HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Վարդան Մուշեղյանի` սփյուռքի իրական ներուժն ու կապիտալը հաշվարկված չեն

Սփյուռքահայը, որը ցանկանում է բիզնես սկսել Հայաստանում, վախենում է գողությունից, կշտամբանքից ու ռեկետից: Սփյուռքահայը Հայաստանում որևէ երաշխիք չունի: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց ՌԴ սփյուռքահայ կազմակերպությունների կոմիտեի նախագահ Վարդան Մուշեղյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեցող սփյուռքահայերին Հայաստանը մեկուսացրեց և քաղաքականապես, և տնտեսապես: «Եվ ասացին` «կովի պես կթենք ձեզ», կոպիտ ասած, «դուք հայրենիքը սիրում եք, չէ՞, էս էլ է, չէ՞, ձեր հայրենիքը. դե, օգնեք»: Իսկ սփյուռքը շատ նրբազգաց է այդ առումով, և դա ընդունում է շատ ցավով»,- ասաց Վարդան Մուշեղյանը: Երբ լրագրողները հարցրին, թե արդյոք բանախոսը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաաստան-սփյուռք հարաբերություններում տիրող վիճակը` նա ասաց, որ նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի և մասամբ Քոչարյանի տարիները: 1992-ականներից ի վեր Վարդան Մուշեղյանը որևէ դրական տեղաշարժ չի տեսնում Հայաստանում: «Եթե կոռուպցիան կա, ուրեմն ոչ մի շարժ չկա, ուրեմն մեր ազգը խեղդվում է: Հայերը պիտի դառնան կորպորացիա, կլանային չպիտի լինի»,- ասաց նա: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ սփյուռքահայերն, այնուամենայնիվ, փաստացի ներդրումներ անում են Հայաստանում` Վարդան Մուշեղյանն ասաց, որ այդ ներդրումները տարիների ընթացքում զգալիորեն պակասել են, և այնքան շատ չեն, որքան ներկայացվում է: Բացի դրանից` Հայաստանի տնտեսությունն այսօր մի քանի ընտանիքի ձեռքում է: Այս ընտանիքները որևէ մրցակցություն չեն հանդուրժում, և ամեն մեկը որոշել է, թե որն է իրեն պատկանող տարածքը: «Առաջին հերթին Հայաստանում պետք է ստեղծվի այն օրենսդրությունը, որը տա երաշխիքներ և հնարավորություններ, որ սփյուռքահայերը կարողանան այդ ներդրումները համարձակ անել և հույս ունենալ, որ դա ունի ապագա: Կամաց-կամաց սփյուռքը սկսում է ավելի ու ավելի հիասթափվել էս վիճակից և ինքնամփոփվել, և սփյուռքում կյանքը դառնում է շատ ավելի դառը, քան կար»,- ասաց Վարդան Մուշեղյանը: Վերոնշյալը, սակայն, չի նշանակում, թե սփյուռքը հրաժարվում է Հայաստանից: Բայց Հայաստանի պետականության, տնտեսության կայացման գործում մեծ դեր կարող էր ունենալ սփյուռքի ներուժը. Հայաստանը ահռելի օգուտներ կստանար, եթե օգտագործեր սփյուռքահայերի` արտերկրում կայացրած տնտեսությունը (էքստերիտորիալ տնտեսություն): Օրինակ` Մերձավոր Արևելքում, Վարդան Մուշեղյանի խոսքերով, բանկային համակարգը հայերի ձեռքին է, և դրանից չօգտվելը սխալ է: Ռուսաստանի հայկական կապիտալը ևս արտակարգ մեծ է: Սակայն հայերը նույնիսկ չեն փորձում հաշվարկել, թե այն որքան է: Վերջերս «Ноев ковчег» սփյուռքահայ ամսաթերթում հրապարակում եղավ այն մասին, թե հայկական ծագումով գործարարները որքան կապիտալ ունեն, սակայն Վարդան Մուշեղյանի համոզմամբ` այդ կապիտալը շատ ավելի մեծ է: «Շատ ավելի շատ հայ գործիչներ կան, որոնք կապված են և նավթի, և ապահովագրությունների հետ, և ունեն մեծ կապիտալներ Ռուսաստանում: Մենք չգիտենք` ինչ ռեսուրս ունենք Եվրոպայում, Սինգապուրում, անգամ Ամերիկայում: Չենք արել այդ հետազոտությունները, չունենք այդ պատկերը»,- ասաց բանախոսը: Նրա համոզմամբ` հայկական պետականությունն այսօր սաղմնային վիճակում է, և իր մոդելով դեռ չի ձևավորվել այնպես, ինչպես հայերը կցանկանային, և սփյուռքը դա զգում է: Հայաստանի անկախացման սկզբնական շրջանում սփյուռքը խանդավառված էր և օժանդակեց Հայաստանին թե ֆինանսապես, թե հոգեպես, բայց կամաց-կամաց խանդավառվածությունն անցավ: Հայաստանի պետության ամենամեծ սխալներից մեկը երկքաղաքացիությունը Սահմանադրությամբ արգելելն էր, ինչը միայն վերջերս ուղղվեց: Վարդան Մուշեղյանը 3 ամիս առաջ նամակ է ուղարկել ՀՀ նախագահին: Նամակում ներկայացրել է վերոնշյալ, ինչպես նաև սփյուռքի կրթության և մշակույթի խնդիրների վերաբերյալ իր մտահոգությունները: Վարդան Մուշեղյանը որևէ պատասխան չի ստացել նախագահից: Իսկ Սփյուռքի նախարարությունից, որտեղ նա ուղարկել էր նամակի կրկնօրինակը, շատ ընդհանրական պատասխան է ստացել: Ռուսաստանում հայերի ձուլումը շարունակվում է: Այսօր Ռուսաստանում գործող հայկական դպրոցները շատ ցածր մակարդակի կրթություն են ապահովում` ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի հրեական դպրոցների, որտեղ հաճախում են ոչ միայն հրեաներ, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ: Ի տարբերություն հայկականի` հրեական սփյուռքը բոլոր երկրներում առաջնորդվում է մեկ սկզբունքով. որևէ տարաձայնություն չունենալ մշակույթի և կրթության հարցում: Լրագրողներից մեկը հարցրեց, թե Ռուսաստանի սփյուռքահայերը ի՞նչ են ուզում անել Հայաստանի համար: Օրինակ` Ռուսաստանում գտնվող հայերը կվերադառնայի՞ն Հայաստան և կծառայեի՞ն երկրին, որպեսզի ամրապնդեն հայկական պետականությունը: «Գան որտե՞ղ ծառայեն, աշխատատեղ ունե՞ք, որ հրավիրեք»,- պատասխանեց Սփյուռքահայ կազմակերպությունների կոմիտեի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter