HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Աշխարհում միայն ՀՀ-ում կարող էր նման բան տեղի ունենալ»

Վիկտոր Դալլաքյանը զավեշտ է տեսնում կառավարության գործունեության մեջ

Ազգային ժողովի` այսօր մեկնարկած քառօրյայում քննարկվելու է օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենքի նախագիծը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Իրանում է, և ԱԺ-ում նախագծերը ներկայացնելու է փոխնախարար Արա Ավետիսյանը: Այսօր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն բողոքի ակցիա էր կազմակերպել Դեմիրճյան փողոցում գտնվող ԱԺ-ի մուտքի դիմաց: Ի տարբերություն նախորդ ցույցների` այս անգամ ակցիայի մասնակիցները որևէ բան չէին վանկարկում: Քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ-ում պատգամավորների համար ընթերցվելու է իրենց` լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների կապակցությամբ տարածած հայտարարությունը, որից ամեն ինչ պարզ կդառնա, ուստի վանկարկումների կարիք չկա: Հայտարարությունն ուղղված է յուրաքանչյուր պատգամավորի: Նախաձեռնությունը պատգամավորներից պահանջում է դեմ արտահայտվել վերոնշյալ օրինագծին և լծվել կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, հայացնել միջազգային որակյալ կրթական ծրագրերը և ներդնել Հայաստանում: «Մեր կոչն անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում, վաստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»,- նշված է հայտարարության մեջ: «Եվ դա շատ ռեալ է: Առաջին քվեարկության ժամանակ մենք կողմ քվեարկած այդ 71 պատգամավորին ֆիքսել ենք»,- «Հետքին» ասաց Արմեն Հովհաննիսյանը: Իշխող կոալիցիայի պատգամավորները նախաձեռնող խմբի անդամների հետ անհատական հանդիպումների ժամանակ համաձայնել են վերջիններիս մտահոգություններին, բայց միաժամանակ ասել, որ կքվեարկեն այնպես, ինչպես կորոշի իրենց ղեկավարությունը: «Կոչ ենք անում պատգամավորներին մոռանալ կուսակցական, «վերևից» հնչած հրամանները և քվեարկել ըստ խղճի կամ գոնե չմասնակցել այս քվեարկությանը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Այնուամենայնիվ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունն այս 6 ամսվա ընթացքում ընդահուր հայտարարի չի եկել կոալիցիայի հետ, և օրինագիծը 2-րդ ընթերցմամբ մտել է ԱԺ նիստերի օրակարգ: «Կարծում եմ, որ այն կողմը գնում է «վա բանկ», այսինքն` որոշել է, որ պետք է իրագործի բոլոր այն պլանները, որոնք նախատեսած էին դեռ կես տարի առաջ: Մենք էլ պետք է համապատասխան լուծումներ գտնենք, որոնք լինեն ադեկվատ և համապատասխանեն դրության սրությանը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը պատրաստվում է պայքարել` օրինագծերը ապօրինի հայտարարելու ուղղությամբ, ինչպես նաև բոլոր օրինական ճանապարհներով խոչընդոտել ամեն մի պատենցիալ դպրոցի բացմանը: Ակցիայի ժամանակ ցուցարարներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը և կրկին հավաստիացրեց, որ դեմ է քվեարկելու փաթեթին: Ըստ նրա` օրինագծի ընդունվելու դեպքում կառավարության որոշմամբ կխախտվի Սահմանադրությունը, քանի որ օրինագծերի փաթեթում նշվում է, որ հայալեզու կրթության ոլորտում բացառությունները տեղի են ունենալու կառավարության որոշմամբ, և եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Այսինքն` Սահմանադրությունը 2 անգամ կարող է խախտվել` օրենքով և կառավարության որոշումով, որը ես համարում եմ անթույլատրելի: Կա կառավարության և կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկություն, և նշված է, որ այդ առաջարկությունը ընդունված է մասնակիորեն: Այսինքն` զավեշտը հասնում է նրան, որ կառավարությունը և այդ կոալիցիան ձևավորած կառավարությունը առաջարկություն են անում կառավարությանը, և այդ կառավարությունը իր կատարած առաջարկությունն ընդունում է մասնակիորեն: Ես կարծում եմ, որ աշխարհում միայն ՀՀ-ում կարող էր նման բան տեղի ունենալ: Ցույց տա՞մ»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը և պայուսակից հանեց օրենքի նախագիծը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս նշեց, որ ՀՅԴ-ն չի փոխել իր կարծիքը օրինագծերի վերաբերյալ. խմբակցությունը համոզված է, որ Հայաստանում հանրակրթության լեզուն պետք է լինի հայերենը: ՀՅԴ-ն երկրորդ ընթերցմամբ ևս դեմ է քվեարկելու օրինագծին: «Այս օրենքի նախագիծը 1-ին տարբերակից հետո այնքան է մուտացվել, որ հիմա եթե փորձում ես հասկանալ, թե կոնկրետ հիմնավորումը որն է, միևնույն է` հանգում ես այն եզրակցության, որ սա Դիլիջանի դպրոցի գոյությանը գոհացում տալուն է ուղղված և բացարձակապես ոչ ազգային դպրոցի ամրապնդմանը: Քաղաքական նպատակ կա` բավարարելու տվյալ գործարարի շահը: Խոստումը տրված է, Դիլիջանում շենքում շինարարությունը ընթացքի մեջ է, իրենք իրենց համակարգչային ցանցում հայտարարել են այդ դպրոցի ծրագրերը և այլնի մասին»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքերով` քանի որ խորհրդարանում կա մեկ կոճակի և մեկ կենտրոնից ուղղորդվող մեծամասնություն, այն կողմ կքվեարկի օրինագծերին, եթե այդպիսի քաղաքական որոշում ունի: «Դատելով քաղաքական մեծամասնության այդ վարքագծից` ես լավատես չեմ, որ խորհրդարանական փոքրամասնությունը կամ ընդդիմությունը կկարողանա բեկել օրինագիծը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: Արմեն Հովհաննիսյանի տվյալներով` խորհրդարանական ընդդիմությանը կտրականապես դեմ է նրան, որ քննարկվող օրինագիծը նախատեսում է նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխություն: Ըստ այդ փոփոխության` «Լեզվի մասին» օրենքում հղում է արվում «Հանրակրթության մասին» օրենքին, և նշվում է, որ օտարալեզու դպրոցների հարցը կարգավորվում է «Հանրակրթության մասին» օրենքով: «Այդ փոփոխությունը, փաստորեն, սահմանափակելով այդ օրենքի գործողության ոլորտը, դարձնում է այն երկրորդական: Իսկ մենք «Լեզվի մասին» օրենքը համարում ենք մեր երկրի ամենակարևոր, հիմնաքարային օրենքներից մեկը: Մենք համոզված ենք, որ մեր համատեղ, համակարգված, ստեղծագործ, անզիջող քայլերի շնորհիվ այդ դպրոցները չեն գործելու: Իսկ մնացածը, թե այսօր մեզ կլսեն, թե վաղը կլսեն, թե վաղը չէ մյուս օրը ստիպված կլինեն լսել` տեխնիկայի խնդիր է»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Նա չհամաձայնեց Արմեն Աշոտյանի այն տեսակետին, որ խնդիրը չի վերաբերում օտարալեզու դպրոցներին, և խոսքը միայն միջազգային կրթական ծրագրերի մասին է: Անդրադառնալով նախարարի հայտարարությանը, որ հայագիտական առարկաների դասավանդման ծավալն այդ դպրոցներում պահպանվելու է` Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում հայագիտական առարկաների մասին խոսելը ամենաստորացուցիչ բանն է: «Հայագիտական բլոկը ստեղծված և մտածված է, որ սփյուռքում մարդիկ ինչ-որ ձևով կարողանան կապը պահել իրենց ազգի հետ: Մարդը իր երկրում ոչ թե հայագիտական առարկաներով պետք է բավարարվի, այլ նորմալ, ժամանակակից, լավ կրթություն պետք է ստանա իր լեզվով»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը: Երբ ցուցարարներին իմացան, որ այսօր օրինագծերի փաթեթը չի քվեարկվելու, ցրվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter