HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Գագաթնակետը եղավ այս վերջին դարակազմիկ սուտը, խայտառակությունը կամ անգամ հարամը»

Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ իրար ամբողջովին հակասող տեղեկություններ են տարածել

«Պատկերացրեք ՀՀ ամենալավ օրենքը` կապված մարդու իրավունքների հետ, մի հոյակապ տեքստ, մի 100 կետ, որտեղ մանրամասն ճշտվում է, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ, այդ մարդու իրավունքները ինչպես պիտի պաշտպանվեն, Հայաստանի քաղաքացին ինչ իրավունք ունի, և ընդամենը մի փոքր կետ կա, որտեղ ասվում է, որ այս օրենքը գործում է Հայաստանի քաղաքներից մեկում, ասենք` Ապարանում, տոնական օրերին` ժ. 19:00-21:00:

Այսինքն` արհեստականորեն կարելի է լավագույն օրենքի գործունեության ծավալը և ոլորտը փոքրացնել և դարձնել այն անիմաստ»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Քաղաքացիական շարժման համոզմամբ` հենց վերը նկարագրվածն է տեղի ունեցել «Լեզվի մասին» օրենքի հետ: Այս օրենքով սահմանվում է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ուսուցման լեզուն գրական հայերենն է, օրենքում կան հայերենը` որպես պետական լեզու պաշտպանող այլ դրույթներ ևս: Եվ հանկարծ «Լեզվի մասին» օրենքում հղում է արվում «Հանրակրթության մասին» օրենքին ու նշվում, որ մնացած հարցերը կարգավորվում են «Հանրակրթության մասին» օրենքով: Իսկ այդ օրենքը նախատեսում է 11 օտարալեզու դպրոց, 7-րդ դասարանից սկսած` օտարալեզու կրթություն և այլն: «Այսինքն` ամբողջ այն փաթեթը, որ կար դեռ ամռանը, անցնում է «Հանրակրթության մասին» օրենք: Այսպիսի փոփոխություններ ընդունելուց հետո «Լեզվի մասին» օրենքը, որը մեր հիմնարար օրենքներից մեկն է, որը սահմանադրական նշանակություն ունեցող օրենք է, և որը մեր պետական գոյության ամենակարևոր ոլորտներից մեկն է կարգավորում, փաստորեն, արժեզրկվելու է: Այսինքն` այնքան է նեղացվում նրա գործածությունը, որ ինչ-որ երկրորդական օրենքներով պիտի կարգավորվի մեր հանրակրթության ուսուցման լեզուն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` փոփոխություններից հետո լուրջ հակասություններ կան նաև օրենդրական փաթեթի բուն տեքստում: Փաթեթը հակասության մեջ է մտնում բազմաթիվ այլ օրենսդրական ակտերի և առհասարակ ՀՀ սահմանդրական կարգի հետ, որն ապահովում է ՀՀ օրենդրության միասնականությունը` որպես համակարգ: «Այսինքն` ՀՀ-ում չի կարող գործել մեկ օրենք, որն այդ սահամանդրական համակարգից դուրս է և մնացած օրինագծերի հետ մի օրգանական ամբողջականություն չի կազմում, ինչը մենք ունենք այս դեպքում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Արայիկ Հարությունյանն, ասաց, որ հակառակ իշխանության հավաստիացումներին` «Լեզվի մասին» օրենքը չի հանվել օրենսդրական փաթեթից: Նախկինում «Լեզվի մասին» օրենքի 2-րդ կետում ստորակետ էին դնում և գրում «բացառությամբ օրենքով սահմանված կարգի»: Իսկ հիմա «Լեզվի մասին» օրենքում հղում են անում «Հանրակրթության մասին» օրենքին, որն էլ հենց սահմանում է այդ «բացառությամբ սահմանված կարգը»: «Այս ամենի գագաթնակետը եղավ այս վերջին դարակազմիկ սուտը, խայտառակությունը կամ Գալուստ Սահակյանին ավելի հոգեհարազատ բառով` անգամ հարամը, երբ մարդիկ հայտարարեցին ամբողջ ազգին, որ «Լեզվի մասին» օրենքին չեն դիպչելու: Սովորաբար ասում են` «Ստի կյանքը 40 օր է», բայց ընդամենը 20-22 օր հետո հանկարծ հետ կանգնեցին իրենց այդ հայտարարությունից: Իրենք իրենց փաստորեն ծուղակի մեջ են գցել սրանով. դրժել են խոստումը, ըստ էության, ստախոսի պահվածք են դրսևորել, և մենք 1-ին փուլում նախատեսում ենք դրա մասին հնարավորինս շատ մարդու տեղյակ պահել»,- ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը: «Ստերի, ոչ կոմպետենտ մարդկանց հայտարարությունների մի շարան է եղել, որին պետք է ուշադրություն դարձնեիք»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նա մանրամասնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտարարել են, որ «Լեզվի մասին» օրենքը հանված է օտարալեզու դպրոցների գործունեություն ենթադրող փաթեթից: Մինչդեռ այդպես չէ: Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ նմանատիպ տեղեկություններ է տարածել նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. երբ Արցախում անցկացվող Լրագրողների համահայկական համագումարում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամը փորձել է հարցը բարձրացնել, Հրանուշ Հակոբյանը ողջ աշխարհում հայկական ԶԼՄ-ներից մոտ 250 լրագրողի առջև հայտարարել է, որ «Լեզվի մասին» օրենքը հանվել է փաթեթից, ամեն ինչ նորմալ է, և հարցը քննարկելու կարիք չկա: «Այսինքն` սուտը, կեղծիքը հասարակության հետ շփվելու գլխավոր միջոց է դառել արդեն անթաքույց: Եվ ընդհանրապես հանրության հետ հարաբերությունների որակը պետք է շատ լուրջ քննել: Այսպե~ս վերաբերվել հասարակությանը` փաստորեն խաբելով»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Իր հերթին Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արմեն Աշոտյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ օտարալեզու դպրոցների գործունեության դեպքում հայերենը կվերածվի կենցաղային լեզվի, քանի որ նախարարն ասում է, որ մտահոգվելու կարիք չկա, որովհետև երեխաները հայերեն կխոսեն փողոցում և տանը: «Երբ իր առջև ասում ես. «Դու դրանով հայոց լեզուն վերածում ես կենցաղային լեզվի», ասում է. «Ես այդպիսի բան չեմ ասել»»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Այսքանով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հայտարարություններում առկա հակասությունները չեն ավարտվում: Էդգար Առաքելյանի խոսքերով` հունիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով իրենց խմբի հարցերին, հայտարարեց, թե Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու (անգամ ոչ թե առիթը, այլ) պատճառն այն է, որ իրեն` վարչապետին այցելել է 2 նախաձեռնող խումբ` Թայլանդի ռեգենտների դպրոցը և հայտնի ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանի խումբը: Այդ 2 խումբն առաջարկել է Հայաստանում բացել դպրոցներ, որտեղ ուսուցումը կանցկացվի անգլերենով: «Ռեգենտների դպրոցը պաշտոնապես հայտարարեց, որ երբևիցե այդպիսի մտադրություն չի ունեցել, այսինքն` վարչապետին խաբեբա հանեց»,- ասաց Էդգար Առաքելյանը: Անգամ եթե Ռեգենտների դպրոցը նման մտադրություն ունեցել է, ապա հակասություն է առաջանում Արմեն Աշոտյանի` նախկինում հնչեցրած հայտարարությունների հետ: Նախարարը հայտարարել էր, թե Հայաստանում օտարալեզու, մասնավորապես ռուսական դպրոցների պահանջարկ կա, դա բացառապես իր` Արմեն Աշոտյանի ծրագիրն է, մեզ բիլինգվալ հասարակություն է անհրաժեշտ, օտարալեզու դպրոցները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: «Կարծես թե ուրեմն հայոց լեզուն խոչընդոտ էր որակյալ կրթություն ստանալու համար»,- ասաց Էդգար Առաքելյանը: Ռուբեն Վարդանյանը ծավալուն նամակ հղեց Հանրային խորհրդին, և խնդրեց վերջնական իրեն պատասխանել` այո կամ ոչ, թեև Հանրային խորհուրդը նախկինում մի քանի անգամ դեմ էր արտահայտվել օտարալեզու դպրոցների գաղափարին: Այս անգամ ևս Հանրային խորհուրդը պատասխանեց` ոչ: Ակնկալվում է, որ առաջիկա քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքվեարկի օտարալեզու դպրոցների գործունեություն նախատեսող օրինագիծը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնությունը» պատրաստվում է բողոքի ակցիաներ անցկանցնել: Արայիկ Հարությունյանի խոսքերով` սկզբնապես օրինագծով նախատեսվում էր օտարալեզու կրթությունը սկսել 1-ին դասարանից, հետո առաջարկվեց սկսել 6-րդ դասարանից, հետո` ավագ դպրոցից, և սա իրենց պայքարի արդյունքն է: «Մենք անելու ենք այն, ինչ արել ենք 6 ամիս շարունակ. ստեղծելու ենք պայման, հասարակական մի շարժում, որը ստիպելու է այս իշխանություններին ի վերջո մի կողմ դնել այդ օրինագծերը»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Իսկ Արմեն Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում այդ 11 օտարալեզու դպրոցները չեն բացվելու: «Այս օրենքի փոփոխությունները պարզապես մի հարված են մեր լեզվին սուր գործիքով: Թե ինչ գործիք է, ես անգամ չեմ ուզում մտածել, որովհետև այն նպատակի համար պայքարը, որ 21-րդ դարը լինի նաև հայերենի դար, այսօր Հայաստանում է տեղի ունենում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter