HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարների լռության հետեւանքը

Հ. Գարեգին վարդապետ Հարությունյան, Մայր Աթոռի նախկին միաբան Բաց նամակ` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգեւոր դասին եւ հայ ժողովրդին Ցավալի դրվագ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նորագույն պատմությունից Սիրելի Հայրեր, քույրեր եւ եղբայրներ, Հայ եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքին տարատեսակ ու երբեմն բոլորովին իրարամերժ շրջաններ է ապրել: Մենք տվել ենք սրբեր եւ հերետիկոսներ, ունեցել ենք անձնուրաց ու եսասեր կաթողիկոսներ, գրել ենք անգին մատյաններ, բայց դրանց կողքին այրել ուսյալ հոգեւորականների աշխատությունները: Մեր պատմությունը լեցուն է թե ուրախալի եւ թե մահու չափ տխուր իրադարձություններով, որոնք, բնական է, պայմանավորված են եղել որոշակի արտաքին ու ներքին գործոններով: Հստակ է մեկ բան, որ միջնադարում մեր ինքնավարությունը կորցնելուց հետո առ այսօր ոչ եկեղեցին, ոչ էլ հայ ժողովուրդը լիարժեք կերպով ոտքի չեն կանգնել ու միասնաբար լիաթոք չեն ուրախացել: 20-րդ դարում բազմաթիվ պատուհասներ ապրելուց հետո եկավ լուսավոր մի ակնթարթ, երբ մեր ազգը վերջապես հավատաց նոր ու հուսադրող ապագային: Իրականացավ անկախ Հայրենիք ունենալու տեսիլքը, ու եկեղեցին ազատվեց խորհրդային կառավարության ճնշող վերահսկողությունից: Ճանապարհներն ու սահմանները բացվեցին, ինչի շնորհիվ սփյուռքահայությունը սկսեց մեծ եռանդով օժանդակել նորանկախ հանրապետությանը եւ Սբ. Էջմիածնին: Անգամ Արցախյան գոյամարտի դժվարությունները չէին կարող ընկճել խանդավառությամբ ալեկոծվող հայի ոգին: Թվում էր, թե այլեւս ոչ մեկ խոչընդոտ չկա, եւ շատ շուտով եկեղեցին ու ազգը հոգեւոր վերածնունդ պետք է ապրեն, եւ բոլոր դժվարություններին հակառակ` հրաշալի ու ամուր երկիր կառուցեն: Այսօր ոմանց համար նշված վերածնունդը իրականացված եւ վերջացած է համարվում: «Էջմիածինը աննկարագրելի զարգացում է ապրում»,- կասեին «Շողակաթ» հեռուստաալիքի պատահական դիտորդները կամ «Քրիստոնյա Հայաստան»-ի հավատարիմ ընթերցողները: Մայր Աթոռ մտնելիս, իրոք որ, զմայլվում ես` տեսնելով ստվարածավալ շինարարություններն ու հոգեւոր ճեմարանի ուսանողության մեծ բանակը: Արտաքուստ թվում է, թե եկեղեցին իսկապես առաջընթաց է արձանագրում, բայց ներքին կյանքում, ցավոք, օրեցօր մեծ խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար գրեթե ոչինչ չի ձեռնարկվում: Եվ միայն վանքի ներքին կառույցների հետ շփվողներն են տեղյակ դառը ճշմարտությանը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Մայր Աթոռն այսօր լուրջ ճգնաժամ է ապրում: Բազմաթիվ տխուր հիմնախնդիրներից կուզենայի անդրադառնալ այստեղ միայն մեկին` հոգեւորականներ պատրաստելու գործընթացին, ինչը որ եկեղեցու առաքելության իրականացման կարեւորագույն նախապայմաններից է: Տվյալ խնդրին առիթ եմ ունեցել անձամբ որոշ չափով առնչվելու, երբ ոչ հեռավոր անցյալում Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչն էի եւ միաժամանակ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում «Ընդհանուր եկեղեցու պատմություն» առարկան էի դասավանդում: 2005 թ. մարտի 19-ին ՀՀ գիտության եւ կրթության նախարարը Գեւորգյան ճեմարանին հանձնեց բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր, եւ այդպիսով մեր պատմական կրթօջախը ստացավ համալսարանի կարգավիճակ: Սեւանի Վազգենյան դպրանոցը, համարվելով Էջմիածնի ճեմարանի մասնաճյուղ, ինքնաբերաբար ձեռք բերեց միեւնույնը: Տվյալ մակարդակին հասնելու համար ճեմարանի տեսչությունը տարիներ առաջ բազմաթիվ քայլեր էր ձեռնարկել, ինչպես օրինակ` գիտխորհրդի եւ ամբիոնների ստեղծում, բուհական չափանիշներով ընդունելության եւ ավարտական քննությունների անցկացում, ուսումնական նոր ծրագրի մշակում եւ այլն: Այս ուրախալի նորությունների կողքին, սակայն, չափազանց տխրում ես, երբ լսում ես, որ ճեմարանականներից ոմանք, երկար տարիներ սովորելուց հետո, չնչին կարգապահական խնդիրների պատճառով հեռացման են ենթարկվում: Անշուշտ, հասկանալի է, որ վանական դպրոցները աշակերտությանը բարոյապես կրթելու եւ ծառայասեր եկեղեցականներ պատրաստելու գործում միշտ էլ, իրենց ավանդության համաձայն, խստապահանջ են եղել, եւ բացի դրանից, բոլորս էլ գիտենք, որ ուսանողները երկնքից իջած հրեշտակներ չեն: Սակայն երբ տեսնում ես, որ վերին օղակների հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով ավարտական լսարաններից հիանալի երիտասարդներ են հեռացվում, սրտացավիցդ այլեւս չես կարողանում խաղաղվել: Բնականաբար, միշտ էլ հեռացումների վերաբերյալ որոշակի պատճառներ են ներկայացվում: Բայց մի՞թե մենք իրավունք ունենք, օրինակ, ծխելու պարագայում վտարելու հինգ տարի շարունակ բարձր առաջադիմությամբ սովորող սանին, այն դեպքում, երբ հոգեւորականներիս կեսից ավելին նույն մոլուցքով է տառապում: Կարելի՞ է, արդյոք, դատապարտել ուսանողին ժամերգությունից ուշանալու համար, երբ եկեղեցականներիս 90%-ը տարիներ շարունակ ժամերգության չի մասնակցել: Ակնհայտ է, որ նշված պարագաներում տվյալ ուսանողների հանդեպ վերեւներից եկող յուրահատուկ թշնամանք կա (երեւի թե սեփական մտածելակերպ ունենալու համար), իսկ հրապարակվող պրիմիտիվ մեղադրանքները միայն պատրվակներ են: Այլապես ինչու՞ են արտաքսվող տղաները հետապնդվում իրենց հետագա ողջ կյանքում: Ճեմարանից հեռացվելուց հետո, եթե նրանք փորձում են հայաստանյան կամ արտասահմանյան համայնքներում հոգեւոր ծառայության անցնել, ապա Մայր Աթոռի կողմից իրենց դեմ ամեն տեսակ արհեստական դժվարություններ են ստեղծվում, կարծես թե այդ անձինք ճակատներին բորոտության դրոշմ են կրում: Անշուշտ հասկանալի է, որ տղաներից շատերը ճեմարան գալուց առաջ «դրսի» կյանքով են մեծացած լինում: Դա «բնական» է, երբ նայում ես մեր երկրի ներկայիս իրականությանը... Զարմանալի է, սակայն, որ ընդունելության քննությունների ժամանակ հաշվի են առնվում միայն նրանց գիտելիքները` հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից, ինչպես նաեւ քննվում են երաժշտական ունակությունները (ձայն եւ լսողություն): Դիմորդների հետ անհատական հարցազրույց բնավ տեղի չի ունենում, ինչպես որ դա ժամանակին երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառն էր անձամբ անցկացնում: Այսինքն` ընդունելությունների ժամանակ այսօր նախընտրությունը տրվում է պարզապես դպրոցական գիտելիքներին եւ երգելուն` առանց ուշադրություն դարձնելու տվյալ անձի նկարագրին: Աշխարհում ոչ մեկ կրոնական հաստատություն նման կերպ չի վարվում, քանզի վանական կրթօջախ մուտք գործողը պետք է նախեւառաջ ազնիվ սիրտ եւ հոգեւոր կյանքի ձգտում ունենա, միայն այդ դեպքում նա կարող է պարտաճանաչ աշակերտ լինել, ջանասիրությամբ ուսանել, աղոթասեր լինել, հարգալից վերաբերմունք ունենալ դասախոսների ու դասընկերների նկատմամբ եւ, ի վերջո, լավ հոգեւորական դառնալ: Շատ ես զղջում, երբ տեսնում ես, որ ճեմարանցին իր ուսումը ավարտելուց հետո բնավ չի փոխվել եւ նախկին` «կիսագողական» մտածելակերպից չի կարողացել ձերբազատվել: Սովորաբար, նման «սուբյեկտները» թե ուսման տարիներին, եւ թե ավարտելուց հետո մեծ խնդիրներ են առաջացնում: Բայց նույնիսկ այդպիսի անախորժ պարագաներում, երբ օրինակ լսում ես, որ վեցերորդ լսարանի ուսանողներից ոմանք փողոցում ծեծկռտուքի են մասնակցել, հարց ես տալիս, թե ո՞վ է խորքում մեղավոր` այդ անպարկեշտ ուսանողնե՞րը, թե՞ նրանց դաստիարակողները: Ներկայիս կաթողիկոսի կեցվածքը նման հարցերում շատ հստակ է. նա ճեմարանի եւ դպրեվանքի տեսուչներին կարգադրում է, անգամ փոքրագույն հանցանք նկատելու դեպքում, հեռացնել ամենալավ ուսանողներին, որպեսզի «մյուսների աչքը վախենա...»: Այսինքն` վանական հաստատություններում ոչ թե հայրական ներողամտությունն ու համբերատար խրատն են գործում, այլ` հանցավորին հրապարակայնորեն գնդակահարելու եւ մնացյալ սարսափածներին երկաթե բռունցքի մեջ պահելու ստալինյան մեթոդը: Դժբախտաբար, անգամ նման տխրահռչակ պատժամիջոցներ կիրառելուց հետո, այդ կրթօջախներում ընդհանուր մթնոլորտի էլ ավելի գորշացումից բացի ուրիշ որեւէ տեղաշարժ չի նկատվում: Ակնհայտ է, որ «հոգեւոր» կոչվող հաստատություններում հոգեւոր կրթությունը բացակայում է: Ուսման վեց տարիների ընթացքում դասավանդվում են բազմաթիվ պատմաբանասիրական առարկաներ, ուսանողությունը սովորում է գրաբարից թարգմանություններ կատարել, բայեր խոնարհել, անգիրներ արտասանել, պատմական կարեւոր թվականներ հիշել, սակայն նրանցից շատերը քրիստոնեության նվազագույն նորմերից հեռու են: Փաստ է, որ կրոնագիտական եւ աստվածաբանական առարկաների դասավանդումն անբավարար վիճակում է: Արդյոք դրանո՞ւմ էլ են ճեմարանականները հանցավոր, թե ուսուցիչներս: Սակայն ոչ միայն ուսանողներն են հայտնվում նման դժբախտ իրավիճակներում, այլ նաեւ հոգեւորականները: Վերջիններիս նկատմամբ եւս կիրառվում է վտարման գրեթե նույն մեթոդը, բայց, անշուշտ, այս պարագայում մի քիչ ավելի մշակված եղանակով, որը կոչվում է` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակել: Հիշենք միայն Մաշտոց աբեղա Ժոռոյանի դեպքը: Գեւորգյան ճեմարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո նա արժանացել էր երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի յուրահատուկ գնահատանքին եւ աստվածաբանական կրթությունը շարունակելու համար լուսահոգի Վեհափառի կողմից ուղարկվել Վիեննա: Եթե առիթ ունենաք մի օր այցելելու այնտեղի հայ համայնքը կամ Բոլցմանգասե-7 հասցեում գտնվող հռոմեակաթոլիկ ճեմարանը, ապա ուղղակի հարցրեք, թե ո՞վ է եղել Հայր Մաշտոցը: Եվ պիտի լսեք թե հայ, թե ավստրիացի ականատեսների վկայությունը, որ իրենց կյանքում նման «սրբակենցաղ հոգեւորական եւ ազնիվ անձնավորություն» երբեք չեն տեսել: Նա իր ուսմանը զուգահեռ անշահախնդիր նվիրումով ու խոնարհությամբ ծառայել է Ավստրիո հայոց թեմում իբրեւ այցելու հովիվ, փայլուն գնահատականներով ավարտել Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետն ու ստացել մագիստրոսի աստճան: Նման հոգեւորականն այսօր մեր եկեղեցուց վտարված է, որովհետեւ ներկայիս կաթողիկոսի կողմից «անհնազանդության» մեղադրանքով կարգալույծ է արվել... Հայր Մաշտոցի օրինակը ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինը, սակայն սցենարը գրեթե միշտ նույնն է: Դու որոշակի պարտականություն ունես, ասենք` ասպիրանտ ես համալսարանում: Հանկարծ կաթողիկոսը հիշում է քո մասին եւ կարգադրում, որ թողնես ամեն բան եւ գաս ու մեկ այլ պաշտոնի անցնես: Դու ասում ես, որ ուսմանդ ավարտին գրեթե բան չի մնացել եւ պատրաստակամությունդ ես հայտնում այն վերջացնելուց հետո անմիջապես գալ Մայր Աթոռ եւ ստանձնել նոր պաշտոնդ: Ներկայիս հայրապետի համար նման պատասխանն անընդունելի է եւ հավասարազոր է անձնական վիրավորանքի: Բոլոր գրածդ բացատրական նամակներն ու անգամ պրոֆեսորներիդ միջամտությունն անօգուտ են: Անձնական վիրավորանքը վերածվում է բացահայտ թշնամության, եւ ապա մի գրություն ես ստանում Էջմիածնից, ուր մոտավորապես հետեւյալն է ասվում. «Եթե հենց հիմա չեկար...»: Կանգնում ես երկընտրանքի առջեւ. եթե գնամ, ապա կրթությունս ջուրն է ընկնելու, եւ օտարների աչքին մեր եկեղեցու պատիվն է խայտառակվելու, իսկ եթե չգնամ, ապա կաթողիկոսն ինձ չի ների: Որոշում ես գնալ: Երբ հասնում ես Մայր Աթոռ, արդեն շատ ուշ է: Հայրապետը հայտնում է, որ քեզ այլեւս կյանքում չի ներելու... Չգիտես` ինչ անես: Մտածում ես գոնե ուսումդ վերջացնել: Երբ վերստին տեղդ ես հասնում եւ փորձում ավարտաճառիդ վրա կենտրոնանալ, հանկարծ մամուլում հրապարակվում է «հնազանդության ուխտի խախտման» պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվելուդ հայրապետական հաղորդագրությունը: Մեր բոլոր եկեղեցականներն էլ գիտեն այս ամենը: Յուրաքանչյուր եպիսկոպոս լսել է Հայր Մաշտոցի անարդար պատժման, անհամար ճեմարանականների անհիմն հեռացումների ու Երուսաղեմի ընծայարանում ծեծվող աշակերտների մասին, սակայն բոլորն էլ լռում են: Ավստրիո հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ արքուսուցչապետ Գրիգորյանն առ այսօր ոչ մեկ խոսք չի արտահայտել իր իսկ թեմում տեղի ունեցած անմարդկային արարքի մասին: Ոչ եպիսկոպոսաց դասը, ոչ Գերագույն Հոգեւոր խորհուրդը եւ ոչ էլ միաբանական ժողովը չեն ուզում որեւէ միջամտություն կատարել, որովհետեւ մեծամասնությունը վախենում է, ոմանք այդպիսի «ճղճիմ հարցերով» բնավ չեն հետաքրքրվում ու ամեն բանից անտեղյակ են ձեւանում, իսկ ոմանք էլ ուղղակի մասնակից են այդ ոճրագործություններին: Ակամա հարցի առջեւ ենք կանգնում. եթե մեր մեջ սեր չունենք, ինչպե՞ս ենք ժողովրդին դա քարոզում: Մեր պետական այրերի մեծամասնությունն այլեւս հետաքրքրված չէ եկեղեցով: Անգամ Սբ. Ծննդին կամ Զատկին նրանք չեն գալիս Մայր Աթոռ, չնայած իրենցից շատերն Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներ են եղել: Իսկ ժողովու՞րդը: Շատերն են փորձել նշված խնդրի մասին խոսել եւ հոգեւոր դասից բացատրություններ պահանջել, բայց որեւէ լուրջ արձագանք չեն ստացել: Մյուսներն աշխատում են ներփակվել իրենց տեղական համայնքներում եւ անտեսել Էջմիածնում տիրող անախորժությունները: Ոմանք գալիս են միայն երկու մոմ վառելու եւ իրենց հոգում Աստծուն աղոթելու: Մի քանիսն այլեւս ոչ գալիս են, ոչ էլ հետաքրքրվում եկեղեցու խնդիրներով: Իսկ ոմանք էլ, վերջնականապես հիասթափվելով, լքում են Հայ Առաքելական եկեղեցու շարքերն ու հոգեւոր մխիթարություն փնտրում օտար կրոնական խմբակներում: Ներկայիս իրավիճակը մի թագավորություն է հիշեցնում, ուր սանձարձակ արքան ամեն օր, տեղի կամ անտեղի, մահապատժի է ենթարկում իր զինվորներից մեկին, իսկ զորքի հրամանատարները լռում են: Բայց եթե այսպես շարունակվի, ապա այդ երկրում այլեւս ոչ մի գիտակից երիտասարդ չի ուզենա զինվոր դառնալ: Իսկ օտար գայլերը, որոնք արդեն թափանցել են պետության սահմաններից ներս, շուտով պիտի հասկանան, որ իրենց առջեւը կտրող բանակը չափազանց տկար է ու անմարտունակ: Ի՞նչ պետք է անեն այդ ժամանակ թագավորն ու հրամանատարները: Ինչպե՞ս պետք է պաշտպանեն իրենց Հայրենիքը: Սոլժենիցինն «Արխիպելագ Գուլագ»-ում ստալինյան տարիներին ապրողների կյանքը բնութագրել է հետեւյալ տասը հատկանիշներով. 1) մշտական վախ, 2) ազատության բացակայություն, 3) փակվածություն ու անվստահություն, 4) համընդհանուր տգիտություն, 5) լրտեսություն, 6) մատնելն իբրեւ գոյամիջոց, 7) պառակտվածություն, 8 ) խաբեությունն իբրեւ գոյամիջոց, 9) դաժանություն, 10) ստրկամտություն: Ես կուզենայի այժմ հարցնել մեր հոգեւորականներին եւ Էջմիածնի հետ կապ ունեցող աշխարհականներին, թե ինչո՞վ է տարբերվում Մայր Աթոռի ներկայիս իրավիճակը Սոլժենիցինի նկարագրածից: Կա՞, արդյոք, որեւէ տարբերություն: Երեւի թե միակն այն է, որ Ստալինի օրոք այլախոհներին գնդակահարում էին կամ աքսորում, իսկ մեր եկեղեցում պարզապես կարգալույծ են անում: Անձամբ ես ուրիշ տարբերություն չեմ տեսնում: Ողբերգությունը, սակայն, այն է, որ խորհրդային դիկտատուրան ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից էր քաշվում, իսկ Էջմիածինը Սբ. Գրիգոր Լուսավորչի գահն է համարվում, ուր Աստծո Միածին Որդին է իջել... Արդյոք այսքանից հետո մենք իրավունք ունե՞նք դեռեւս քրիստոնյաների եկեղեցի կոչվելու: Երբ երկար ժամանակ լռեցնում ես խղճիդ ձայնը, այն գնալով բթանում է եւ մի օր էլ վերջնականապես մահանում: Ու՞ր են տանում իրենց ժողովրդին անխիղճ թագավորն ու պապանձված հրամանատարները: Երեւի թե միայն սատանան գիտի... * * * Ի տարբերություն հռոմեակաթոլիկ եկեղեցու, ուր պապական բացարձակ միապետությունն է իշխում, արեւելյան-ուղղափառ ավանդության մեջ Ազգային-եկեղեցական եւ եպիսկոպոսաց ժողովներն են եկեղեցու գերագույն մարմինները: Բայց, չնայած նման սկզբունքային ժողովրդավարությանը, կարգալույծ հռչակվող հոգեւորականներից ոչ մեկը հնարավորություն չի ստացել ներկայանալու որեւէ ժողովի` հրապարակայնորեն պաշտպանվելու: Փաստորեն, պատմական որոշ անբարենպաստ շրջաններ ապրելուց հետո, որոնց ես այստեղ հնարավորություն չունեմ մանրամասն անդրադառնալու, Հայ եկեղեցում նույնպես, միջնադարյան Հռոմի օրինակով, ձեւավորվել է կաթողիկոսական բացարձակ միապետություն (Պապ-կայսր): Անշուշտ, եթե մեր կաթողիկոսները Գրիգոր Լուսավորչի նման սուրբ եւ իմաստուն լինեն, ապա վերոհիշյալ միապետությունը եկեղեցուն դժվար թե վնաս հասցնի: Սակայն երբ Մայր Աթոռի գահակալը, ստեղծված իրավիճակը չարաշահելով, ցանկացած անհատական որոշում անսխալական է համարում, բազմաթիվ հակասական կարգադրություններ տալիս եւ կոպիտ սխալներ կատարում, ապա այս դեպքում եկեղեցին միմիայն տուժելու է, ծանր կորուստներ կրելու եւ հեղինակազրկվելու: Ես վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա պատմությունը դատապարտելու է ներկայիս հոգեւորականաց դասին: Մեզանից մի քանիսը դատապարտվելու են տգիտության համար, իսկ մյուսները` լռության: Կարծում եմ` առաջացած ճգնաժամը միայն Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների եւ եպիսկոպոսաց դասի անհապաղ միջամտությամբ է հնարավոր վերացնել, որովհետեւ ներկայիս կաթողիկոսը, դժբախտաբար, այլեւս չի գիտակցում, որ ինքը պարզապես շեղվել է ճշմարտությունից եւ Հայ եկեղեցու անվան հետ է խաղում: Մասնավորապես` իմ մատնանշած խնդիրների լուծման համար շատ օգտակար կլիներ, եթե ընդունվեին հետեւյալ առաջարկները. ա. Հոգեւոր ճեմարանում առկա գիտխորհրդի կողքին (որը հիմնականում ուսումնական ծրագրով եւ սաների առաջադիմությամբ է զբաղվում) ստեղծվի նաեւ մեկ այլ հատուկ հանձնախումբ` պատժվող ուսանողների կարգապահական խնդիրները լրջորեն քննելու համար: Յուրաքանչյուր կարգազանց ուսանող պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու հանձնաժողովի եզրափակիչ նիստին եւ անհրաժեշտության դեպքում վկաներ հրավիրելու` ի դեմս մյուս աշակերտների, դասախոսների կամ հոգեւորականների: բ. Մայր Աթոռի միաբանները պետք է պատժվեն միայն եպիսկոպոսական ժողովի համապատասխան որոշումից հետո: Մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը զբաղվելու է կանոնազանց եկեղեցականի խնդրի քննությամբ: Ցանկացած մեղադրվող միաբան պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու եպիսկոպոսաց ժողովին եւ արտահայտելու խնդրի առնչությամբ իր տեսանկյունը, ինչպես նաեւ հրավիրելու տվյալ հարցին քաջատեղյակ աշխարհական եւ եկեղեցական վկաների: Շատ եմ ցավում, որ մեր եկեղեցու «ներքին խոհանոցին» վերաբերող այս խնդիրները պարտադրված եմ այսօր հրապարակելու: Սակայն եթե ներքին ատյանները ի վիճակի չեն կամ խուսափում են տվյալ հարցերը լուծելուց, ապա ստիպված ես այդ ամենը հասարակության քննությանը հանձնել: Եթե մենք, իսկապես, հավակնում ենք Ազգային եկեղեցի կոչմանը, ապա մեր ազգը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եկեղեցու ծոցում, եւ թե ինչ ճակատագրի են արժանանում մեր ժողովրդի նվիրատվություններով կրթվող երիտասարդները: Հուսով եմ, որ նշված հարցերը պետք է առաջիկայում նկատի առնվեն ու շուտափույթ լուծում ստանան: Այլապես նման «գնդակահարությունները» չեն դադարելու, եւ դրանով երբեմնի նշանավոր Գեւորգյան ճեմարանը պարզապես խորհրդային շրջանի ուսումնարանի է հավասարվելու, իսկ քահանայական Սբ. Օծումը դադարելու է սրբազան խորհուրդ լինելուց եւ միայն ձեւական բեմականացման է վերածվելու: Մայր Աթոռը պետք է գիտակցի, որ ժողովուրդը տեղյակ է այս ամենին, քանզի անգամ մեկ ուսանող հեռացնելով` նրա բոլոր հարազատներն ու ծանոթները ծանր հարված են ստանում ու խորը հուսախաբություն ապրում: Եթե այսպես շարունակվի, անգամ Մայր Աթոռին սրտանց նվիրված հավատացյալներն ու բարերարները պետք է վերջնականապես հիասթափվեն եւ հրաժարվեն ցուցաբերվող բարոյական ու նյութական աջակցությունից: Դրանից հետո ինչպե՞ս պիտի եկեղեցին ու ազգը ոտքի կանգնեն եւ ամուր Հայրենիք կառուցեն... 19 փետրվարի, 2006 թ., ք. Մյունսթեր Հ.Գ. Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ է հռչակվել եւ եկեղեցուց ինքնակամ հեռացել շուրջ 35 հոգեւորական (սարկավագ, քահանա, աբեղա, վարդապետ, արքեպիսկոպոս): Իր գահակալության միայն առաջին երկու տարիներին (1999-2001) Գեւորգյան ճեմարանից հեռացվել է 30-ից ավելի ուսանող: Նախորդ 131 կաթողիկոսներից ոչ մեկը նման կերպ չի վարվել իր եկեղեցականների եւ աշակերտների հետ: Մոտ ապագայում վտարվողների «սեւ ցուցակը» շարունակում է համալրվել նոր անուններով: Իսկ հրամանատարներն ինչպես միշտ լռում են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter