HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Ես ոչ ոքից օգնություն չեմ ակնկալում, պետությունը պարտավոր է ինձ տուն հատկացնել»,- ասում է մանկատան սանը

24-ամյա Մերի Շաքարյանը 6 տարի շարունակ նախարարությունների դռները բախելուց հետո որոշել է դիմել լրագրողներին: 2005-ին` չափահաս դառնալուց հետո, նա դուրս է եկել «Զատիկ» մանկատնից` հույսով, որ որպես մանկատան երեխա՝ շուտով տուն պիտի ստանա Երևանում կամ մոտակա այլ քաղաքում:

Արդեն 2 տարի է, ինչ ապրում է Էջմիածնում վարձած իր բնակարանում, աշխատում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հարևանությամբ գտնվող սրճարանում` որպես բարմեն-մենեջեր: Օրական վաստակում է 3000 դրամ, որի որոշակի մասը հատկացնում է տան վարձին:

«Ես ամսական 20 հազար դրամ տան վարձ եմ մուծում: Դա իմ վաստակածի մեծ մասն է: Ես չեմ բողոքում իմ սոցիալական պայմաններից և ոչ ոքից էլ օգնության չեմ սպասում. ինքս աշխատում և ինձ կարողանում եմ ապահովել անհրաժեշտ պայմաններով: Բայց ես իրավասու եմ տուն ունենալու, պետությունն ինձ պարտավոր է տուն հատկացնել: Ինչո՞ւ պիտի մինչ գիշերվա 2-ն աշխատեմ ու աշխատածս գումարը վարձ տամ, եթե կարող եմ որևէ իր գնել իմ տան համար»,- ասում է Մերին:

Նա ավարտել է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական համալսարանը: Մերիի կարծիքով 2005-ին իրեն բնակարան չեն հատկացրել զուտ թյուրիմացության պատճառով:

«Մի ամերիկացի ինձ հովանավորել է, որ ուսման վարձս տամ: Հետո խոսակցություն է եղել, թե նա ինձ պիտի ընդառաջի, որ գնամ ԱՄՆ-ում սովորեմ, սակայն դա ընդամենը խոսակցություն էր: Այդ մարդն այս պահին Ղարաբաղում է ապրում և ինձ էլ չի կարող տանել որևէ տեղ: Չգիտես ինչու, իրենք կարծել են, թե գնալու եմ երկրից ու հիմա այսպես մնացել եմ առանց բնակարանի՝ այն դեպքում, երբ կան մարդիկ մանկատնից, որ տուն են ստացել ու չեն ապրում այդ տանը. իրենց տունը որպես պահեստ է ծառայում հարևանների համար»,- նշում է Մերին:

Նա բազմիցս դիմել է Աշխատանքի և սոցապ նախարարության մանկատների վարչության պետ Լալա Ղազարյանին, սակայն հարցին լուծում չի ստացել: «Նա անընդհատ նշում էր` սպասեք, դեռ սպասեք»,- ասում է Մերին:

«Հետքի» հարցին, թե ինչո՞ւ Մերի Շաքարյանը 2005-ից բնակարան չի ստացել, այնինչ նրա հասակակիցներից շատերը ստացել են, և ինչո՞ւ նա պետք է սպասի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը պատասխանեց. ««Զատիկ» մանկատան նախկին սան, Շաքարյան Մերիի եղբայրը՝ շահառու Շաքարյան Մհերը, ստացել է բնակարան ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ բնակվել է մոր և քրոջ` Մերի Շաքարյանի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ Մերին ունի թեկուզ ժամանակավոր բնակվելու վայր՝ ընտրվել են այն շահառուները, որոնք նման հնարավորություն չեն ունեցել»:

Մերին, սակայն, հերքում է այս տեղեկությունը: «Ես երբեք մորս ու եղբորս հետ չեմ ապրել: Նրանք երևի նկատի ունեն այն, որ գնալ-գալ եմ ունեցել: Այս պահին մանկատնից դուրս եկած երկու քույրերս ու մայրս ապրում են Մասիսի էլեկտրացանցին կից հին ու քանդրտված մի հիմնարկում: Իսկ եղբորս բնակարանն ընդամենը մի փոքրիկ սենյակ է, որտեղ ինքն ու իր ընտանիքն են մի կերպ տեղավորվում»,- նշում է Մերին:

2011-ի մայիսի 3-ին նա հանդիպել է սոցապ նախարարի հետ, խոսել իր խնդրի մասին: «Նախարարն անունս օղակի մեջ վերցրեց և ասաց, որ մինչ մայիսի վերջ իմ հարցը լուծված կլինի: Ես էլ զարմացած հարցրի, թե նկատի ունեք, որ մինչ մայիսի վերջ արդեն վարձով չե՞մ ապրի, պատասխանեց` այո: Նրա տեղակալն էլ ասաց` եթե նախարարն է խոսք տվել, ուրեմն իմացեք`անելու է: Բայց մայիսն էլ անցավ, հունիսն էլ, հուլիսն էլ, օգոստոսն էլ, ոչինչ չի փոխվել: Հունիսին նորից գնացի նախարարություն, ասացին` ստուգումներ ենք անում: Սպասեցի` ստուգումներն էլ ավարտվեն: Օգոստոսի 3-ին նախարարն արձակուրդ գնաց: Օգոստոսի 18-ին, երբ նախարարը պիտի վերադարձած լիներ, գնացի, այնտեղ չէր: Լալա Ղազարյանն ինձ պատասխանեց` ասելով, որ ստուգումներն անցկացվել են, և պարզվել է, որ բոլոր հատկացված բնակարաններում ապրողներ կան: Բայց դա հաստատ էդպես չէ: Հենց Աբովյան քաղաքում ես գիտեմ, որ տուն կա, որ շենքի բնակիչների համար պահեստ է: Ես չեմ ասում` նրանց տունն ինձ տան, բայց թող սթափ նայի էս պետությունն ամեն ինչին»,- պահանջում է Մերին:

Այս մասին Սոցապ նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը, սակայն, «Հետքին» հայտնեց. «2011թ. մայիսի 3-ին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, նախարարը, հաշվի առնելով Մերի Շաքարյանի համար խնդրի հրատապությունը, խոստացել է նրան բավարարել բնակարանով: 2011թ. մարտ ամսից սկսած` նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է տրամադրված 151 բնակարանների նկատմամբ շարունակական հսկողություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 25-35 շահառու չի բնակվում իրեն տրամադրված բնակարանում: Վերջնական որոշում կայացնելուց առաջ կա խնդրի բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտություն, ինչը ժամանակատար գործընթաց է, որին ներգրավվել են նաև Երեխայի պաշտպանության մարզային բաժինները և ՀՕՄ-ի սոցիալական աշխատողները»:

Ինչպես նշում է Սոցապ նախարարությունը, Մերի Շաքարյանին բնակարանային նոր պայմաններ կառաջարկվեն 2011-ի դեկտեմբերին: « Շարունակական հսկողության գործընթացն ավարտելուց հետո` 2011թ. դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, Շաքարյան Մերիին կներկայացվեն հնարավոր պայմանները»,- պատասխանում է նախարարությունը:

Մանկատան սաների բնակարանային հատկացումների մասին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության հետ «Հետքի» հարցազրույցի ամբողջական տարբերակը կարդացեք այստեղ:

Մեկնաբանություններ (1)

sona
LRIV AMOTNER@ KORCREL EN,,,,MARDKUTUN EL CHKA MEJNER@,,,ETE 2 TARI HARCIN LUCUM CHEN TVEL,HAMOZVAC EM HERTAKAN ANGAM XABELU EN MERIIN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter