HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սլովակիայի հայ համայնքի ղեկավարը քննադատում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումն (ԵՀՄՖ) արդեն 1,5 տարի է` Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տարվող աշխատանքներին զուգահեռ սկսել է նաեւ լայնածավալ գործունեություն իրականացնել Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ: «Վերլուծությունները ցույց տվեցին, որ հնարավոր է` մի քանի երկրներ միաժամանակ պատրաստ լինեն Արցախի անկախությունն ընդունել: Իհարկե, մեր կարծիքով, նախապայման է, որ մինչ այդ Հայաստանն ընդունի կամ, անենք, մի քանի երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը Հայաստանի հետ զուգահեռ»,- ասում է Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը Վերջինս, որ նաեւ Սլովակիայի հայ համայնքի նախագահն է, այսօր հրավիրված ասուլիսում նշեց, թե հիմնականում աշխատանքները տարվում են այն երկրներում, որոնց համար քրիստոնեական արժեքներն այնքան բարձր են, որ պատրաստ են որպես մուսուլմանական ճակատում քրիստոնեության ֆորպոստ պաշտպանել Արցախին եւ նրա անկախությունը: «Այդ առումով վերջին ժամանակներս շատ լուրջ գործ է արվել, եւ պատկերացրեք, որ եվրոպացիները, ցավոք, ընդհուպ Վատիկանը գաղափար չունեն, թե ինչ քրիստոնեական ճակատ է պահում Հայաստանը եւ հատկապես Արցախը,- ասում է Գրիգորյանը: -Մարդիկ, որոնք ինձ հետ այցելում են Արցախ, օրինակ` Սլովակիայի վարչապետը, պառլամենտի առաջին նախագահը, նրանք, վերադառնալով Սլովակիա, ասում են, որ այսօր մուսուլմանաքրիստոնեական ճակատն անցնում է Հայաստանով ու հատկապես Արցախով, իսկ մենք` եվրոպայի քրիստոնյաներս, ուղղակի երջանիկ անգիտության մեջ ենք, երբ այնտեղ շատ մեծ պաշտպանության կարիք կա»: Ըստ բանախոսի` Սլովակիայի պառլամենտի առաջին նախագահը նույնիսկ հայտարարել է, որ ինչպես Եվրոպան ժամանակին Չեխոսլովակիան վաճառեց ֆաշիստներին` մտածելով, որ դրանով Եվրոպային կփրկի հնարավոր պատերազմից (փոխարենը սկսվեց համաշխարհային պատերազմը), ճիշտ այդպես էլ հիմա Եվրոպային թվում է, որ եթե աչքերը փակի արցախյան հարցի շուրջ, ապա Եվրոպային կփրկի պատերազմից: Մինչդեռ, եթե Եվրոպային պատերազմ է սպառնում, ապա վտանգը գալիս է հենց Արցախից: Այս առումով, Գրիգորյանի խոսքերով, ինչքան ավելի շատ բարձրաձայնվի հիշյալ հարցը, այնքան ավելի շատ երկրներ կհասկանան խնդրի արդիականությունը: Այնինչ նույնիսկ Վատիկանում հավուր պատշաճի տեղյակ չեն արցախյան հիմնահարցից: Մյուս կողմից, բանախոսի փոխանցմամբ, Վատիկանում ասում են` չնայած Հայ Առաքելական ու Կաթոլիկ եկեղեցիների արտակարգ ջերմ հարաբերություններին, իրենք չգիտեն` ինչպես կարող են հանդես գալ Արցախում, երբ այնտեղ կաթոլիկ համայնք չկա: «Նույնիսկ ինձ հատուկ խնդրեցին, որ տեղյակ պահեմ Պարգեւ սրբազանին (որին մենք պատրաստվում ենք հրավիրել Եվրոպա), որպեսզի Կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները որոշ չափով ջերմացնեն,- ասում է Արշակ Գրիգորյանը եւ հավելում,- այդ առումով ես դիմում եմ եւ Էջմիածնին, եւ արտգործնախարարությանը: Պետք է պարտադիր մեծ ակտիվություն զարգացնել Վատիկանում, որպեսզի նրանք ավելի ճիշտ ընկալեն իրավիճակը եւ հնարավորություն ունենան ինչ-որ չափով մեզ օգնել»: Երկրոդ ճակատը, որտեղ կարող ենք արդյունքներ ակնկալել, ԵՀՄՖ-ի նախագահի ներկայացմամբ, այն երկրներն են (սկսած Կոսովոյից), որոնք համանման ճանապարհով արդեն ձեռք են բերել անկախություն: Վերջիններս կարող են Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահին միանալ մեզ, եթե, իհարկե, մինչ այդ համապատասխանաբար տարվեն նախապատրաստական աշխատանքներ: «Մեր արտգործնախարարությունն այս տարրական բաներն ինքը պետք է հասկանար եւ չսպասեր, որ մենք դրսից մատնացույց անենք»,- ասում է Աշոտ Գրիգորյանը եւ նշում, թե մեր ԱԳՆ-ի ոչ արդյունավետ աշխատանքը Եվրոպայում իրեն ուղղակի զարմացնում է: «Եթե չլինի համաշխարհային հայկական լոբբինգի կողմից տարվող աշխատանքը, մենք կարող ենք մեր դիվանագիտություն կոչված այդ բաժինը փակել եւ ասել, որ անիմաստ է դրա վրա ոչ փոքր գումարներ ծախսելը: Դրա փոխարեն սարսափելի աշխատանքներ են վարում ադրբեջանցի լոբբիստները` միանալով թուրքերին: Այսօր արդեն շատ դժվար է դիմակայել թուրք-ադրբեջանական լոբբիստների կողմից տարվող աշխատանքներին, որովհետեւ նրանց երկրների կողմից ահռելի գումարներ են ծախսվում: Անհամեմատ ավելի շատ եւ, փառք Աստծո, անհամեմատ ավելի ոչ էֆեկտիվ»,- նշում է Գրիգորյանը: Նա թեման եզրափակում է երկու կոչով` ակտիվացնել Արցախի կապերն քրիստոնեական հզոր հենք ունեցող երկրների եւ այն կուսակցությունների հետ, որոնց համար նույնպես ամենակարեւորը քրիստոնեական արժեքներն են. «Դա Եվրոպայի քրիսոնեադեմոկրատական եւ այլ բազմաթիվ կուսակցություններն են: Շատ-շատ են, եւ ամեն երկրում կան»: Երկրորդ` ՀՀ արտգործնախարարությունը, մի կողմ թողնելով իր պասիվ եւ ոչ արհեստավարժ մեթոդները, զբաղվի իրոք արդյունավետ դիվանագիտությամբ: «Կարելի է ասել, որ շատ-շատ դիվանագիտության ներկայացուցչության ղեկավարների մոտ տեսնում ենք կոմերիտականի մակարդակի էնտուզիազմ: Այսինքն` այ այս մի բանն էլ արեցի, շեֆին կասեմ, մեր նախարարը… Սարսափելի բան է, ինքը չի անում, որ հայ ժողովրդի համար կարեւոր կամ կենսական ինչ-որ խնդիր է լուծում, այլ ինքն անում է շեֆի մոտ ծիտիկ (птичка) ստանալու համար»,- ասում է ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter