HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանը` «Մեծ քույրը»

Անցյալ տարվանից Կենտրոնի դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննում է Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի հերթական գործը, որով ամբաստանվում են 4 հոգի` Ագապի Ասոյանը, Հասմիկ Քարամյանը, Գայանե Մելքոնյանը եւ Ալեքսան Կիրակոսյանը: Երեկվա նիստում դատարանը հարցաքննեց հենց Ալեքսան Կիրակոսյանին, ով հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանի հարազատ եղբայրն է:

Ալեքսանն անազատության մեջ է անցյալ տարվա մարտից: Նա մեղադրվում է 2006թ. չարենցավանցի մի աղջկա սեռական շահագործման ենթարկելու նպատակով Թուրքիա` քրոջ մոտ ուղարկելու համար: Սակայն Ալեքսանը հերքում է մեղադրանքը, նշում, որ դեռ 1996 թվականից իր եւ քրոջ հարաբերությունները, անձնական խնդիրներով պայմանավորված, վատ են, ինքը, թեեւ իմացել է Գոհարի գործունեության մասին, նրա հետ ոչ մի կապ չունի: Վերջինիս պատմելով`  2003 թ. Գոհարը երեք աղջկա հետ գիշերվա 3-ին 3 ժամով այցելել է Բանգլադեշ թաղամասում գտնվող իր բնակարան, ու դրանից հետո ինքն այլեւս քրոջը չի տեսել: Մինչեւ 2009թ. քույրը Թուրքիային 1-2 անգամ է զանգել իրեն, «իսկ ընենց` առանց բարեւ, զանգել հարցրել է պապայի առողջականից»: «Շուն-գել, իմ քուրն ա: Ինչքան էլ ուզում ա բերեն, թեկուզ պատի տակ գնդակահարեն, էլի իմ քուրն ա»,- երեկ դատարանում հայտարարեց Ալեքսան Կիրակոսյանը: Հարցաքննության ժամանակ վերջինս դեռ տեղյակ չէր, որ նույն ժամերին քույրը Թուրքիայում հայտնվել է ոստիկանական «օպերացիայի» կենտրոնում: Երեւանի Կենտրոնի դատարանում քննվող այս գործի առանցքը պտտվում է հենց Գոհար Կիրակոսյանի շուրջ: Նրա անունը հոլովվել է թրաֆիքինգի տարբեր գործերում. տարիներ շարունակ բազմաթիվ հայ աղջիկներ Թուրքիայում Գոհարի «հովանու» տակ ենթարկվել են սեռական շահագործման: 48-ամյա այս կավատն ամուսնացել է թուրքի հետ եւ ստացել Թուրքիայի քաղաքացիություն: 2003 թվականից ՀՀ իրավապահները կավատ Գոհարի նկատմամբ հայտարարել են հետախուզում: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ոստիկանությունը դեռ 10 ամիս առաջ սկսել էր հետևել Գոհար Կիրակոսյանի հանցավոր խմբին: Եվ ահա երեկ, ընտրելով հարմար պահ, թուրք իրավապահները 3 հյուրանոցում, 6 սրճարանում և 3 բնակարանում անցկացրած համաժամանակյա գործողության արդյունքում Գոհարին ձերբակալել են հանցավոր խմբի անդամների մեծ մասի` 18 հոգու հետ: Խմբի մյուս անդամներին ոստիկանությունը շարունակում է փնտրել: Թուրքական «Milliyet»-ի փոխանցամբ` ձերբակալվածներից 15-ը Թուրքիայի քաղաքացիներ չեն. անօրինական ներգաղթել են ու զբաղվել մարմնավաճառությամբ: Հետեւաբար, ենթադրվում է, որ նրանց երկրից կարտաքսեն: Աղբյուրը նաեւ հայտնում է, որ հանցավոր խումբը գործունեությունն իրականացնելիս կիրառել է տարբեր ծածկանուններ: Օրինակ` «պայուսակ», նշանակել է մարմնավաճառ, «թեյ կխմե՞ք»` մարմնավաճառ կուզե՞ք եւ այլն: Իսկ Գոհարին կոչել են «Մեծ քույր» ծածկանունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter