HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պատրաստվում է փաստաթուղթ` օտարալեզու դպրոցների բացվելու դեպքում առաջանալիք խախտումների վերաբերյալ

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը պատրաստում է մի համապարփակ փաստաթուղթ, որում կետ առ կետ ներկայացնելու է, թե տնտեսական, իրավական և այլ տեսանկյուններից ինչ բացասական հետևանքների կհանգեցնի օտարալեզու դպրոցների մասին օրինագծի ընդունումը և կիրարկումը: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ընդունվելու դեպքում օրինագիծը խնդիրներ կառաջացնի թե հանրակրթության, թե բարձրագույն կրթության բնագավառում: «Երբ մենք այս առաջարկվող օրենքները համադրում էինք «Բարձրագույն կրթության» մասին, ընդհանրապես «Կրթության մասին» օրենքի հետ, այնպիսի մի ահավոր իրավիճակ էր ստացվում, որ այս ամենը պետք է ներկայացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Սկզբնապես կառավարությունը նախատեսում էր 30 օտարալեզու դպրոց բացել Հայաստանում: Այնուհետև այդպիսի դպրոցների քանակը դարձավ 15, հետո` 11: Կառավարությունը համարում է, որ սահմանափակելով օտարալեզու դպրոցների քանակը` չեզոքացնում է հասարակության մատնանշած վտանգները: Մինչդեռ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Էդգար Առաքելյանը, նշեց, որ սահմանափակումն ինքնին մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Օրինակ` որևէ ձեռներեց կարող է ցանկություն հայտնել զբաղվել կրթական բիզնեսով` մասնավոր դպրոց բացել Հայաստանում, բայց հնարավորություն չի ունենա, քանի որ նման դպրոցներ բացելու են որոշակի գործարարներ: Սա խախտում է: «Մասնավոր դպրոցների թիվը սահմանափակելն անօրինական է, քանի որ ցանկացած ձեռներեց կարող է դիմել միջազգային դատարան և պահանջել թույլ տալ նոր դպրոցներ բացել»,- նշվում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման տարածած հայտարարության մեջ: Երկրորդ խախտումը, Էդգար Առաքելյանի խոսքերով, վերաբերում է կրթություն ստանալու իրավունքին: «Եթե այդ միջազգային դպրոցները այդքան դրական բան են, ապա 11 դպրոցում ամբողջ բնակչությունը չի կարող սովորել»,- ասաց նա: Ուստի, ոչ բոլոր երեխաները կկարողանան օգտվել իրենց իրավունքից` սովորել օտարալեզու դպրոցում, ինչը կրթության ստանալու իրավունքի ոտնահարում է: «ՄԱԿ-ի Կոնվենցիան ընդդեմ խտրականության կրթության բնագավառում պահանջում է միջնակարգ կրթության տարբեր ձևերի հասանելիություն բոլորի համար: Հետևապես, նաև ցանկացած ծնող իրավունք կունենա պահանջելու, որ իր երեխան հաճախի տվյալ տիպի դպրոց»,- գրված է վերոնշյալ հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման համոզմամբ` բացվելիք օտարալեզու դպրոցների սահմանափակումը իշխանություններն այս պահին օգտագործում են որպես իրենց համար նպաստավոր փաստարկ, սակայն շուտով այդ սահմանափակումը ական կդառնա հայալեզու կրթության համար, քանի որ ցանկացած դատարան կհաստատի այդ սահմանափակման անօրինականությունը, և այլալեզու կրթության տարածումն այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել: Փաստաթղթում, որը պատրաստում է քաղաքացիական շարժումը, անդրադարձ է լինելու այս բոլոր խախտումներին: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք հունիսին ներկայացրել էինք նմանօրինակ մի փաստաթուղթ, որով առաջարկում էին օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն միջազգային կրթական ծրագրերը տեղայնացնել և կիրառել հայերենով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter