HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տաքսիների հաշվիչները զանգվածաբար խաբում են ուղևորներին

ՏՄՊՊՀ-ն, թե՞ ոստիկանությունը պետք է զբաղվի այս հարցով

Արդեն Ազգային ժողովում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերահսկողական լիազորությունները: Ի՞նչն է խանգարում, որ ՏՄՊՊՀ-ն հիմա ուսումնասիրություն իրականացնի տաքսի ծառայություններում. տաքսիների հաշվիչները զգալիորեն ավելի մեծ գումար են արձանագրում, քան համապատասխանում է կիլոմետրաժին: Ուստի, զանգվածաբար առկա է անբարեխիղճ մրցակցություն կամ սպառողին մոլորեցում: Այս հարցը սեպտեմբերին 22-23-ին Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ ուղղվեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: «Դուք եք ենթադրում, որ այստեղ կարող են լինել անբարեխիղճ մրցակցության երևույթներ կամ սպառողին մոլորեցում: Սպառողին շփոթեցնելը, մոլորեցնելը բնականաբար անբարեխիղճ մրցակցության երևույթներ են, և դա մրցակցության մարմնի դաշտում է: Սակայն ինձ համար զարմանալի է, որ այսպիսի լուրջ խնդիր կա բոլոր տաքսի ծառայություններում, բոլորը տեղյակ են: Մենք առաջին անգամ ենք այս խնդրի մասին լսում, ձեզանից ոչ մեկ չի բարձրացրել այդ հարցը: Եվ եթե բոլոր տաքսի ծառայություններում ինչ-որ խնդիր կա, ես պատրաստ չեմ պատասխանել, որովհետև մանրամասներին չեմ տիրապետում»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ միայն մեկ անգամ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը արծարծել է տաքսիների հաշվիչների հարցը, ՏՄՊՊՀ խումբը հպանցիկ ուսումնասիրություն է անցկացրել մեկ տաքսի ծառայությունում, սակայն անբարեխիղճ մրցակցություն չի հայտնաբերել: ՏՄՊՊՀ նախագահը չբացառեց, որ խախտում չհայտաբերելու պատճառն այն է, որ ուսումնասիրությունը խորը չի եղել: Արտակ Շաբոյանը խնդրեց մանրամասն տեղեկություններ տրամադրել ՏՄՊՊՀ-ին, թե որտեղ, որ տաքսի ծառայությունում ինչ խախտումներ են առկա: «Այս խնդիրները ոչ միայն մեր դաշտում են, այլև եթե կոնկրետ հաշվիչի լիցենզավորման պահանջների հետ է կապված, ապա նաև մյուս մարմինների դաշտում: Բայց եթե ինչ-որ չափով մեր դաշտում է, մենք անպայման ընթացք ենք տալիս»,- ասաց նա: Սեմինարի արտասահմանցի մասնակիցները` Համբուրգի օտարերկրյա և միազգային մասնավոր իրավունքի Մաքս Պլանկի ինստիտուտի փորձագետ Մարտին Միտիմայերը, Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբերհարդ Ֆեեսը և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (HTZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆորբս Ջ. Մակբեթը համակարծիք էին, որ տաքսիների հաշվիչների խնդիրը մրցակցության հետ կապ չունի և ՏՄՊՊՀ-ի դաշտում չէ: Նրանց համոզմամբ` դա խաբեություն է, և դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: «Երբ ես գալիս եմ Հայաստան և տաքսի եմ նստում, ամեն անգամ 5-6 անգամ ավելի շատ եմ վճարում, քան հայերը: Բայց սա միայն Հայաստանում չէ, նույն բանն է Հունաստանում, Իսպանիայում, որևէ այլ երկրում: Սա ոչ թե մոլորեցում է, այլ խաբեություն, և դրա համար դուք պետք է դիմեք ոստիկանությանը, որովհետև դա պայմանագրային հիմունքի օրենքի մեջ է մտնում»,- ասաց Էբերհարդ Ֆեեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter