HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2-րդ մոդելը` Հայաստանի համար

Հաճախ Հայաստանում քննարկվում է, թե որ մոդելով երկիրը պետք է առաջնորդվի` տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) զարգացնելու համար: Երբեմն նույնիսկ կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է ազգային մրցունակության առանձնահատուկ մոդել ունենա: Մինչդեռ Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի համոզմամբ` նոր հեծանիվ հնարել պետք չէ, և պետք է ընտրել ոլորտի զարգացման` ամբողջ աշխարհում գոյություն ունեցող 4 մոդելից մեկը:

1-ին մոդել: Տեղական խոշոր ընկերությունները կատարում են ներդրումներ, որոնց հաշվին զարգանում է տեղական տեխնոլոգիական կլաստերը: Այս ճանապարհով գնացին Ճապոնիան և Կորեան: 2-րդ մոդել: Կառավարությունը հրավիրում է օտարերկրյա ներդրողներին` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություներին, որոնք գալիս ու ստեղծում են լուրջ կլաստերներ: Այս ճանապարհով գնացին Սինգապուրը և Իռլանդիան: 3-րդ մոդել: Կառավարությունը խոշոր ներդրումներ է անում տարբեր ինովացիոն ծրագրերում` ստեղծելով վենչուրային (ներդրումային) հիմնադրամներ: Այս ճանապարհով գնաց Իսրայելը: 4-րդ մոդել: Կառավարությունը սկսում է ներդրումներ անել, զարգացնում է տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքները, ստեղծում է մի միջավայր` ստարտային հարթակ, որի հիման վրա մասնավոր սեկտորը սկսում է ստեղծել այն արժեքները, որոնք հիմա արդեն լուրջ զարգացում են ապրել: Այս ճանապարհով գնացին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Հովիկ Մուսայելյանը շատ հպարտ կլիներ, եթե Հայաստանը հնարավորություն ունենար ընտրել 3-րդ` Իսրայելը մոդելը, քանի որ Իսրայելն իր աշխարհաքաղաքական խնդիրներով, բնակչության թվով, տարածքով և այլ առանձնահատկություններով համադրելի է Հայաստանի հետ: Սակայն, ցավոք, Հայաստանն այսօր այդ հնարավորությունը չունի, ի վիճակի չէ, բյուջեի սուղ հնարավորություններն օգտագործելով, ստեղծել այդպիսի լուրջ կլաստերներ: «Մեր տեղը, իմ խորին համոզմամբ, 2-րդ` Սինգապուրի և Իռլանդիայի մոդելն է, երբ օտարերկրյա լուրջ ընկերությունների համար ստեղծվում են ներդրումային նպաստավոր պայմաններ, որոնք, բերելով իրենց մշակույթը, նորագույն տեխնոլոգիաներ այդ երկիր, զարգացնում են և այդ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, և ընդհանուր առմամբ` այդ երկրի տնտեսությունը: Այդպիսի օրինակներ մենք ունենք Հայաստանում, և այդ հաջողված օրինակները ուղղակի պետք է չկղզիացվեն, ուղղակի պետք է հիմք լինեն, որ նոր զարգացումներ, նոր հայեցակարգեր մշակվեն, այլ ոչ թե հայեցակարգեր` 20, 30, 50 տարով. չես էլ կարողանում հասկանալ` էդ թվերի տակ ինչ կա»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter