HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ամենակարևորը, որն այսօր պակասել է հայկական ընտանիքներում, հասարակ սերն է»

Ամուսնալուծությունների թիվն աճում է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010 թ. 1-ին 6 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ամուսնալուծության 1474 դեպք, իսկ ամբողջ 2009-ին` 2829 դեպք: Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքերով` միայն այս տարի չէ, ամուսնալուծությունների աճ է նկատվում, այլ առհասարակ` 1990 թ.-ից ի վեր, ինչ սկսվել է երկրի անցումային շրջանը:

«Ամենակարևորը, որն այսօր պակասել է հայկական ընտանիքներում, պարզ, հասարակ սերն է»,- կարծում է մեկ այլ մասնագետ` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանը: Նա սոցիալական աշխատանքում հաճախ է հանդիպել դեպքերի, երբ ամուսնացողը «Ինչո՞ւ ամուսնացաք» հարցին պատասխանում է. «Դե, ժամանակն էր, արդեն ճիշտ էր ամուսնանալը», «Ծնողներս համոզեցին», «Լավ աղջիկ էր»: Բայց քչերն են ասում. «Իրոք սիրահարվեցինք, ամուսնացանք»: Ամուսինների միջև հոգիների միասնություն տեղի չի ունենում: «Դրա համար երբ արդեն մտնում են համատեղ կենցաղավարության մեջ, երբ սկսվում են դժվարությունները, եթե չկա լուրջ կապող օղակ, ապա հնարավոր է, որ տեղի չունենա իրական ամուսնություն, այլ ամուսնալուծություն լինի»,- ասում է Աննա Ոսկանյանը: Տնտեսական գործոնը ամուսնալուծության պատճառներից մեկն է, բայց, ըստ սոցիալական աշխատանքի մասնագետի, շատ ավելի կարևոր պատճառ է այն, թե ինչից ելնելով են հայերն ամուսնանում: Եթե առաջին հերթին ամուսնանում ես` ելնելով տնտեսական գործոնից, ապա ընտանիքի տնտեսական վիճակի վատթարացումն իրոք ամուսնալուծության պատճառ կդառնա: Հայաստանում, հատկապես գյուղերում ավելացել են վաղ տարիքում (17-18 տարեկանում) ամուսնությունները: Նման ամուսնությունները ևս, երբ ոչ կինը, ոչ տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հիասթափության և ամուսնալուծության: Հիմա շատ է խոսվում այն մասին, որ ամուսնալուծությունը գուցե կապված է ավանդական դերերի խախտման հետ. կինը դարձել է ավելի ակտիվ, և շատ տղամարդիկ համարում են, որ եթե կինը մնար իր ավանդական դերում, ամուսնալուծություններն այդքան շատ չէին լինի: Աննա Ոսկանյանը համամիտ չէ այս տեսակետին: «Եթե կինն այսօր ակտիվ է, կարողանում է ավելի անկախ լինել, քան 20 տարի առաջ, շատ գեղեցիկ և կարևոր փաստ է նաև մեր պետության զարգացան համար: Եվ եթե կինը ինչ-որ մի ժամանակ որոշում է, որ իր սեփական աճը կամ իր երեխաների բարեկեցությունն ավելի կարևոր է, քան ամուսնացած լինելու կարգավիճակը, ապա առաջին հերթին տղամարդը պետք է մտածի` ինչու է այդպես»,- ասում է Աննա Ոսկանյանը: Նա նշում է, որ նախկինում բավականին տարածված երևույթ էր «դիմանալը», երբ կինն ասում էր. «Միայն թե երեխաներն առանց հոր չմնան, ես ամեն ինչի կդիմանամ, այդ թվում նաև դավաճանությանը, նույնիսկ ուժգին ընտանեկան բռնությանը»: Սակայն այսօր կինն ավելի մեծ հնարավորություններ ունի, և «դիմանալը» պակաս տարածված է դառնում: «Իհարկե, ցանկալի է, որ ամուսնալուծությունը չդառնա կնոջ ակտիվ կյանքի վերջ (նկատի ունեմ` ոչ թե որպես մասնագետի, այլ որպես կնոջ): Ինչպես ցույց է տալիս մեր փորձը, տղամարդիկ ամուսնալուծությունից հետո մեծ հաջողությամբ ամուսնանում են 2-րդ, նույնիսկ 3-րդ անգամ: Կինը Հայաստանում այդպիսի հնարավորություններ, ցավոք սրտի, ավելի քիչ է ունենում»,- ասում է Աննա Ոսկանյանը: Մարիամ Մեհրաբյանն էլ նշում է, որ դերերի փոփոխությունը չի սահմանափակվում միայն նրանով, որը կանայք ակտիվացել են: Այդ փոփոխությունն ազդել է նաև տղամարդկանց վրա. նրանք պասիվացել են` պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներով: «Ինչո՞ւ այդ սոցիալ-տնտեսական պայմաններում բոլորը չեն ամուսնալուծվում: Մարդիկ ունեն տարբեր ընկալունակություն` կապված դժվարությունների հետ: Ամուսնալուծության շեմին կանգնած կինը կամ տղամարդը շատ հաճախ չի քննարկում այն պատճառը, որը նրանց հասցրել է այդ վիճակին: Հոգեբանության տեսանկյունից շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ամուսնալուծությունների մեջ միակ և առաջնային արմատը լիներ ընտանեկան բռնություններից զերծ մնալը: Բայց փաստ է, որ ընտանեկան բռնությունները չեն նվազում այն պատճառով, որ աճում են ամուսնալուծությունները»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Նրա խոսքերով` նորաստեղծ ընտանիքներում ամուսնալուծության առումով ճգնաժամային է առաջին 1 տարին` ադապտացիոն շրջանը, երբ կինը և տղամարդը պետք է հարմարվեն ամուսնական կյանքին: Սակայն հայկական ընտանիքներում ադապտացիայի շրջանի հաղթահարման համար բարենպաստ պայմաններ չկան: «Դրա պարզ պատճառն այն է, որ մեր ընտանիքները սովոր չեն նորաստեղծ ընտանիքին զատել իրենցից, և «սոցիալական պորտալար» ասվածը` ծնողների և նորաստեղծ ընտանիք կազմող զավակների միջև, ուշ է կտրվում: Մեր տղամարդկանց և մայրերի կապը շատ սերտ է լինում մինչև 40-50 տարեկան»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Ադապտացիոն շրջանը չհաղթահարելը կարող է լինել ամուսնալուծության պատճառներից մեկը, բայց ոչ առաջնայինը: Ամուսնալուծության առումով ճգնաժամային մյուս շրջանը 1-ին երեխայի ծննդյանը հաջորդող ժամանակահատվածն է: «Երեխան արդեն մորից շատ ժամանակ է պահանջում, և շատ հայրեր, զարգացածության, կրթվածության, ինտելեկտի և այլնի մակարդակի հետ կապված, չեն կարողանում հարմարվել կնոջ ժամանակի կորստի հետ և փոխանակ ինտեգրվելու երեխայի դաստիարակությանը` առաջանում է իր համար անհասկանալի մի զգացում, որը հոգեբանը կորակի հայրական խանդ»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Եվրոպայում ամուսնալուծությունների հիմնական պատճառը կողակցի անհավատարմությունն է` հոգեբանը նշում է, որ իրեն ոչ մի տղամարդ դեռևս չի դիմել այն խնդրով, որ կինը դավաճանել է: Հայաստանում հիմնականում անհավատարիմ են տղամարդիկ: Բայց կանայք հոգեբանին դիմում են ոչ թե ամուսինների անհավատարմության, այլ ընտանքում կոնֆլիկտների, անհանդուրժողականության աճի պատճառով: Անհավատարմությունը Հայաստանում ամուսնալուծության առաջնային պատճառ չէ: Հոգեբանը կարո՞ղ է կանխել ամուսնալուծությունը Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի համոզմամբ` իրենց շատ ավելի հեշտ է աշխատել պրոբլեմի կանխարգելման փուլում: Ամուսնալուծության կանխարգելման փուլը նախաամուսական շրջանն է: Այս փուլում հոգեբանն անում է զույգի համատեղելիության ստուգում, հասունության մակարդակների դուրսբերում, անձնային որակների ախտորոշում, և ցույց տալիս այն ուղիները, թե ինչպես պետք է զույգը շփվի այն պահին, երբ բախում է տեղի ունենում: «Միգուցե հենց ամենաճիշտը մինչև 10 հաշվելը, նոր զրույցը սկսելն է, միգուցե ամենաճիշտը այդ պահին սենյակից դուրս գալն է: Միգուցե 1-ին քայլը լիներ նստել, զրուցել, իրար հականալը: Ես գիտեմ, որ շատ դեպքերում դժվար է, որ երկուսը նստեն ու հասկանան: Բայց մեր ֆիզիոլոգիայում սիրո և ատելության կենտրոնները շատ մոտ են իրար, և սիրուց ատելություն մեկ քայլ է, ատելությունից սեր` բնականաբար, նորից մեկ քայլ»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Մինչդեռ նախաամուսնական փուլում զույգերը չեն դիմում մասնագետին, որ իմանան` արդյոք ունե՞ն համապատասխան հոգեբանական, անձնային, տարիքային, ֆիզիոլոգիական հասունություն` ընտանիք կազմելու համար, պատրա՞ստ են այդ տարիքում երեխա ունենալ, երեխային մեծացնել որպես սոցիալական էակ և ոչ թե խոցելի մեկը, ով հետագայում ինքն էլ ընտանեկան կյանք կազմակերպելը դիտարկելու է որպես բարդություն և ամուսնալուծվի: «Միգուցե այդ պահին է զույգը դժոխքի մեջ, բայց չէ՞ որ ելքեր կան: Պետք է ամեն ինչ անենք, որ ընտանիքը ոչ թե ամուսնալուծվի, այլ շարունակի զարգանալ, աճել և ապրել»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Արձագանքելով նրան` Աննա Ոսկանյանը նշեց, որ «ամեն ինչ» բառը վտանգավոր է, և պետք է անել այն, ինչ չի վնասում ընտանիքի անդամներին, որովհետև մասնագետը, որն ամեն ինչ անում է ուղղակի ընտանիքը պահպանելու համար, հաճախ ժամանակ է վատնում: «Անենք հնարավորը, ոչ թե «ամեն ինչ» և փորձենք անել այնպես, որ մարդիկ երջանիկ լինեն: Այսինքն` եթե մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ, մարդկանց երջանկությունը ընտանիքից դուրս է, որ իրոք զույգը, ի վերջո, անհամատեղելի է, միակ ելքը ամուսնալուծությունն է, ինչքան էլ մենք աշխատենք, որովհետև միանշանակ ամեն մարդ չէ, որը պատրաստ է զոհաբերվելու կամ գոնե փոփոխվելու` հանուն ընտանիքի պահպանման: Իհարկե, իդեալական դեպքում լավ կլիներ, որ ցանկացած ընտանիք, որն ունի կոնֆլիկտ, այն լուծի և պահպանվի: Բայց ռեալ կյանքում ամեն անգամ չէ, որ հնարավոր է»,- ասում է Աննա Ոսկանյանը: Նա բազմիցս աշխատել է ընտանիքների հետ, որոնք, ուղղակի թշնամական հարաբերություններ ունենալով, ատելով միմյանց, շարունակում են իրենց ընտանիքը որպես այդպիսին, ֆորմալ առումով պահպանել: Որևէ մասնագետ չի կարող հաշտեցնել նման ընտանիքի, եթե զույգն ինքը չի օգնում մասնագետին, չի ձգտում պահպանել ընտանիքը: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը պատասխանեց, որ խոսքը մասնագիտական «ամեն ինչի» մասին է, և արդեն դատարան հասած ամուսնալուծվող ոչ մի զույգ հոգեբանի հետ աշխատելիս չի ասում, որ հաստատ ամուսնալուծվել է ուզում: Ամուսնալուծությունը կոնֆլիկտի լուծման ձևերից մեկն է, բայց զույգին այլ տարբերակներ կարելի է առաջարկել: «Չէ՞ որ շատ զույգի միջև (եթե նույնիսկ միջնորդով են ծանոթացել), ստեղծվում է հուզական ձգողություն (սերը դեռևս կարող է բարձր ասված լինել): Այդ ձգողության վրա հենվելով էլ` մասնագետը կարող է նույնիսկ թշնամանք, ատելություն ապրող զույգերին բերել այնպիսի մի կետի, որ նրանք կսկսեն լսել իրար, հասկանալ: Ամուսնալուծվող զույգերին դա է պակասում: Նրան միայն բղավում են, ոչինչ լսել չեն ուզում»,- ասում է Մարիամ Մեհրաբյանը: Բանախոսները համամիտ էին, որ Հայաստանում բախման մշակույթը` կոնֆլիկտելու էթիկան, ցածր մակարդակում է, ընդ որում` ոչ միայն ընտանիքում, այլև աշխատանքում, քաղաքական դաշտում: «Մենք խայտառակ ծանր բան ենք պահանջում մեր զույգից. մենք պահանջում ենք, որ ամեն ինչով համընկնենք: Հենց ինչ-որ անհամաձայնություն է լինում, լիակատար կասկած է առաջանում, որ այս մարդը ընդհանրապես ինչ-որ մի բանի պիտանի է»,- ասում է Աննա Ոսկանյանը: Նա կարևորում է, որ Հայաստանում արմատանա համապատասխան մասնագետին լուրջ ընդունելու և դիմելու մշակույթը: Ամուսնալուծության դատական ծախսերը շատ մեծ են, և եթե դրանց 1/10-ը զույգը վճարի մասնագետին, ապա հնարավոր կլինի խուսափել ամուսնալուծությունից: Լրագրողներից մեկը նշեց, որ հոգեբանի ծառայության 1 ժամը 5000 դրամ արժե, և գուցե դա է պատճառը, որ Հայաստանում հոգեբանին դիմելու մշակույթը ձևավորված չէ: Մարիամ Մերաբյանը պատասխանեց, որ Հոգեբանական ծառայությունների կենտրոնը հաճախ աշխատում է` ընտանեկան բյուջեն հաշվելով, այսինքն` ընտանիքի անդամների աշխատավարձերից հանում են ծախսերն ու պարզում, թե տվյալ մարդն ինչքան կարող է վճարել հոգեբանին: Օրհասական, ապոկալիպտիկ երևո՞ւյթ, թե՞ ընտանիքի զարգացման բնական ընթացք Մարիամ Մեհրաբյանի կարծիքով` ամուսնալուծությունը հանգեցնում է չարիքների, օրինակ` Դուբայում, Թուրքիայում թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մեծամասնությունն ամուսնալուծված է: Աննա Ոսկանյանի կարծիքով` Հայաստանում ամուսնալուծությունը դիտարկվում է որպես օրհասական, ապոկալիպտիկ երևույթ, հիմնախնդիր և ոչ թե ընտանիքի զարգացման բնական ընթացք կամ կոնֆլիկտից ելք: Մինչդեռ մարդու իրավունքը` ամուսնանալ և ամուսնալուծվել, միանշանակ վատ չի կարող դիտարկվել: Մեկ այլ տարածված կարծիք է, որ որքան կայուն է ընտանիքը, այնքան կայուն է հասարակությունը: Սակայն Աննա Ոսկանյանը կարծում է, որ նման ուղիղ կապ գոյություն չունի: Ուստի, հասարակության կայացումը չպետք է ուղղակիորեն պայմանավորել ընտանիքի կայացվածությամբ կամ ամուսնալուծությունների թվով: «Ընտանիքները կարող են բացարձակ ստաբիլ չլինել, մարդիկ կարող են ամուսնանալ մի քանի անգամ իրենց կյանքում (ուրիշ հարց է, որ մեր ավանդական տեսակետից դա միգուցե վատ է), բայց միևնույն ժամանակ հասարակությունը կարող է շատ ստաբիլ և բարեկեցիկ լինել: Համենայն դեպս, եթե մենք վերցնենք բավական ստաբիլ հասարակությունները, ինչպես եվրոպականը, ամերիկյանը, ապա այնտեղ մենք տեսնում ենք ամուսնալուծությունների մեծ քանակ, երկրորդային, նույնիսկ երրորդային ամուսնություններ»,- ասում է Աննա Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter