HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՀՀԿ-ն ՀԱԿ-ից չի վախենում

Որովհետեւ ՀԱԿ-ն ունի սերնդափոխության խնդիր Ինչո՞ւ իշխանությունները Հայ ազգային կոնգրեսին չեն թույլատրում հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ից վախենում են: Հարցն այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին: «Ասենք` ի՞նչ տարբերություն, եթե այդ մարդն ասելիք ունի եւ այդ մարդկանց հետեւից շատ մարդ ա գնում, ի՞նչ նշանակություն ունի դրա (հանրահավաքի անցկացման) տեղը»,- հարցին հարցով պատասխանեց հանրապետական Ավագյանը: «Եթե տարբերություն չկա, էլ ինչո՞ւ եք մերժում»,- շարունակեց լրագրողներից մեկը: «Մեզ համար չի տարբերությունը, քաղաքապետարանի համար է, եւ իրենք իրենց բացատրություններում հստակ նշում եմ` ինչի համար է այդպես արվում: Ժամանակ առ ժամանակ այնտեղ թե միջոցառումներ են լինում, թե ուղղակի նպատակահարմարության խնդիր է լինում»,- պատասխանեց պատգամավորը: Լրագրողները նախ նկատեցին, որ քաղաքապետարանը ղեկավարում է ՀՀԿ վարչության անդամը, հետո հարցրին, թե արդյոք իշխանությունները չե՞ն վախենում, որ մի օր Լեւոն Տեր-Պետրոսյանի համբերության բաժակը կլցվի, եւ ընդդիմությունը կվերադառնա Ազատության հրապարակ` առանց քաղաքապետարանի թույլտվության: «Իրականում չենք վախենում, որովհետեւ նույն ՀԱԿ-ն այսօր ունի սերնդափոխության խնդիր եւ նույն ՀԱԿ-ում այսօր դեռ չի ձեւավորվել այն երկրորդ անձը, որը փոխարինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը եւ ներքաղաքական դաշտում խանգարում է ՀԱԿ-ի գործունեությանը, ակտիվությանը»,- ասաց Կարեն Ավագյանը եւ հավելեց, թե վախենալու բան չկա, քանի որ ոչ մի տարբերություն չկա, թե Օպերայից քանի մետր հեռավորության վրա է անցկացվում հանրահավաքը: «Իսկ կատակով` Օպերան ուժի մեջ է, կարող են օպերա գրել եւ սպասել: Կհայտնվեն մի օր»,- եզրափակեց Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter