HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հեռացված երկու սաները վերադարձել են Հնդկաստան

Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Կալկաթայի հայ համայնքի համար հյուրասիրություն էր կազմակերպվել:

Այն նույն ժամանակ, երբ ճեմարանականները եւ հյուրերը` ՀՀ դեսպան Արա Հակոբյանի մասնակցությամբ, ճաշի սեղանների շուրջ նշում էին անկախության տոնը, մի հայ երիտասարդ` ձեռքին Հայոց եռագույնը, շրջում էր Կալկաթայի փողոցներում: Երիտասարդը այս տարվա օգոստոսին ճեմարանից հեռացված երկու սաներից մեկն էր` Կարեն Մկրտչյանը: Կարենը այդպես էր տոնել Հայաստանի անկախության օրը: 

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցած վերջին դեպքերը հասարակական լայն քննարկումների առարկա դարձան: Տեղի ճգնաժամային իրավիճակին, ի վերջո, անդրադարձավ նաեւ Մայր Աթոռը, որի հովանու տակ է ճեմարանը: Հացադուլ հայտարարած աշակերտները համաձայնվեցին դադարեցնել այն, երբ իմացան, որ իրավիճակը կարգավորելու համար Հնդկաստան է ուղեւորվել Տեր Կտրիճ քահանա Դեւեջյանը` Ամենայն Հայոց Հայրապետի օգնականը: Տեր Կտրիճի այցելությունից մեծ սպասելիքներ ունեցող աշակերտները հուսալքվեցին, երբ նրանց հայտարարվեց. «Կամ մնում եք, կամ էլ` հեռանում, ձեզ ոչ ոք չի պահում»:

Որոշումը կայացվեց` ճեմարանի երկու սաները հեռացվեցին: Վերադառնալով Հայաստան` եւ «Շանթ» հեռուստաընկերությամբ պարզաբանումներ տալով` քահանան այդպես էլ չներկայացրեց ճեմարանում ստեղծված ճգնաժամի իրական պատճառները:

Տեր Կտրիճը խոստացել էր վերադառնալուց հետո պարզաբանումներ տալ «Հետքին», բայց մեզ այդպես էլ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ: Ճեմարանում ծավալված իրադարձություններին հետեւողները նկատած կլինեն, որ ճեմարանում ստեղծված ճգնաժամի «մեղավորներ» համարվեցին Անդրանիկ Գեւորգյանը եւ Հայկ Պողոսյանը, սակայն ճեմարանից վտարվեցին Անդրանիկ Գեւորգյանը եւ Կարեն Մկրտչյանը:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը ոստիկանների օգնությամբ եւ հոգեւոր վերնախավի աջակցությամբ ոչ միայն կարողացավ պաշտպանել իր «վիրավորված» ինքնասիրությունը, այլեւ այնպիսի խնդիրներ լուծեց, որոնց համար արդեն երկար ժամանակ չէր կարողանում առիթ գտնել: Կառավարիչը հասավ նրան, որ եկեղեցական վարչությունը դադարեցրեց Կարեն Մկրտչյանի հովանավորությունը, եւ հատուկ որոշմամբ երիտասարդին պարտադրվեց վերադառնալ Հայաստան: Թե ինչու՞ Հայկին փոխարինեց Կարենը, կարծես ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց:

Առայսօր էլ պարզ չէ, թե դա ինչպես տեղի ունեցավ: Չգիտես ինչու, Հայր Խորենին թվում էր, թե «Հետքին» տեղեկություններ տվողը Կարենն է, եւ որոշվեց Հայկի փոխարեն պատժել նրան: Կալկաթայի Հայոց եկեղեցու վարչությունը Հայր Խորենին իր հավատարմությունը հայտնելու համար պատրաստ էր հրաժարվել այդ տղաների ուսման ֆինանսավորումից այն դեպքում, երբ որեւէ բողոք կամ դժգոհություն չկար «Lamartine» ուսումնական հաստատությունից, որտեղ տղաները ուսանում էին:

Կարենը եւ Անդրանիկը վերադարձան Հայաստան` ետդարձի հույսով: Տղաների հարազատներն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե դպրոցի երկու լավագույն աշակերտներն ինչպես դարձան անհնազանդ... Տղաներին աջակցության ձեռք մեկնեցին հնդիկները: Նրանք չհեռացվեցին դպրոցից: «Lamartine» հաստատության տնօրինությունը չարեց դա` հուսալով, որ երիտասարդները կվերադառնան ուսումը շարունակելու:

Անդրանիկ Գեւորգյանը եւ Կարեն Մկրտչյանը սեպտեմբերին վերադարձան Հնդկաստան: Անդրանիկի հովանավորությունն իր վրա է վերցրել Չենայ (Մադրաս) քաղաքի ազգությամբ հնդիկ ազդեցիկ գործարարներից մեկը: Նա ոչ միայն ստանձնել է վերջինիս կրթության ծախսերը, այլեւ հնարավորություն է տվել հայ երիտասարդին հանդես գալ քաղաքի ռեգբիի նշանավոր ակումբներից մեկում, որն այս տարի, ի շնորհիվ նաեւ Անդրանիկի, հռչակվեց Հնդկաստանի ռեգբիի առաջնության առաջին գավաթակիր:

Հավանական է, որ նա կընդգրկվի նաեւ երկրի ազգային հավաքականի կազմում (Անդրանիկը մրցապայքարում ստիպված է եղել խաղալ Մարդասիրական ճեմարանի թիմի, ասել է թե` իր նախկին թիմակիցների դեմ):

Մադրասում, բացի Անդրանիկից, ուրիշ հայ չի բնակվում, սակայն ունենք վերանորոգված Ս. Աստվածածին եկեղեցին` իր հարակից կառույցներով: Այդտեղ տեղակայված են վարձակալությամբ տրված առեւտրի տաղավարներ: Ստացված եկամուտը վերահսկում է Կալկաթայի Հայոց եկեղեցական վարչությունը: Այստեղ է գտնվում նաեւ «Շամիրի սենյակ» հայտնի շինությունը, որի հնդիկ բնակիչները զբաղվում են նաեւ եկեղեցու ամենօրյա խնամքի հարցերով:

Ժամանակին եկեղեցին որոշել էր մի հայ ընտանիք տանել Հայաստանից, որը կբնակվեր եկեղեցու տարածքում եւ միաժամանակ կզբաղվեր տարածքի խնամքով: Սակայն այդպես էլ այդ մտադրությունը չի իրականացվել: Իսկ Մադրասում ուսումը շարունակող Անդրանիկը առայժմ մնում է իր հովանավորի տանը, մինչեւ բնակարան կվարձի...

Կարենը վերադարձել է Կալկաթա եւ շարունակում է ուսումը «Lamartine»-ում: Նրան արգելված է մտնել Հայոց մարդասիրական ճեմարանի տարածք: Բնակվում է հնդիկ ընկերոջ տանը, մինչդեռ Կալկաթայում է ոչ միայն ճեմարանը, այլ նաեւ հայ անօթեւանների համար նախատեսված տունը, որտեղ կան բազմաթիվ ազատ ննջարաններ: Քաղաքն ունի երեք հայկական եկեղեցի` հարակից շինություններով, որոնց ամենօրյա խնամքն իրականացնում են հնդիկները: Մի՞թե հնարավոր չէ այդ պարտականությունը դնել անօթեւան հայ երիտասարդի վրա:

Հ. Գ. Կալկաթայի Հայոց եկեղեցական վարչությունը, որը վերահսկում է Հնդկաստանի հայ համայնքի ամբողջ կարողությունը, բավական հզոր բարեգործական կառույց է: Վերջինիս միջոցները կուտակվել են հայ բարերարների կտակներից եւ նվիրատվություններից: Վարչության 2009 թ. հաշվետվության մեջ նշվում է հայ համայնքին պատկանող տարբեր բանկերում առկա հաշվեհամարներից կատարված ընդհանուր ծախսերի չափը, որը կազմել է 64, 528, 544, 00 հնդկական ռուփի (46 ռուփին = 1 դոլարի): Հսկայական գումարներ են տրվում նաեւ Հնդկաստանում գործող բազմաթիվ առողջապահական եւ կրթական կառույցներին: Ինչպես բազմիցս նշվել է, ամեն տարի մի կլորիկ գումար է ծախսվում նաեւ հայազուրկ բնակավայրերի եկեղեցիների եւ ճեմարանի վերանորոգման համար, այն դեպքում, երբ հայ համայնքի եւ այդ գումարների պահպանումը եւ օգտագործումը հնարավոր է դառնում մեծամասամբ ճեմարանի սաների շնորհիվ, քանի որ նրանք են կազմում համայնքի հիմնական միջուկը (Հնդկաստանի օրենքներով` այդ գումարը հնարավոր չէ հանել երկրից, այն պետք է ծախսվի տեղում, իսկ համայնքի վերացման դեպքում այդ գումարները կանցնեն պետությանը): Պարզվում է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաներին բավարար գումար չի հատկացվում կրթությունը շարունակելու համար, եւ այսօր ճեմարանի շրջանավարտները սովորում են Կալկաթայի էժանագին քոլեջներում, իսկ Կարենին եւ Անդրանիկին աջակցում են հնդիկ բարեկամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter