HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծախսվել է մեկ մլն դոլար. նոր ծխատարը դեռևս չի արդարացնում

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական միջոցառումների ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից ազդարարվեց Կոշաբերդի  ծխատարի գործարկման մասին: 

Կոշաբերդի ծխատարի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ի  հունիսին: Այն իրականացրել է Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ներկայումս   երկու ծխատարներից միաժամանակ մթնոլորտ են արտանետվում  գործարանի ծուխը, սակայն նոր ծխատարով արտանետման հոսքը ավելի քիչ է: Քաղաքի վրա ծխի թանձր քուլաներ են սփռում նաև  գործարանի պղնձաձուլական արտադրամասի վառարանի արտանետումները: 

Բնակիչներն այս օրերին խոսում են, որ մոտ մեկ ամիս առաջ  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը մեծացրել է նաև  պղնձաձուլական գործարանի վառարանի տարողությունը, որի արդյունքում ավելացել են նաև արտադրության ծավալները: Քաղաքի  փողոցներում  ալավերդցիները շնչահեղձ են լինում թունավոր արտանետումներից:

Պարզվում է, որ ծխատարի տեղափոխման նախագիծը, ըստ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի աշխեկ Սամվել Բեժանյանի, իրեն առայժմ  չի  արդարացնում. «Եթե այսպես թողնեն, ծխատարը չի ծառայի, 1 մլն դոլլարի ծախսը իրեն չի արդարացրել: Ընկերությունը 500 հազար դոլլար ավելացրել է:  Ծխատարը դեռևս պահանջված տաքությունը չի ապահովել: Այնտեղ պետք է  անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովվի, որ ծուխը քաշի: Երեկվա դրությամբ, Կոշաբերդ սարի գագաթից սկսած մինչև 100 մ ներքև, ջերմաստիճանը 105  աստիճան էր: Պետք է  սարի գագաթի խողովակի տակ տաքությունը լինի 105 աստիճան,  որ  նախագծին համապատասխանի: Հիմա սպասում են այդ ջերմաստիճանի բարձրացմանը, տեսնենք` երբ կլինի»,- ասում է Ս.Բեժանյանը:

Ըստ նրա` ծխի այս հոսքը մոտավորապես 10 օր կտևի: Իսկ Նախագծային  ինստիտուտը վերանայում է ծխատարի տեղափոխման իր նախագծային աշխատանքները: Հնարավոր է, որ Կոշաբերդի ծխատարի խողովակը եւս 20 մ-ով բարձրացվի: 

Ս.Բեժանյանը հայտնեց, որ կառուցման ժամանակ ինքը նկատել է, որ ծխատարի կառուցման  նախագծերը սխալ են: «Նախագիծը վերափոխել եմ ես:  Որ այսքան էլ ծուխը քաշում է մեր` շինարարներիս շնորհիվ է: Իրենց հին նախագծով ընդհանրապես  նոր խողովակը ծուխը չէր քաշելու: Հին նախագծի մեջ նախատեսվում էր պղնձաձուլական գործարանի ձուլարանից  ծուխը Կոշաբերդի գագաթը հասցնել կիսաշրջանաձև խողովակով: Հնարավոր չէր, որ խողովակների այդպիսի թեքությամբ ծուխը սարի գագաթը բարձրանար: Իմ առաջարկությամբ ծխանցքերը սարի գագաթ են ուղղվել ուղիղ խողովակներով: Այստեղ արդեն ծխանցքերի լայնությունից և բարձրությունից է կախված ծխի հոսքի արդյունավետությունը: Նախագծողները կրկին աշխատում են դրա վրա, տեսնենք` ինչ լուծում են տալիս»,- ասում է Սամվել Բեժանյանը: 

Նա նշում է, որ Կոշաբերդի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, թերի են, կավարտվեն  դեկտեմբերին:

«Հիմա մտածում են` ինչ անեն, որ խողովակը բարձրացնեն, ծխատարների լայնությունը մեծացնեն: Ծխատարները չենք քանդելու, ուղղակի  դրանց վերջնամասում 3-հազարանոց խողովակի ֆունդամենտը, որտեղ գլխավոր խողովակը մոնտաժված է, հնարավոր է մեծացնենք»: 

Ս.Բեժանյանը կարծում է, որ այս օբյեկտը կառուցող շինարարը չպետք է ընտրվեր մրցույթով, որի պահանջը եղել է արագ, էժան և որակով. «Մրցույթում էժան հասկացությունը չպետք է գրվեր»:  Ըստ նրա    օբյեկտի շինարարական աշխատանքների համար «Վալլեքս» խմբի հատկացրած միջոցները չեն համապատասխանել նախատեսված աշխատանքների ծավալին: «Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դա է»- ասում է օբյեկտի շինարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս չեն կատարվել ծխատարների  ջերմամեկուսացման աշխատանքները, հայտնի չէ նաև, թե ինչ նյութերով է կատարվելու ծխատարների մեկուսացումը: Ըստ պայմանավորվածության`   ջերմամեկուսացման  աշխատանքները պետք է կատարեին  «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի շինարարները, սակայն Ս.Բեժանյանն ասաց, որ չգիտի ինչու` կառույցի բոլոր 17 շինարարներին  միաժամանակ ազատել են աշխատանքից:  

Այսօր  «Հետքին» չհաջողվեց լիարժեք պարզաբանումներ ստանալ  ընկերությունից: «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահրամ Ավագյանը հեռախոսով հայտնեց, որ «ընթանում են փորձարկումներ: Շահագործումը տեղի կունենա ոչ շատ երկար ժամանակ հետո:  Ծխատարի ներդումային գումարները ավելացվել են, բայց չեմ կարող ասել` որքան, ինֆորմացիա չունեմ: Այս պահին հիվանդ պառկած եմ»:   Վ. Ավագյանը խորհուրդ տվեց  պաշտոնական գրություն ուղարկել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար:

Մեկնաբանություններ (4)

Վահրամ Ավագյան
http://hetq.am/arm/opinion/6043/nerkayacvats-kartsiqnern-u-gnahatakannery-zut-subyektiv-en.html
Վահրամ Ավագյան
Տիկին Փարեմուզյան, ուշադիր կարդացե´ք գիշերվա 1:02-ին իմ տեղադրած մեկնաբանությունը: Արդյոք այնտեղ ասվո՞ւմ է, թե Դուք իրավունք չունեք ինձ ոչ աշխատանքային ժամի անհանգստացնելու: Կամ արդյոք ես նման բան Ձեզ ասե՞լ եմ հեռախոսով: Չեմ ուզում զարմացնել ինձ ճանաչողներին և Ձեզ հետ մտնել այս ձևաչափով բանավեճի մեջ: Պարզապես հորդորում եմ զերծ մնալ անհիմն հայտարարություններից: Այդուհանդերձ հարգանքով` Վահրամ
Լարիսա Փարեմուզյան
Պարոն Ավագյան, ուրեմն պարզվում է, որ Դուք արտոնյալ եք և աշխատանքային ժամի ավարտից հետո Ձեզ չի կարելի անհանգստացնել, նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր ընկերության կողմից քաղաքում ստեղծվել է էքստրեմալ իրավիճակ: Ցավում եմ, որ մինչև օրս Դուք չեք հասկացել, թե ինչ ոլորտում եք աշխատում: Փաստորեն, անգամ արտակարգ իրավիճակներում Ձեզ իրավունքն չունեն անհանգստացնելու: Թե կարծո՞ւմ եք, երբ ես գրում էի, կեսգիշերին՝ ժամը 12-ին, իմ աշխատանքային ժամն էր: Եվ սա գրում է արտադրության ոլորտի մամուլի խոսնակը: Պ. Ավագյան, գուցե բացատրեիք, թե ինչո՞ւ պղնձաձուլական գործարանի բոլոր պատասխանտուներդ ապրում եք Երևանում: Որովհետև գիտեք, թե Ալավերդիում ապրելու դեպքում ինչ վտանգներ կարող են սպառնալ Ձեզ ու Ձեր երեխաների առողջությանը: Ձեր կարծիքով այստեղ ապրողների երեխաներն ու նրանց ծնողները մարդիկ չե՞ն: Ցավում եմ ալավերդցիների մեծ համբերության համար:
Վահրամ Ավագյան
Հարգելի տիկին Փարեմուզյան, Հետքի հարգարժան խմբագրություն Հոդվածի վերջին պարբերության վերաբերյալ այս պահին հարկ եմ համարում հայտնել (հիշեցնել) հետևյալը. Լարիսա Փարեմուզյանը խնդրո առարկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ինձ զանգահարել է ոչ աշխատանքային ժամի (աշխատանքային օրվա ավարտից հետո): Հղում անելով տեղեկատվության տրամադրման` ընկերությունում գործող կարգին, ես խնդրել եմ հարցերը ներկայացնել գրավոր: Այդ կարգով տիկին Փարեմուզյանը «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մի շարք անգամ տեղեկատվություն ստացել է և գիտի այդ կարգի մասին: Այդուհանդերձ հնչած հարցին, թե որքան ժամանակ է շարունակվելու հին և նոր ծնելույզներից զուգահեռ արտանետումները, պատասխանվել է, որ դա պայմանավորված է նոր ծխնելույզի շահագործման փորձնական (փորձարկումային) ռեժիմով և կարծում եմ, որ կտևի ոչ շատ երկար ժամանակ: Այլ հարցերի մասին ասվել է, որ գրավոր հարցումն ունենալուց հետո տեղեկատվությունը համապատասխան ստորաբաժանումից կստացվի և դրա հիման վրա կտրվի պատասխան: Տվյալ պահին (ոչ աշխատանքային ժամի) բնականաբար, անհրաժեշտ տեղեկատվությունը «ձեռքի տակ» չէր: Լրացուցիչ հայտնում եմ, որ սույն հոդվածը մանրամասն կուսումնասիրվի, և անհրաժեշտության դեպքում կտրվեն պաշտոնական պարզաբանումներ: Հարգանքով` Վահրամ Ավագյան «Վալլեքս» խմբի ըկերությունների մամլո խոսնակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter