HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օտարները հայերիս ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մեզ

Խոսքը վերաբերում է հատկապես մեր կերակրատեսակներին, իսկ գնահատականը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանին է: Նա մանրամասնում է` մեզնից քչերը գիտեն, որ հայերս սննդի հզոր համակարգ ունեցող ազգ ենք` համակարգված 365 օրվա համար: Համակարգված է նույնիսկ այն, թե ինչպիսի սնունդ պետք է օգտագործել` այս կամ այն բնակլիմայական, եղանակային պայմաններից ելնելով: Բացը, թերեւս, ինչ-որ չափով կլրացնի «Հայոց ավանդական տոնական ուտեստներ» ձեռնարկը, որը կտպագրվի մինչեւ տարեվերջ: Այս մասին տեղեկացնում է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը եւ նշում, որ գրքի նպատակը ոչ այդքան տարածված ավանդական հայկական կերակրատեսակները նորից հանրությանը վերադարձնելն է: Ձեռնարկում ներառված են նաեւ կերակրատեսակների լուսանկարները` այն ավելի դիտարժան դարձնելու համար: ՀԿ նախագահն ու ազգագրագետն այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին: Ազգագրագետ Ծատուրյանի ներկայացմամբ` գիրքը կազմելիս, որպես աղբյուրագիտական հիմք, հայոց ավանդական տոների եւ ուտեստների մասին տարբեր հիշատակություններ եւ նկարագրություններ օգտագործելուց բացի, օգտագործվել են իր ունեցած արխիվային, ինչպես նաեւ` մոտ 3 տարվա ընթացքում իր կողմից Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 60 բնակավայրերից հավաքված նյութերը: Ծատուրյանի խոսքերով` գիրքն առավելապես անդրադառնում է այն ուտեստներին, որոնք մատուցվել են այս կամ այն տոնին եւ հասանելի ու կիրառելի կլինեն բնակչության միջին խավին: Իսկ սփյուռքահայերի խոհանոցը գրքում ներառված չէ, քանի որ այն առանձին ուսումնասիրության առարկա է, ունի առանձնահատկություններ ու իր վրա կրել է տարբեր ներգործություններ: «Հայ բնակչությունը տարհանվելով տեղափոխվեց այլ երկրներ: Բնականաբար, տարիներ շարունակ ապրելով այլ երկրներում, ունենալով հարմարվելու եւ ադապտացվելու խնդիր` պետք է որ այդ ադապտացիան ազդեր նաեւ խոհանոցի եւ կենցաղի վրա: Եվ այսօր ուղղակի վերցնել եւ ներկայացնել որպես հայկական ավանդական խոհանոց, որը ներկայացնում է սփյուռքահայը, ճիշտ չէ»,- ասում է Ռուզաննա Ծատուրյանը: Ըստ ազգագրագետի` հայկական խոհանոցը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, քանի որ խոհանոցն առհասարակ կայուն եւ քարացած համակարգ չէ: Այն իր մեջ կրում եւ արտացոլում է ժամանակի բոլոր փոփոխությունները` քաղաքական, տնտեսական, արժեքային համակարգ, ճաշակ, լավի ու վատի մասին պատկերացումներ, ունեւորության եւ չքավորության պարամետրեր եւ այլն: Նա նշում է, որ խորհրդային շրջանում մեր սննդակարգն ավելի համահարթեցված էր, իսկ անկախացումից հետո առկա է ավանդական կերակրատեսակներին վերադառնալու հստակ միտում: Որովհետեւ, նախ` սոցիալական հնարավորությհուններից ելնելով` շատ վայրերում բնակչությունը հիմնականում սկսել է սպառել իր ունեցած մթերքները: Երկրորդ` դա կապված է նաեւ ազգային վերազարթոնքի հետ: Ազգագրագետը թվարկում է տարբեր ուտեստներ, որոնք հայ ժողովուրդը կիրառել է իր ծիսական կյանքում: Հարիսա, խաշիլ` պատրաստված փոխինձից, զատկական ներկած ձվեր, Համբարձման տոնին պատրաստվող կաթնապուր, իսկ Խաչի տոնին` թոնրի խորոված ուլ` հաճարով կամ ձավարով: Սեդրակ Մամուլյանն էլ մանրամասնում է, որ նույն կերակրատեսակը, մինչեւ քրիստոնեություն ընդունելը, հեթանոս հայերը պատրաստել են Գինետոնին. ուլին «պատժել» են` կախելով թոնրի մեջ, քանի որ ուլը վնասել է խաղողի վազը` ուտելով տերեւները: «Ոչ միայն մեր հարեւանների, այլեւ ոչ հարեւանների կողմից է յուրացվել մեր խոհանոցը: Դա կատարվել է համակարգված: Ընդհանրապես, արեւմտահայոց հզոր խոհանոցը բզկտված է,- ասում է Ս. Մամուլյանը եւ հավելում,- շատ բնական է, որ բարձր մշակույթ ունեցող ազգից մյուս ազգերն օգտվում են: Բայց ցավալին այն է, որ ոչ թե մեր կերակրատեսակի բաղադրատոմսերից մեկը փոխվում է եւ յուրացվում, այլ միտումնավոր ոչնչացնում են այդ կերակրատեսակի արմատը: Կան բազմաթիվ օրինակներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter