Իջևանի քաղաքապետարանը չէ՞ր ստացել «Հետաքննող լրագրողների» բողոքը
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված էր «Իջևանի քաղաքապետարանն ու քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»» գործով բողոքի քննությունը։ Այսօրվա նիստում Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը դատարանին հայտնեց, որ ոչ քաղաքապետը, ոչ էլ քաղաքապետարանը չեն ստացել «Հետաքննող լրագրողների» բողոքը և տեղյակ էլ չեն եղել այդ մասին, միայն երկու օր առաջ ինքը ստացել է բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը։ Նախագահող դատավոր Նախշուն Տավարացյանը, սակայն, գործում գտավ դատարանի ուղարկած` բողոքը վարույթ ընդունելու մասին ծանուցագիրը, որը թվագրված էր 09.08.2010 ամսաթվով։
Այդուհանդերձ, դատարանը բավարարեց Գևորգ Դավթյանի միջնորդությունը և հետաձգեց նիստը, որպեսզի հայցվոր կողմը ծանոթանա «Հետաքննող լրագրողների» բողոքին և պատասխան գրի։ «Հետաքննող լրագրողների» բողոք կքննվի նոյեմբերի 10-ին, ժամը 11։40-ին։
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել էր հօգուտ Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի՝ պարտավորեցնելով «Հետաքննող լրագրողներին» «Ազգ» օրաթերթի և www.hetq.am կայքի միջոցով հերքել լրագրող Ոսկան Սարգսյանի «երկու հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»: Դատարանը վճռել էր «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս, ինչպես նաև 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել