HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ արժեք ունեն կառավարության հորդորները գործարարների համար

Իջեւանի գինու գործարանն արդեն ավարտել է խաղողի մթերման գործընթացը: Ինչպես այս գործարանում, այնպես էլ հանրապետության գրեթե բոլոր գործարաններում, մթերում իրականացնողները չեն հետեւել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հորդորներին, որ խաղողը մթերեն 120 դրամից ոչ պակաս գնով: Այս տարի խաղողի բերքն առատ էր: Եթե նախորդ տարիներին խաղողի գինը շուկայում ցածր էր, ապա այս տարի կիլոգրամը վաճառվում էր 250 դրամից ոչ պակաս: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են երկու անգամ պակաս գնով մթերում գործարարները, այն էլ` կառավարության հորդորներից հետո: Օրինակ` նույն Իջեւանի գինու գործարանում խաղողը մթերվել է 110 դրամով: Այդ մասին նշված է նույնիսկ Տավուշի մարզպետարանի էլեկտրոնային կայքում: «Հետքի» հետ զրույցում գործարանի փոխտնօրեն Ռոբերտ Իսկանդարյանն ասաց, որ իրենք խաղողը մթերել են տարբեր գներով`110-250 դրամով` կախված խաղողի տեսակից: 250 դրամով մթերվել է արենի տեսակի խաղողը, իսկ 110 դրամով ընդունել են անորակը, ցածր շաքարայնություն ուեցող եւ «ճաքած» խաղողը: Ռ. Իսկանդարյանն ասաց, որ գյուղնախարարությունը տեղյակ է, թե իրենք ինչ գնով են մթերում իրականացրել: «Գյուղանախարարը մեզանից միջինացված թիվ է ուզել, մենք էլ ներկայացրել ենք: Մեր մթերման միջին գինը եղել է 125 դրամ»,- ավելացրեց փոխտնօրենը: Հարցին, թե կառավարությունում գիտեն, որ գործարանը 120 դրամից ցածր մթերում է իրականացրել, Ռ. Իսկանդարյանը հստակ պատասխան չտվեց: Ամեն դեպքում, գործարանն իրեն ապահովագրելու համար ստիպել է գյուղացիներին, որ վերջիններս գրավոր դիմում գրեն տնօրենի անունով, թե իբր համաձայն են ցածր գնով խաղողի մթերման գործարանի առաջարկի հետ եւ գնի վերաբերյալ որեւէ առարկություն չունեն: Հետո Ռոբերտ Իսկանդարյանն անկեղծացավ. «Բայց ես ձեր հարցի իմաստը չհասկացա»: Ապա ավելացրեց. «Ես գիտեմ, որ 80 դրամով էլ է խաղող մթերվել, շատ տարբեր տեղերում, ամբողջ Արարատյան դաշտում»: Մեր հարցին, թե որ գործարանն է մթերել 80 դրամով, հետեւյալ պատասխանը տվեց. «Դե հիմա, հո ես ինֆորմատոր չեմ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Արմեն Գեւորգյանը Արմավիրի մարզի մթերող գործարաններ կատարած այցի ժամանակ ասել էր, որ մթերող ընկերությունները հիմնականում պահպանում են խաղողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորպես` խաղողի 1 կգ-ի արժեքը կազմում է 120 դրամ: Փոխվարչապետի հանձնարարականով գործընթացին մշտապես պետք է հետեւեին նաեւ ՀՀ գյուղնախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչները` հատկապես մթերվող խաղողի գներին ուշադրություն դարձնելու համար: «Այն ընկերությունները, որոնք խաղողի 1 կգ-ն մթերում են մինչեւ 120 դրամով, պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը: Անհրաժեշտության դեպքում հարցը լրացուցիչ կքննարկվի ՀՀ կառավարությունում»,- ասել էր փոխվարչապետը: Վերջում էլ խաղողագործներին կոչ էր արել` գյուղնախարարությանը եւ համապատասխան մարզպետարաններին տեղեկացնել այն ընկերությունների մասին, որոնք մթերումը կազմակերպում են մինչեւ 120 դրամով` համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ քայլեր ձեռնարկելու համար: Օրինակից արդեն պարզ է, որ ինչպես գյուղնախարարությունը, այնպես էլ մարզպետարանները քաջատեղյակ են, որ խաղողը մթերվել է 120 դրամից պակաս գնով: Փաստն այն է, որ դրանից հետո էլ ոչինչ չի փոխվել: Տարածքային կառավարման նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ առայժմ հայտնի չէ` 120 դրամից պակաս գնով ընդունած գործարանների հարցը հատուկ քննարկվել է, թե ոչ: Այս մասին խոստացան պարզաբանումներ տալ առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter