Գարշահոտ զուգարան` շուկայի տարածքում
Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայի տարածքում գտնվող կանանց և տղամարդկանց քաղաքային զուգարաններից ամեն օր օգտվում են ավելի քան 50 առևտրականներ և այլ քաղաքացիներ: Քաղաքային զուգարանների սանիտարական վիճակի վերահսկումը երկար տարիներ անտեսված է ոչ միայն Ալավերդու քաղաքապետարանի, այլև ՀՀ առողջապահության նախարարության համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի Ալավերդու բաժանմունքի կողմից: Մինչդեռ զուգարաններում տեղծված հակասանիտարական վիճակը կարող է դառնալ համաճարակի պատճառ: Վարակներից խուսափելու համար զուգարաններում երբևէ քլորացման աշխատանքներ չեն կատարվում: Այստեղ լվացվելու հարմարությունները իսպառ բացակայում են, որի պատճառով էլ զուգարաններից օգտվող առևտրականները առանց լվացվելու շփվում են սննդամթերքի հետ:
Զուգարանների ծայրահեղ հակասանիտարական վիճակը դարձել է առևտրականների ամենհուզող խնդիրը. «Շատ վատ վիճակ է զուգարանում: Բոլոր առևտրական կանայք էլ ուզում են օգտվել զուգարանից, բայց հիմա այնպիսի հակասինտարական վիճակ է այնտեղ, ոտք դնելու տեղ չկա: Շատ երկար տարիներ է այս շուկան գործում է, բայց վերջին անգամ չեմ հիշում, երևի մի տարի կլինի, հաստատ այս զուգարանը չի մաքրվել»,- ասում է շուկայի առևտրական Սեդա Իսրայելյանը:
«Ուր ա էնտեղ զուգարան, մեկ-մեկ փողոց մաքրողներին մի 50 դրամ ենք տալիս, կամ մի կգ խնձոր ենք տալիս, որ մի քիչ կարգի բերեն զուգարանը: Ամբողջ շուկայի աշխատողներով ենք հավաքում, էն էլ մեկը`տալիս է, մեկը չի տալիս»,- նշում է Համլետ Ալեքսանյանը:
«Վափշե հնարավոր չէ զուգարան մտնել, համարյա փողոցում ենք մեր բնական կարիքները հոգում»,- ասում է Մարիա Բաղդասարյանը:
Զուգարանների և քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչների կենցաղային աղբարկղերի հարևանությամբ են գտնվում նաև շուկայի մթերային մի քանի խանութներ, որոնց շրջակայքում տարածված գարշահոտությունը չի կարող ազդեցություն չթողնել խանութներում վաճառվող սննդամթերքի վրա: Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքային բյուջեով քաղաքի մաքրման, աղբահանության և սանիտարական նորմալ վիճակի պահպանման համար, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թ.-ին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից նախատեսվել է 30 մլն դրամ: Զուգարանների և նրանց շրջակայքի սանիտարական նորմալ վիճակի պահպանումը նույնպես նախատեսվում է 30 մլն դրամի ծախսերի մեջ, որը, սակայն, այդպես էլ չի իրականացվում Ալավերդու քաղաքապետարանի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել