբար ցուցմունք գրելու կապակցությամբ չի դիմել իրավապահներին: «Որովհետեւ մեջքիս մարդ չկա կանգնած»,- նշեց Հասմիկ Քարամյանն ու հավելեց, որ եթե բողոքեր, իրեն պարզապես ավելի ծանր հոդվածով կմեղադրեին: Ի պատասխան՝ դատավորը նկատեց. «Անհասկանալի բաներ եք ասում»: Ինքը՝ Հասմիկ Քարամյանը, մեղադրվում է նրանում, որ երկու աղջիկների շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել եւ ուղարկել է Թուրքիա՝ դարձյալ կավատ Գոհարի մոտ: Բացի դրանից, նախաքննության ժամանակ նա պատմել է, որ 2003-2006 թթ. Տրապիզոնում Գոհար Կիրակոսյանը վերցրել է իր անձնագիրն ու պարտադրել շատ հաճախորդների հետ ունենալ սեռական հարաբերություններ: Կավատը իրեն եւ մյուս աղջիկներին սպառնացել է իր թուրք ամուսնու՝ Ալիի միջոցով (որին մաֆիոզ են ասել եւ մոտը միշտ զենք է ունեցել) ծեծել, թույլ չտալ վերադառնալ Հայաստան կամ էլ ետ ուղարկել առանց գումարի: «Վիզայի վավերականության ժամկետը երկարացնելիս մաքսակետում վրացի Ռուսլանը մեզ հետեւում էր, որ չփախչենք: Բացի այդ, Գոհարը կապեր ուներ նաեւ Հայաստանում»,- գրել է Հասմիկը: Նա պատմել է, որ, ի վերջո, Գոհարը յուրացրել է մարմնավաճառությամբ վաստակած իր 15 հազար դոլարը, մոտ 5000 դոլար արժողությամբ ոսկյա զարդերը եւ 2000 դոլարի հագուստները: 2006 թ. մարտին, վերադառնալով Հայաստան, հեռախոսով Գոհարից պահանջել է ետ տալ իր ունեցվածքը, բայց սկզբում նա մերժել է, իսկ 2008 թ. խոստացել է դա անել, եթե ինքը կրկին մեկնի Թուրքիա: Այնուհետեւ համաձայնության են եկել, որ ինքը չի գնա, բայց փոխարենը ուղարկի 2 աղջկա, Գոհարն էլ դրա դիմաց ետ կտա իր ունեցվածքը: Հասմիկը դատարանում ընդունեց, որ հիշյալ աղջիկներին ուղարկել է Գոհարի մոտ, սակայն պնդեց, թե նրանց չի խաբել, եւ վերջիններս շատ լավ իմացել են, որ այնտեղ զբաղվելու են մարմնավաճառությամբ: Իսկ իր շահն այն էր, որ մտածել է՝ «համ աղջիկների համար լավ կլինի, համ իր վեշերը տեղ կհասնեն», որոնց համար «էդքան տանջվել է»: «Ես չեմ շահագործվել Գոհարի կողմից: Անձնագիրս չի վերցրել: Եթե մոտս չլիներ, չէի կարող վերադառնալ Հայաստան: Ես ինքս եմ վերադարձել»,- հայտարարեց Հասմիկը եւ մանրամասնեց, թե նախաքննության ժամանակ շահագործում ասելով նկատի է ունեցել այն, որ Գոհարը չի վերադարձրել իր գումարը, ոսկեղենն ու հագուստները: Իր խոսքում նա նաեւ նշեց, թե Գոհարի դեմ ցուցմունք կտար, քանի որ վերջինիս ճանաչել է, նրա հետ աշխատել է, իսկ ահա Ալեքսան Կիրակոսյանի եւ Ագապի Ասոյանի դեմ ոչինչ չէր ասի, քանի որ նրանց չի էլ ճանաչել: Ասվածի տրամաբանությունը Հասմիկն այդպես էլ չկարողացավ բացատրել: Պաշտպան Անժելա Հոբոսյանը սկզբում միջնորդեց Հասմիկ Քարամյանի նախաքննական ցուցմունքները համարել անարժանահավատ, այնուհետեւ փոխեց միջնորդությունը եւ դատավորին խնդրեց քննիչներ Ա. Հակոբյանին եւ Ն. Ղալումյանին հրավիրել դատարան ու հարցաքննել: Մեղադրող-դատախազը քննիչ Ա. Հակոբյանին դատարան կանչելու առնչությամբ առարկություն ներկայացրեց, իսկ Նաիրի Ղալումյանի մասով ոչինչ չասաց: Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter