HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահայտվելու ազատությանը միջամտելը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել

Սա «Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքի հիմնավորումներից մեկն է, որն այսօր քննության առավ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Նախշուն Տավարացյանի: «Հետաքննող լրագրողները» պնդում են, որ առաջին ատյանի դատարանում խախտվել են Սահմանադրության 27-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եւրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածների պահանջները և չի կիրառվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: Ըստ այդմ` դատարանը, բավարարելով Իջևանի քաղաքապետարանի հայցը, միջամտել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության խոսքի ազատության իրավունքի իրականացմանը, որը իրավաչափ նպատակ չի հետապնդել: Ավելին, լրագրողի արտահայտվելու ազատությանը միջամտելը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում». դատարանը հաշվի չի առել հրապարակման թեման, մամուլին և հասարակական կազմակերպություններին առավել մեծ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտությունը, քննադատության թիրախ դարձած` հայցվորի զբաղեցրած պաշտոնը, հոդվածներում օգտագործված ձևակերպումները և պատասխանողից որպես փոխհատուցում պահանջվող գումարի չափը: Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողները» բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան) կայացրած վճիռը, որով «Հետաքննող լրագրողներին» պարտավորեցվել էր հերքել Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերն ու տեղեկությունները և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Դատարանը վճռել էր «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս, ինչպես նաև 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար: Հեղինակ Ոսկան Սարգսյանն իր հոդվածներում անդրադարձել է Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման հարցին, որն անմիջականորեն առնչվում է Իջևան քաղաքային համայնքի բնակիչների շահերին: Հոդվածի վերնագիրը և բուն հոդվածը, ըստ այդմ, հարցադրումներ են պարունակում. «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և «Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական չհարկվող մեծ եկամուտներ են ստանում»: «ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ քաղաքական խոսքի կամ հանրային շահին վերաբերող քննարկումների պարագայում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակումները չեն կարող լայն լինել»,- հիմնավորում է «Հետաքննող լրագրողների» ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը` նշելով, որ Վարուժան Ներսիսյանի կողմից ավազահանման գործունեության վերահսկողության մասին դատողությունը կատարվել է այն բանից հետո, երբ կատարելով մանրամասն բարխիղճ ուսումնասիրություններ, լրագրողը հանգել է նման դատողության: Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա, ըստ փաստաբանի, այստեղ ևս խախտվել է համաչափության սկզբունքը, քանզի 930 հազար դրամը ակնհայտորեն գերազանում է «Հետաքննող լրագրողների» ամսական եկամուտը, իսկ դատարանի տվյալ վճիռը կարող է վտանգել նաև «Հետաքննող լրագրողների» գործունեության հետագա շարունակությանը: «Հետաքննող լրագրողները» դատարանի ուշադրությունն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այս գործի քննությունը սկսվել է 2008 թ.-ի հունիսից, անհարկի ձգձգումներով քննությունը տևել է արդեն 25 ամսից ավելի և առ այսօր չի լուծվել, ինչի կապակցությամբ խնդրել են ապահովել գործի քննության համար ողջամտորեն հնարավոր արագություն` հաշվի առնելով Կոնվենցիայի 6(1) հոդվածով նախատեսված ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը: Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից, «Հետաքննող լրագրողները» պահանջել են  ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և փոփոխել այն` մերժելով հայցը: Թեկուզ նախորդ նիստում Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը միջնորդել և ժամանակ էր խնդրել առարկություններ ներկայացնելու համար, սակայն այս նիստին որևէ պատասխան չէր ներկայացրել: Այսօր վերաքննիչ դատարանում ավարտվեց բողոքի քննությունը: Դատարանը վճռի հրապարակման օր նշանակեց նոյեմբերի 24-ը` ժամը 16:00-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter