HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ԱԺ-ն այսօր չի քննարկի օտարալեզու դպրոցների փաթեթը

Ազգային ժողովն այսօր չի քննարկելու օտարալեզու դպրոցների գործունեությունը նախատեսող օրինագծերի փաթեթը: Սակայն հայտնի է, որ փաթեթը քննարկվելու է երեկ մեկնարկած քառօրյայում: Այսօր Դեմիրճյան փողոցում` ԱԺ-ի մուտքի մոտ, ինչպես նաև Բաղրամյան-Դեմիրճյան խոչմերուկի մոտ, բողոքի ակցիա էր անցկացնում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Երեկ նախաձեռնությունը ԱԺ պատգամավորների էլ. փաստերին ուղարկել էր ուղերձ` լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների կապակցությամբ: Նախաձեռնությունը որևէ պատասխան չի ստացել պատգամավորներից: Այսօրվա ակցիայի ժամանակ պատգամավորներից ոմանք արագ անցան ցուցարարների մոտով: Որոշ պատգամավորներ բարևեցին ցուցարարներին: Պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Լարիսա Ալավերդյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցան նրանց:

Երբ ակցիայի մասնակիցները ԱԺ մտնող Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանից հարցրին, թե արդյոք ինքն այսօ՞ր է խորհրդարանում ներկայացնելու օրինագիծը, նախարարը նախ հարցրեց, թե ո՞ր օրինագիծը, հետո ասաց, որ օրինագիծը քվեարկվելու է այս քառօրյայում, բայց ոչ այսօր: «Ինձ ուրիշ օրինագծի համար են կանչել»,- ասաց փոխնախարարը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանի խոսքերով` մարդը լեզվի օգտակարությունը հիմնականում գնահատում են այն տեսակետից, թե ինքն ինչի կարող է հասնել այդ լեզվի միջոցով: «Շատ մարդիկ կան, ասում են. «Ո՞ւմ է պետք հայերենը, երբ ես 200 կմ դուրս եմ գալիս, և ոչ ոք այդ լեզուն չի հասկանում: Ես կամ հայերենը պետք է հասկանամ, կամ` մեկ այլ լեզու», քանի որ չեն հավատում, որ դպրոցը կարող է ապահովել պայման, որտեղ մարդը կիմանա հայերեն և պատշաճ մակարդակով որևէ օտար լեզու: Դե, մարդիկ ընդհանրապես պրագմատիկ են»,- ասաց Արամ Ապատյանը: Ըստ տարբեր գնահատականների` այս դարի վերջում կմնա ներկայումս գոյություն ունեցող լեզուների 10-50 %-ը` այն լեզուները, որոնցով իրականացվում է կրթություն, մարդիկ ստեղծում են նոր գիտելիքներ, որոնցով գործում են կառավարությունները

:

«Եթե մենք այս ճանապարհն ենք բռնել, շուտով կասեն. «Մենք ունենք ռուսական դպրոցներ, կունենանք անգլիական դպրոցներ: Ինչո՞ւ այդ լեզուներից մեկը չդառնա պետական լեզու», առավել ևս որ Ռուսաստանն այդ ուղղությամբ քայլեր է կատարում»,- ասաց Արամ Ապատյանը: Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի մշտական նպատակն է եղել հասնել նրան, որ ռուսերենը դառնա ազգերի փոխշփման կամ պետական լեզու: Փոխարտգործնախարարի այս հայտարարությունից մեկ շաբաթ անց հարցազրույց է տվել «Русский мир» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, ով, մեկնաբանելով փոխարտգործնախարարի ելույթն, ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում Հայաստանում ռուսերենի դիրքերն ամրապնդելու հարցում: «Русский мир» հիմնադրամի նպատակն է ռուսերենը տարածել ԱՊՀ երկրների տարածքում և դրանից դուրս: Հիմնադրամը միջոցառումներ է իրականացնում նաև Հայաստանում: Նիկոնովն ասել է, թե Հայաստանում ռուսերենը պետք է լինի կամ պետական, կամ ազգերի միջև շփման լեզու: «Այսինքն` Ռուսասաստանի կառավարությունը չի թաքցնում այդ նպատակները` նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ռուսերենին տալու որևէ կարգավիճակ»,- ասաց «Հետքին» Արամ Ապատյանը: Նա նշեց, որ իրենք դիմել են հեռուստաընկերություններին, որ հնարավորություն ստանան եթերով ներկայացնել օտարալեզու դպրոցների վերաբերյալ իր մոտեցումը, սակայն հաջողության չի հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter