HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մի՞թե սեփական ժողովրդից ավելի բարձրակարգ հյուրեր կարող են լինել, կամ ինչո՞ւ ենք մանրուքների ետեւից ընկել

Ես ուրախացել էի Տաթեւի ճոպանուղու կառուցման համար եւ որոշակի համակրանք ունեի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Նրա այս ծրագիրը նման չէ Հայաստանում մինչ այս իրականացված որեւէ ծրագրի:

Ռուսական միջավայրում նա կարողացել է զերծ մնալ քրեաօլիգարխիկ բիզնեսի սարդոստայնից: Մի խոսքով` նա հայաստանցի օլիգարխների նման չէ: Համակրանքս ավելի աճեց, երբ տեսա, որ ճոպանուղու բացման օրը համեստ էր, չէր «ցցվում», քծնանքի ժեստեր չէր անում, եւ դա նրա բնական վիճակն էր: Այս տպավորությունս գուցե մնար, բայց սա մինչեւ այն պահն էր, երբ «Հետքի» լրագրողի լուսանկարներում տեսա ցանկապատից կախված տաթեւցիներին եւ հալիձորցիներին: Հիմնականում` երեխաներ, կանայք ու ծերեր, երիտասարդներ չկային նրանց մեջ: Նրանց արգելել էին մտնել եկեղեցու տարածք, որտեղ ընթանում էր ճոպանուղու բացման արարողությունը: Ինձ ասում են` դե լավ, էլի, մանրուքների վրա ինչո՞ւ ես ուշադրություն դարձնում, էդ օրը միայն հյուրերի համար էր ամեն ինչ նախատեսված: Իսկ ես պատասխանում եմ, որ նրանք` գյուղերի բնակիչները, այդ օրվա արարողության գլխավոր, հիմնական «մասն» էին, նրանք մանրուք չեն կարող լինել: Նրանց շնորհիվ է, որ այնտեղ կանգուն է մնացել Տաթեւի վանքը, նրանց շնորհիվ է, որ այնտեղ այսօր կարողացել են կառուցել ճոպանուղին: Եվ մի՞թե գյուղացիներին կարող ենք մանրուք համարել:

Միջոցառման կազմակերպիչները, հայտնի է, թե մարդկային որ տեսակին են պատկանում, բայց երկրի ղեկավարը ինչու՞ չհարցրեց` իսկ ո՞ւր են էս գյուղերի բնակիչները, Ամենայն Հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չհարցրեց իր հոտի մասին: Հենց ցանկապատից այն կողմ գտնվողները պետք է կանգնած կամ նստած լինեին առաջին շարքերում` այնտեղ, որտեղ նստած էին Զորի Բալայանը եւ մյուս «բարձրակարգ» հյուրերը: Մի՞թե սեփական ժողովրդից ավելի բարձրակարգ հյուր կարող է լինել: Գյուղացիները հենց այդ օրն էին ուզում կանգնած լինել վանքի պատերի մոտ, հյուրերի կողքին: Նրանք ուզում էին, որ իրենց տեսնեն այդ բոլոր բարձրակարգ հյուրերը, բայց նրանց ո՞վ է հասկանում: Օրվա ավարտական ակկորդն էլ Գորիսում էր. մարզային մի քանի լրագրողների արգելեցին մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի` սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպմանը, թեեւ դահլիճում բազմաթիվ ազատ տեղեր կային: «Շատ ուրախալի է, որ հայ լրագրողները տոն ունեն, բայց պարզվում է, որ ինչպես շատ այլ դեպքերում, մարզային լրագրողները «աշխարհի խորթ զավակներն են»: Եւ այն դեպքում, երբ նախագահն իր ելույթում խոսել է նաեւ Արցախյան պատերազմի մասին, նույն այդ դռների ետեւում կանգնած լրագրողները պատերազմի օրերին էլ ապրում էին Գորիսում, շարունակում հեռուստահաղորդումներ պատրաստել, եւ քանի որ տպարան չկա, թեւի տակ Երեւանում տպագրված թերթերը մարզ հասցնել: Թե՞ այն տպավորությունը կա, որ մարզային լրագրողը երկրի նախագահին ասելիք չունի կամ պակաս մտահոգ է իր տարածաշրջանի խնդիրներով, քան մայրաքաղաքում կամ արտերկրում անհամեմատ լավ պայմաններում աշխատող գործընկերը: Մինչդեռ գիտեինք, թե գոնե պետական տոնն ամենքինն է հավասար...»,- «Հետքին» գրել է գորիսեցի լրագրող Սուսաննա Շահնազարյանը: Զգու՞մ եք վիրավորվածությունը... Իսկ ահա աշխարհի տարբեր ծայրերից եւ Երեւանից Գորիսի դահլիճ մտնող լրագրողների մտքով չանցավ էլ, որ իրենցից առավել կարեւոր են հենց նրանք` մարզում աշխատող լրագրողները: Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկին հարցնում եմ, թե կուսակցության խորհրդում երբեւէ քննարկե՞լ են Սամվել Ալեքսանյանի օղիների կեղծման հարցը: «Ի վերջո, Ձեր կուսակցության հեղինակության հարցն է, կարող է ասեն` օղի կեղծողների կուսակցություն»,- ասացի:

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով օղու շուկան, 7 անգամ վարույթ է հարուցել եւ տուգանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» (այժմ` «Ալեքս Գրիգ») ընկերությանը: Սակայն Սամվել Ալեքսանյանը չի վճարել այդ տուգանքները: Իսկ ընկերության փաստաբանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ դատարանը քաղաքական որոշում է կայացրել Սամվել Ալեքսանյանի նկատմամբ: Փաստաբանը, իհարկե, կարող էր ասել, որ Սամվել Ալեքսանյանը նաեւ քաղաքական հալածանքների է ենթարկվում, բայց չի ասել, խնայել է իշխանություններին: Դատարանում Ս. Ալեքսանյանի ներկայացուցիչները չեն էլ վիճարկում, որ կեղծիքներ արել են, նրանք դա ընդունում են, բայց ասում են, որ վարույթը հարուցվել է Ուկրաինայի դեսպանի դիմումի հիման վրա: Եթե Հայաստանի դատական համակարգում Սամվել Ալեքսանյանը «արդարադատության» չհասնի, երեւի կդիմի Եվրադատարան: Մի խոսքով, Ս. Ալեքսանյանը չի ուզում վճարել եւ, հավանաբար, չի էլ վճարի: Սակայն այս մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ նրա, թե ինչ ասաց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամը. «Ի՞նչ ես մանրուքների ետեւից ընկել, մարդը 100 մլն դոլար է ներդրել շաքարի գործարան կառուցելու համար»:

Իսկապես, ի՞նչ ենք «մանրուքների» ետեից ընկել` ի՜նչ գյուղացիներ, ի՜նչ կեղծված ապրանքներ, ի՜նչ անտառների հատում, ի՜նչ բնապահպանություն... Նրանք երկիր են կառուցում, իսկ մենք անընդհատ «մանրուքներ» ենք մատնացույց անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter