Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

32-ամյա կին, ում պատմությունն իր չորս երեխաներն են



Ֆոտոխցիկը ձեռքիս հերթական անգամ ներկա էի Էջմիածնում իրականացվող միջոցառումներից մեկին: Փոքրիկը, որը խիստ տարբերվում էր բոլոր երեխաներից, մոր գրկից չէր իջնում:

Ես  լուսանկարում  էի նրան: Մայրը ժպիտով նայեց ինձ եւ ասաց, որ նրան հաճախ են լուսանկարում: Երբ հեռացա նրանցից, կնոջ  տխրությունն ու լուսավոր երեխան արդեն իսկ տպավորություն էին գործել վրաս:

-Շատ դժբախտ կին է: Չորս երեխա ունի, ամուսինն էլ մահացել ա,- ասաց էջմիածնեցի ծանոթներցս մեկը, որը  անձամբ գիտեր Զեմֆիրա Հովսեփյանին:

Միջոցառումից հետո Զեմֆիրային խնդրեցի զրուցել:

Նրա պատմությունը դժբախտությունների մի երկար շարանի պես պատկերվեց աչքիս առաջ:

Զեմֆիրան ընդամենը երեսուներկու տարեկան է: Ապրում է Աղավնատուն գյուղում: Չորս անչափահասների մայր:

Յուրաքանչյուր բառը  նա արտասանում էր արցունքները կուլ տալով, իսկ փոքրիկ Պավելը, ում ես անդադար լուսանկարում էի, աղմկում էր մոր գրկին:

-Ես կյանքով լեցուն էի, ակտիվ: Հիշում եմ` տարիներ առաջ ինչպես էի կազմակերպել  ինքնագործ արվեստագետների ցուցահանդես: Բոլորի մոտ շոկ էր առաջացել դրանից: Եվ հետո հասկանալով, որ ուզում եմ  շատ բան կիսել մարդկանց հետ եւ խուսափել սեւ-սպիտակից, ես 2001 թ.-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) կինոյի եւ թատրոնի դերասանական բաժին: Բայց նպատակս դերասան դառնալը չէր, այլ իմ խումբը, ստուդիան ունենալը:

2002 թվականին  ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն: Համագյուղացիս էր: Ես սիրում էի նրան, նա` ինձ: Կարծում էի` ընտրությունս ճիշտ է: Ես զոհեցի ամեն ինչ. կրթություն, ազատ կյանք, երազանքներ... Սկսվեց իմ դժոխային կյանքը:

Երբ Զեմֆիրայի ամուսինը դատապարտվում է, նա արդեն սպասում էր երկրորդ երեխային: Զեմֆիրան ամեն կերպ փորձում է ամուսնուն դուրս հանել բանտից:

-Երբ նա դուրս եկավ, արդեն ծանր հոգեկան վիճակի մեջ էր: Մշտական կռիվներ, ծեծ... Ես ոչինչ  չէի կարողանում անել: Նույնիսկ նրա անունը լսելիս ուշաթափվում էի:

Իսկ ամուսնու զայրանալու պատճառները, պատմում է Զեմֆիրան, ավելացել էին եւս մեկով. նրանց երկրորդ երեխան ծնվել էր մտավոր թերզարգացվածությամբ:

Զեմֆիրան սկսում է կյանքի գնով  երեխային` Մարիամին,  ոտքի կանգնեցնել.

-Երբ նա  չորս տարեկան էր, կշռում էր ընդամենը 8 կգ: Երկար ժամանակ չէր կարողանում քայլել, շարժվել:
Անընդհատ  բուժումները, Զեմֆրայի ջանքերը զուր չեն անցնում:

Մարիամը, ում լուսանկարում եմ այսօր, արդեն  կարողանում է նորմալ քայլել, խոսել եւ հաճախում է Զվարթնոցի հատուկ դպրոցը: Նա շարունակում է բուժում ստանալ:

Երբ  նստել էր հայկական ավանդական տիկնիկի կողքին, անընդհատ ծածկում էր նրան ու սպառնում, որ եթե մրսեց, ինքը վատ կվարվի: Երբ նկատեց, որ լուսանկարում եմ իրեն, միանգամից եկավ ու պահանջեց ցույց տալ:

Մարիամից առաջ ընտանիքում արդեն ծնվել էր առաջնեկը` Նոյեմզարը:

Այդ խոշոր եւ տխուր աչքերով աղջնակն ամենից շատ է կիսում մոր հոգսը:

Մենք նստած ենք երեքով: Զեմֆիրան նայում է աղջկա աչքերին ու կիսախեղդվելով ասում.

-Ամենից շատ Նոյեմզարիս համար եմ անհանգստանում: Կռիվները, էդ դաժան օրերը, վախից կուչ գալը... Ամենն ինքն ա տեսել: Բայց խոսել է հոգեբանների հետ: Ահագին ձերբազատվել է էդ ամենինց: Հիմա կավագործությամբ է զբաղվում, նկարում է դպրոցին զուգահեռ:

Նոյեմզարից եւ Մարիամից հետո  ծնվել է որդին` Տիգրանը:

-Ես չէի կարող հրաժարվել ոչ մի երեխայիցս: Ու հիմա էլ գիտեմ, որ նրանցից բացի ոչինչ, ոչինչ  չունեմ:

Զեմֆիրան, ելք չունենալով դիմում է ոստիկանություն, մտածելով, որ հարցին լուծում կտան, սակայն, իմանալով, որ ամուսնուն հնարավոր է եւ կալանավորեն, հետ է վերցրնում դիմումը: Բայց դրանից հետո, ծայրահեղ մի վիճակում հայտնվելով, վերցնում  է երեխաներին եւ դիմում Կանանց ռեսուրսների կենտրոն:

Կենտրոնից նրան խորհուրդ են տալիս դիմել  իրավապահներին: Զեմֆիրան չի համաձայում: Հոգեբանական  օգնությունից հետո նրան երեխաների հետ տեղավորում են Գյումրիի մի բնակարանում:

-Բայց էնքան անազնիվ էի ինձ զգում էրեխեքի առաջ: Մտածում էի` ինչ եմ ասելու` ուր է ձեր պապան:

Իսկ այդ ժամանակ  ամուսինը ջանքեր է գործադրում նրանց տուն վերադարձնելու:

-Գիտես` ծայրահեղն էն էր, որ ինքը շատ սիրալիր էր, երբ պայծառ էր խելքը, հարբած չէր կամ էլ ծանր հոգեբանական վիճակի մեջ չէր:

Նա կարող էր մի գիշերվա մեջ մի ամբողջ շարք սովորեր Եսենինից, որ ասմունքեր ինձ համար, կամ ժամերով երգեր ինձ հետ միասին: Ես էի նրան հանգստացնողը եւ ես էլ դառնում էի նրա ստրուկը:

Ի վերջո երեք երեխաների հետ Զեմֆիրան վերադառնում է Աղավնատուն:

Շուտով ծնվում է չորրորդ երեխան` Պավելը, իսկ ամիսներ անց մահանում է Զեմֆիրայի ամուսինը:

Ես նստել էի բազմոցին, երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Հաջորդ օրը կրկին հանդիպեցի Զեմֆիրային այն տանը, որտեղ ես էի հանգրվանել: Տիգրանի հետ էր:

Մինչ Տիգրանը վերցրել էր շաքարավազի տարան եւ մեծ հաճույքով բավարարում էր քաղցրի ծարավը, Զեմֆիրան պայուսակից հանեց յոթը տարիների մասին պատմող օրագիրը:

Կին, որը կարողացել է դիմադրել ամեն ինչին, շարունակում է մեծացնել երեխաներին, կին, որը փայլուն տիրապետում է արվեստին եւ լեզվին, կին, ով ապրում է կիսախարխլված տանը, բայց ում պարտեզը նախանձելի տեսք ունի:

Հանդիպումից հետո սկսեցի կարդալ օրագիրը: Ամենից շատ երկու բան տպավորվեց իմ մեջ. յուրաքանչյուր օրվա վերջում նա հավատում էր վաղվա պայծառությանը եւ Աստծո ողորմությանը եւ պատահաբար օրագրում էր մոռացել այն պարտատերերի ցուցակը, ումից վերցնում է անհրաժեշտը իր երեխաների համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Ծովինար13:57 - 28 սեպտեմբերի, 2011
Շնորհակալություն հեղինակին՝ այս կնոջ պատմությունը ներկայացնելու համար: Թվում է, թե ինչ կարեւոր է՝ մեկ մարդու անձնական կյանքը: Բայց ցավոք, հազարավոր հայաստանցի կանայք են այդպիսի «ընտանեկան դժոխքում» ապրում: Եվ պատճառը հասարակության կեղծ ավանդապաշտությունն է: Ուղղակի գրողի ծոցն է պետք ուղարկել այն ավանդույթները, որ անմարդկայնություն են ծնում: Ավանդույթն արժեքավոր է միայն, երբ մարդկայնություն է ապահովում: Այս կինը ընտանեկան արժեքների իսկական պահապան է եւ հիացմունք է առաջացնում: Հիմա նրանք իսկական ընտանիք են: Բայց երբ նայում ես անցյալին, արժե՞ր արդյոք սեփական եւ երեխաների հոգեկան առողջության գնով պահպանել նման «ընտանիքը»: Ճիշտ հասկացեք, չեմ մեղադրում նրան, նույնիսկ ամուսնուն չեմ մեղադրում, այլ հասարակական այն կարծրատիպերը, թե ընտանիքը պետք է ամեն գնով պահպանել, թե կինը ամուսնու սեփականությունն է եւ ամուսինը կարող է տնօրինել նրան ինչպես ուզի՝ աշխատեցնել, ծեծել, սպանել... Մի խոսքով, շատ շնորհակալություն, որ այս մասնավոր պատմությամբ շատ կարեւոր հասարակական խնդիրների շուրջ մտածելու առիթ տվեցիք:
2. W. Wallace16:27 - 28 սեպտեմբերի, 2011
Առնվազն գովելի է, որ այս միայնակ մայրը այսպիսի չքնաղ բալիկներ է մեծացնում: Նման անձինք պետք է լինեն պետության եւ հասարակության ուշադրության կենտրոնում, որպեսզի չեզոքացվեն բոլոր բացասական գործոնները եւ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցույց տրվի: Ողջունելի է այս հոդվածի հրապարակումը Հետքի կողմից, քանի որ սա շատ ավելի ճիշտ պահ է միջամտության եւ աջակցություն ցույց տալու, քան ա պոստերիորի փաստել ինքնասպանությունների կամ սպանությունների մասին:
3. Անուշ Քոչարյան20:04 - 28 սեպտեմբերի, 2011
Ամենազարմանալին այդ կնոջ լավատեսությունն էր ու ազնվությունը...Այդքանից հետո նորից ուժ գտնել, համբերատար լինել ու լավատես....Խնդրում եմ բոլոր ընթերցողներին`հնարավոր տարբերակների դեպքում ցանկացած օգնության համար կարող եք դիմել ինձ
4. Անի02:13 - 29 սեպտեմբերի, 2011
փշաքաղվեցի. ոչ միայն պատմությունից, այլեւ պատմելու ձեւից: Լուսանկարները շատ ճիշտ են համադրված տեքստի հետ. էհ
5. Mariam11:03 - 29 սեպտեմբերի, 2011
Ես էլ ապրեցի էս կնոջ հետ: Տառապեցի ու ուրախացա: Շատ զգայական էր: Շնորհակալություն:
6. Անուշ Քոչարյան14:36 - 29 սեպտեմբերի, 2011
ուրախությամբ հայտնեմ,որ արդեն եղել են մարդիկ,ովքեր ֆինանսական եւ այլ օգնություն են առաջարկել...Կարող են մնացյալն էլ,եթե ուզում են...Իմ ֆեյսբուքի էջին գրել կամ էլ նամակի տեսքով:Anush Kocharyan-on facebook:
7. Արև21:10 - 29 սեպտեմբերի, 2011
Ուղղակի փշաքաղվեցի այս պատմությունից,նման մարդիկ արժանի են յուրաքանչյուրիս հպարտությանը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ցանկացած պարագայում էլ հաղթում է պայքարող մարդը....
8. Amal18:13 - 1 հոկտեմբերի, 2011
Txur e:(((
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ