HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Երբ կարոտի մտքերն են գալիս, քշում եմ դրանք»

«Զվարթնոց» օդանավակայանում մի ժամ պետք է սպասեի, առավոտվա չորսն էր: «Արմավիան» ջանք չի խնայում, որ իր բոլոր թռիչքներն ուշ ժամերի լինեն, եւ դա նրան հաջողվում է: Փորձեցի հիշել ցերեկային որեւէ չվերթ, որով մեկնել եմ վերջին տասը տարիներին: Չհաջողվեց, այդպիսիք չեն եղել:

Ընդհանրապես «Արմավիա»-ի չվերթների տոմսերի գները շատ բարձր են, զբոսաշրջիկներն էլ են բողոքում: Մտածում եմ, որ եթե «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշի ցերեկային թռիչքներ իրականացնել, ապա տոմսերի արժեքը կրկնակի կբարձրանա: Այնպես որ, ավելի լավ է սուսուփուս օգտվենք եղածից: Ես սկսեցի գրել «Հետքի» նյութը, արդեն պարզ էր, որ եթե հիշել եմ Բաղդասարովին, ուրեմն մտքերս խառն են լինելու: Ու ստացվում է, որ նյութս գրելուն մասնակցում է անձամբ Բաղդասարովը: Չգիտեմ էլ, թե ինքն ինչպես է սովորաբար «թռչում», բայց տեղյակ եմ, որ Երեւան-Մոսկվա ցերեկային թռիչքներ կան:

«Հավանաբար, Բաղդասարովը հենց դրանցով է մեկնում Երեւանից»,- մտածում եմ: Ընկերս գործազուրկ է դարձել: Մեկ տարի է արդեն, ինչ աշխատանք չունի, իսկ ես միայն այսօր էի իմացել այդ մասին: Նա պատերազմի մասնակից է, «նորմալ կռվող տղերքից» է, չի սիրում խոսել պատերազմի տարիների մասին, իր մասին երբեք չի պատմում: Ուշ է ամուսնացել, ու նրա երկու երեխաները դեռ փոքր են: Բանկերից մեկում անվտանգության աշխատակից էր, բանկի սեփականատերերը փոխվել են, նոր տերերի հետ անվտանգության նոր պետ է եկել իր թիմով եւ ընկերոջս հասկացրել, որ պետք է հեռանա: Ընկերս էլ հասկացող է, հեռացել է ու այլեւս աշխատանք չի գտել: Ընկերոջս գործազրկության մասին ինձ պատմեց մեր մյուս ընկերը: Ասաց, որ տեսել է, եւ նրա վիճակը լավ չէ: Պարզվում է` գրանցվել է որպես գործազուրկ, գնացել է փող ստանալու, ասել են` փող չկա, գնա, մի ամսից կգաս: Թռիչքիցս մի տասը ժամ առաջ էի հանդիպել ընկերոջս, այսինքն` նախորդ օրը: Հարցնում եմ` ինչո՞ւ չի ասել, որ գործից հանել են: Պատասխանեց` ի՞նչ պիտի փոխվի դրանից: Ես էլ չգիտեի, թե դրանից ինչ պիտի փոխվեր: Ասաց, որ տաքերն ընկնեն, շինարարություն կգնա, մի բան կգտնի: Ասացի, որ շինարարության վիճակն էլ լավ չէ: Ասաց` մի բան կլինի, էլի: «Ի՞նչ պիտի լինի,- մտածեցի,- հիսունին մոտ մարդու համար»:

Հենց այդ օրն էլ կարդացել էի, որ խորհրդարանի հնաբնակներից Ռաֆիկ Պետրոսյանն ուզում է պատգամավորների աշխատավարձը բարձրացնել, որովհետեւ իրենք «հավերժական սովյալներ են», քիչ է ստացածները, չեն կշտանում: Միշտ էլ նրանց` այդ պատգամավորների դեմքերին նայելիս հասկանում եմ, որ մեր վիճակը լավ լինել չի կարող: Նրանց «երթուղային» հայացքների մեջ միայն իրենց գծերն են, իրենց խանութները, ռեստորանները, հյուրանոցները, հանքերը... Հենց երեկ էր` գործընկերս հարցրեց` էդ գյուղերի մասին ինչու՞ եք «Հետքում» էդքան գրում, ու՞մ է հետաքրքրում դա: Պատասխանեցի` ինձ, ու դրանով զրույցն ավարտեցի:

Նա համարում է, որ թերթում քաղաքական հոդվածները պետք է շատ լինեն, որ մարդիկ գնեն այն: Իսկ դրանից առաջ էլ բիզնես անող ընկերս հերթական անգամ հարցրեց ինձ` դու դեռ խելքի չե՞ս եկել: Ուզում էր ասել` դեռ հավատո՞ւմ ես: Պատասխանում եմ, որ խելքի չեմ գալու, սպասում եմ, որ ինքը խելքի գա ու հավատա, որ փոխելու ենք երկիրը: Ու միանգամից հիշում եմ ընկերոջս` Գարիկի պատասխանը, երբ հերթական անգամ ասացի, որ փոխելու ենք, լավ երկիր ենք դարձնելու Հայաստանը: Քմծիծաղելով նետեց. «Դժոխքն էլ ենք հանձնել նրանց: Նույնիսկ դժոխքը չենք կարողացել պահել մեզ, ո՞նց պիտի փոխես»:

Հիմա, օդանավակայանում նստած, մտածում եմ. «Ես ինքս ինձ չե՞մ խաբում»: Գրել չի ստացվում, մի տեսակ առաջ չի գնում. Բաղդասարովի ներկայությունը չի թողնում: «Թերթի էս թողարկման համար բան չեմ գրի»,- որոշեցի միանգամից: Երեւան վերադառնալուց մեկ շաբաթ անց, նյութս գրելու օրն էր նորից: Պիտի մի բան գրեի, բացեցի նախկին գրածս: Որոշեցի շարունակել մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում սկսածս:

«Երբ կարոտի մտքերն են գալիս, քշում եմ դրանք»,- ասում է մի քանի տարի առաջ Երեւանը լքած եւ Իռլանդիայում ապրող ընկերոջս ութամյա տղան: Երեխաները եւ կինը մեծ դժվարությամբ են հեռացել Երեւանից. չէին ուզում:

Ծրագրավորող ընկերս կնոջ ու երեք երեխաների հետ Երեւանում վարձով էր ապրում: Աշխատավայրից տեղեկանք էր խնդրել հիպոթեկային վարկ վերցնելու համար: Սակայն նրան ասել էին, որ նման փոքր աշխատավարձով հիպոթեկի տեղեկանք չեն կարող տալ: Պարզվել է, որ նրա աշխատավարձի մեծ մասը չէր գրանցվում` չնայած ստորագրում եւ ստանում էր: Այս փաստը այն «հարվածներից» մեկն էր, որ ավելացավ նրա հիասթափություններին: Ընկերս լավ մասնագետ է, բայց թողեց հեռացավ Հայաստանից:

Լուս.՝ wallpaperplay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter