HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սրանից ավելի ոչ լեգիտիմ օրենք, ծրագիր դժվար է առհասարակ պատկերացնել»

Google որոնողական համակարգում օտարալեզու դպրոց արտահայտությունը մուտքագրելու դեպքում կստանանք կես միլիոն որոնման արդյունք` հղում, այսինքն` գրեթե այնքան, որքան Հայոց ցեղասպանություն արտահայտությունը մուտքագրելու դեպքում: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը:

Այս օրերին լրանում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ մտցնելու կառավարության նախաձեռնության կես տարին: Նույնքան ժամանակ գործունեության է ծավալում նաև «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը, որի անդամներն այսօրվա ասուլիսին ամփոփեցին իրենց գործունեությունը: Շարժումը դեռ չի հասել իր նպատակին` չի կանխել օտարալեզու դպրոցներ բացելու օրինագիծը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումն ունի այն մարդկանց ցուցակը, ովքեր այս 6 ամսվա ընթացքում մամուլում հոդվածներ են տպագրել, իրենց մտահոգությունն են հայտնել օտարալեզու դպրոցների հնարավոր վերաբացման առթիվ: Ցուցակում մոտ 150 մարդ կա: «Ենթադրում ենք, որ դա ամենևին էլ ամբողջական ցուցակը չէ: Այստեղ մարդիկ են, որոնք որևէ մեկը չի հիշում, որ այս 20 տարվա ընթացքում իշխանությունների դեմ երբևիցե որևէ բառ ասած լինեն, բայց այս հարցում նրանք ընդդիմացել են, նրանք բողոքել են»,- ասաց Էդգար Առաքելյանը: Նա նշեց, որ չնայած առկա է հասարակական լուրջ դիմադրությունը, և հասարակությունը բարձրաձայնում է իր դժգոհության մասին` իշխանությունները որոշել են առաջ տանել իրենց ծրագիրը: «Սրանից ավելի ոչ լեգիտիմ օրենք, նախագիծ, ծրագիր դժվար է առհասարակ պատկերացնել: Եվ խնդիրն այն է, որ սա իշխանության ոչ լեգիտիմ քայլերի այդ մեծ շղթայի միայն մեկ օղակն է: Մենք գործ ունենք ոչ լեգիտիմ ընտրությունների հետ, ոչ լեգիտիմ դատավարություններ, ոչ լեգիտիմ կադրային նշանակումներ, ոչ լեգիտիմ անտառահատումներ»,- ասաց Էդգար Առաքելյանը: Նրա խոսքերով` օրինագիծը ներկայացնելու հենց առաջին օրերին արդեն պարզ էր, որ հասարակական դիմադրություն է լինելու, և եթե կառավարությունը խելամիտ լիներ, հենց այդ օրերին կհրաժարվեր օրինագծից, սակայն կառավարությունն առաջնորդվեց «Էշին նստելը մի ամոթ, էշից վայր ընկնելը` երկու ամոթ» ժողովրդական ասացվածքով: «Բայց այդպես էլ չնկատեցին, թե այս ընթացքում ինչքան, այդ նույն ժողովրդի լեզվով ասած, «աբուռներ» թափվեցին նրանց գլխին` «էշի վրա նստած» ժամանակ»,- ասաց Էդգար Առաքելյանը: Առաջինը «աբուռն» այն էր, որ օտարալեզու դպրոցների գոյություն ենթադրող օրինագծի դեմ համախմբվեցին հասարակական, քաղաքական, մշակույթի, գիտության գործիչներ, որոնք որևիցե առիթով չէին ընդդիմախոսել իշխանությանը: Բացի դրանից` օրինագծի դեմ համախմբվեցին բացարձակապես տարբեր քաղաքական և այլ հայացքներ ունեցող մարդիկ: Երկրորդ «աբուռն» այն է, որ Կառավարության նիստերի դահլիճի դիմաց օրինագծի ընդդիմախոսները օրինագծին կողմնակից պատգամավորներին դիմավորում էին սուլոցներով, «դավաճաններ», «ստրուկներ» և այլ վիրավորական վանկարկումներով: Ըստ Էդգար Առաքելյանի` մեկ այլ «աբուռ» է այն, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ նախաձեռնելու մտադրություն հայտնված մարդիկ, (ըստ էության որոնց համար և կառավարությունը ցանկանում է փոփոխել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները), հրաժարվեցին իրենց մտադրությունից: Բայց կառավարությունն այդպես էլ հետ չկանգնեց իր մտադրությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter