HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունները անօրինական կերպով խոչընդոտում են քաղաքացիների հավաքների ազատությունը

Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Հրայր Սավզյանը և Մարիա Աղաջանյանը Երևանի քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 17:00-20:00, Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարակից տարածքում կամ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք և բացօթյա համերգ անցկացնելու վերաբերյալ: Ս.թ. հոկտեմբերի 13-ին ստացվել է Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ.Բաղդասարյանի թիվ 5/Ս-2664 պատասխանը, որով հայտնել է, որ իրազեկումը կքննարկվի «Կասկադ» համալիրի տնօրինության գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նշված օրը և ժամին անցկացվելու է նախապես իրազեկված այլ միջոցառում: Նաև առաջարկվել էր «նախատեսված միջոցառումն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին»: Երևանի քաղաքապետարանի պահանջը` միջոցառումն այլ վայրում անցկացնելու վերաբերյալ, անօրինական էր, քանի որ բացակայում էին հանրային միջոցառման համար այլ վայր առաջարկելու օրենքով սահմանված հիմքերը: Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարածքը համարելով աննպակատահարմար` միջոցառման կազմակերպիչները մեկ անգամ ևս դիմել են Երևանի քաղաքապետին` իրազեկելով համերգ-հանրահավաքը Երևան քաղաքի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում կամ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև գտնվող այգում անցկացնելու մասին: Ի պատասխան` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հայտնել է, «որ դեռևս 13.10.2010թ. հ.5/Ս-2664 գրությամբ Ձեզ արդեն իսկ տեղեկացվել է, որ քաղաքապետարանը չի առարկում նախատեսված միջոցառումն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին»: Երևանի քաղաքապետարանը, փաստացիորեն, չի արգելել համերգ-հանրահավաքի անցկացումը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ «ա» ենթակետի համաձայն` «դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը»: Այդպիսով, Թեղուտի պաշտպանության խումբը պատրաստվել է իրականացնել միջոցառումը որոշված օրն ու ժամին` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում: Այսօր` միջոցառման նախօրեի առավոտյան, միջոցառման կազմակերպիչ Հ.Սավզյանին է զանգահարել գնդապետ Զարզանդ Եղիազարյանը և տեղեկացրել, որ «միջոցառումը չի լինելու», քանի որ քաղաքապետարանը «մերժել է» դրա իրականացումը Կոմիտասի արձանին հարող տարածքում և թույլ է տվել անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Այնուհետև նա հեռախոսը փոխանցել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, որը սկսել է գոռգոռալ և ասել, որ իրենք միջոցառումը «թույլ չեն տալու, գալու են ու արգելելու են», և ավելացրել. «Ոչ մի հարց, լսի, չե՞ս հասկանում, արգելված ա, չեք անելու, վերջ»: Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչների սպառնալիքները խոչընդոտ են օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու համար, որը հանդիսանում է հանցագործություն` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքը, որի իրականացման համար պետությունը կրում է անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պոզիտիվ պարտականություն: Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչների սպառնալիքներով անհիմն և անօրինական կերպով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու` ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 17:00-20:00-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում կանցկացվի համերգ-հանրահավաք` հայտնի հասարակական և մշակույթային գործիչների մասնակցությամբ: Կոչ ենք անում բոլորին մասնակցելու այս միջոցառմանը և դիտարկելու Հայաստանի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հավաքների իրավունքի իրացումը: Թեղուտի պաշտպանության խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter