HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստանում ինտերնետ օգտագործողները 47 տոկո՞ս են

Իրականությո՞ւն, թե՞ անեկդոտի տեղիք տվող վիճակագրություն

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին տվյալների` Հայաստանում բնակչության 47%-ը` 1,5 մլն մարդ, օգտվում է ինտերնետից: Այս վիճակագրության վերաբերյալ իր կարծիքը Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն արտահայտեց` անեկդոտ պատմելով:

«Հայկական ռադիոյին ինտերնետ հարցման միջոցով հարցնում են` «Հայաստանում քանի՞ հոգի է ինտերնետից օգտվում», և ինտերնետ հարցման արդյունքում պատասխանը ցույց է տալիս 100%»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Հովիկ Մուսայելյանը: Երկար ժամանակ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը չէր թարմացվում, և համարվում էր, որ երկրի բնակչության 6%-ն է օգտվում ինտերնետից: Ասուլիսի մյուս բանախոսը` «Ի-վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, չբացառեց, որ Հայաստանում իսկապես ինտերնետ օգտագործողները կարող են 47% կազմել: Բջջային հեռախոսակապի ծառայություն մատուցողների «էքսպանսիան» հանգեցրել է նրան, որ ինտերնետի տարածվածությունը Հայաստանում էականորեն մեծացել է: Մանուկ Հերգնյանի կարծիքով` տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում Հայաստանն արձանագրում է առաջընթաց: Պարզապես այդ առաջընթացը չափազանց դանդաղ է տեղի ունենում, և Հայաստանը հետ է մնում մյուս, այդ թվում նաև տարածաշրջանի երկրներից: Արդեն 2002 թ. ողջ աշխարհում բջջային հեռախոսակապը բաժանորդների քանակով գերազանցել է ֆիքսված հեռախոսակապին: Իսկ ինտերներտը բաժանորդների քանակով ֆիքսված հեռախոսակապին գերազանցել է արդեն 2007-ին: Այժմ ինֆորմացիան և գիտելիքը աշխարհում կրկնապատկվում են ամեն տարի, այսինքն` ամեն տարի ստեղծվում է այնքան գիտելիք, որքան եղել է մինչ այդ: Կանխատեսվում է, որ շուտով ինֆերմացիան և գիտելիքը կկրկնապատկվեն ամեն շաբաթ: «Տոտալ հեղափոխություն է տեղի ունենում: Ես կարծում եմ` այդ հեղափոխությունը մեր կողքով է դեռևս անցնում: Հիմա դուք պատկերացրեք` էս տիպի միջավայրում ինչպես պետք է մրցակցել: Սա նշանակում է լրիվ այլ տեսակի մտածելակերպ, այնքան ինտենսիվ փոխազդեցություն աշխարհի հետ, որը դեռևս չլսված է: Իսկ մեզ մոտ երբ 6-ից 47 է դառնում, էական ձեռքբերում ենք համարում: Բայց իրականում դա ընդամենը բաց թողնվածի լրացում է դեռևս: Մենք ուղղակի մի փոքրիկ առաջընթացը, որ մարդիկ հիմա կարող են բջջային հեռախոսով խոսել, մեծ առաջընթաց ենք համարում: Դա ընդամենը անհրաժեշտություն է: Դրանով մենք չենք հասնի մրցակցային առավելության»,- ասաց Մանուկ Հերգնյանը: Նրա համոզմամբ` մրցակցային առավելության հասնելու համար Հայաստանը պետք է առաջ անցնի ոչ միայն անմիջական հարևաններից, այլև ավելի մեծ թվով երկրներից, քանի որ զրկված է այլ տեսակի ռեսուրսներից ու այլընտրանքային հնարավորություններից: «Այս ոլորտը իսկապես բացառիկ հնարավորություն է մեզ ընձեռում: Եվ իսկապես պարադոքսալ է, որ Հայաստանը չօգտվեց դրանից մինչև այսօր»,- ասաց Մանուկ Հերգնյանը: Հովիկ Մուսայելյանի խոսքերով` ՏՀՏ-ն հիմնականում զարգանում է Երևանում, և մարզերում պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Առաջին քայլը Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու նախաձեռությունն է: Դրական տեղաշարժ է նկատվում նաև Արցախում: «Մենք մոտ 2 շաբաթ առաջ ոլորտի լիդերներով` 40 հոգի, Արցախ էինք այցելել մի քանի օրով և բավական ոգևորված եկել ենք, որովհետև և կառավարության, և տեղական համայնքի ցանկությունները, պատրաստակամությունն ուղղակի այնքան բուռն և մեծ էին, որ մեր գործընկերներից շատերը մեր այցելությունից հետո` արդեն իսկ այսօր վերադարձել են Արցախ, որպեսզի արդեն ռեալ, գործնական պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter