HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հովիկ Մուսայելյանն առաջարկում է լուրջ արտոնություններ տալ ՏՀՏ ոլորտին

Որպեսզի կառավարությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում դեկլարատիվ հայտարարություններից անցնի իրական քայլերի, պետք է լուրջ արտոնություններ տրամադրի ոլորտին: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը:

«Սա է խնդիրը, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա: Եթե դու ասում ես` այս ոլորտը հայտարարում եմ գերակա, ուրեմն ուրիշ ոլորտների նկատմամբ այդ գերակայությունը պետք է նյութականացվի»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Դրա համար, ըստ նրա, պետք չէ հայեցակարգ` փաստաթուղթ ստեղծել և այս փաստաթղթով առաջնորդվել, այլ պետք է օրենսդրական փոփոխություններ անել` ոլորտում գործող ընկերություններին արտոնություններ տրամադրելու նպատակով: Այս քաղաքականությունն են որդեգրել Հայաստանի հարևան երկրները: Օրինակ` Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի խորհրդարանները քննարկում են փաթեթներ, ըստ որոնց` հարկային-մաքսային արտոնություններ կսահմանվեն այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նման քաղաքականություն է վարում նաև Թուրքիան: Խորհրդային շրջանում, երբ Հայաստանը միկոէլեկտրոնիկայի ոլորտում ուներ ավանդույթներ և տասնյակ հազարավոր աշխատողներ, Թուրքիայում ոլորտի մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող: Խնդիրը լուծելու համար թուրքերը որոշեցին զրոյական դրույքաչափեր սահմանել այն բրենդային ընկերությունների համար, որոնք կսկսեն գործել Թուրքիայում: «Մայքրոսոֆթն» անմիջապես 4 մլրդ դոլարի ներդրում արեց Թուրքիայի կրթական համակարգում: «Մինչև հիմա ես չեմ կարողանում հասկանալ` ինչու Հայաստանում արտոնություններ չեն տրվում այն ընկերություններին, որոնք, ասենք, ներդրումներ են անում կրթության բնագավառում: Կրթության բնագավառում ներդրում անելը մասնավոր ընկերությա՞ն խնդիրն է, թե՞ պետության խնդիրն է: Որո՞նք են այն ազդակները, որ մարդիկ խրախուսվեն, գան այդ ներդրումներն անեն»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Կառավարությունը ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներին պատասխանում է, որ չի ուզում արտոնություններ սահմանել, որպեսզի այդպիսով որևէ ոլորտի համար չստեղծի ջերմոցային պայմաններ: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու է կառավարությունը հայտարարում, որ ՏՀՏ-ն գերակա ոլորտ է: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` «Ի-վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, ՏՀՏ ոլորտում ներդրումներ չանելը պայմանավորում է Հայաստանի տնտեսական մոդելով: Հայաստանի այսօրվա տնտեսական մոդելը ձևավորել են հիմնականում այն մարդիկ և գործարար խմբերը, որոնք վերաբաշխման մտածելակերպ ունեն: «Նմանատիպ զարգացումներ իրականացնելու համար անհրաժեշտ է այնպիսի մտածելակեպային մոդել, որի հիմքում նոր արժեքի ստեղծումն է դրված, և դա ենթադրում է ամբողջ, գլոբալ միտումների բավական խորը իմացություն և դրանց համահունչ տնտեսական քաղաքականության իրականացում: Այսինքն` այսօր մենք խնդիր ունենք հարստության կուտակման կամ տնտեսական արժեքի վերաբաշխման մտածելակերպից անցում կատարել դեպի նոր արժեքի ստեղծման մտածելակերպ»,- ասաց Մանուկ Հերգնյանը: Հովիկ Մուսայելյանի համոզմամբ` արտոնություններ պետք է տրամադրվեն նաև սկսնակ ընկերություններին: «Հեծանիվ չենք հնարում, ամբողջ աշխարհն է իրականում գնում այս ճանապարհով: Ազատ տնտեսական գոտիներ պետք է լինեն, որտեղ տրվեն արտոնություններ սկսնակ ընկերություներին»,- ասաց նա: Օրինակ` համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր, բրենդային ընկերություններն շատ հետաքրքրված չեն այդ արտոնություններով, որովհետև ունեն շատ մեծ հնարավորություններ: Բացի դրանից` նրանց խնդիրը շատ ավելի գլոբալ է` որակյալ ինտելեկտուալ արտադրանք ստանալ` էժան աշխատուժ օգտագործելով և այլն: Մինչդեռ նորաստեղծ ընկերություններին նման արտոնություններն անհրաժեշտ են: Օրինակ` սկսնակ ինժեներները հնարավորություն չունեն հավաքվելու և միասին գործ սկսելու: Նրանք իրենց սուղ միջոցներով նույնիսկ վարկ չեն կարող վերցնել, մինչդեռ արտոնությունները պետք է տրամադրվեն նաև վարկերի ձևով: Հովիկ Մուսայելյանի խոսքերով` առանց այդ արտոնությունների` երիտասարդները չեն կարողանա ինչ-որ միջավայրում կոմերցիալացնել իրենց նոր գեներացվող գաղափարները և ընկերություններ ստեղծել: Հայաստանում ընդունվել է հայեցակարգ, ըստ որի` մինչև 2018 թիվը երկրում 1000 ընկերություն, այսինքն` տարեկան 100 ընկերություն պետք է ստեղծվի: Հովիկ Մուսայելյանն այս հայեցակարգն իրատեսական չի համարում: «Տնտեսական ճգնաժամ է եղել, եկեք վերանայենք այդ թեզերը»,- ասաց նա: Լուրջ խնդիր է նաև այն, որ սփյուռքահայերը ներդրումներ չեն անում ՏՀՏ ոլորտում: Հովիկ Մուսայելյանի խոսքերով` երբ Հայաստանում ոլորտը սկսեց զարգանալ 90-ականների վերջին, առաջամարտիկները մի քանի սփյուռքահայ գործիչներն էին, որոնք Հայաստանում իրենց ընկերությունների մասնաճյուղերը հիմնեցին նաև հայրենասիրական մղումներով, իսկ հետո դա վերածվեց նաև բիզնեսի: «Բայց դրանից հետո մենք Հայաստանում կարծես թե շատ չտեսանք հայերի, որոնք դրսում բավական հաջողակ էին (իսկ այդպիսի հաջողակ մարդիկ շատ կան): Իսկ մի շարք վիճակագրական տվյալներով` սփյուռքի պոտենցիալը այդ առումով հասնում է 20-30 մլրդ դոլարի: Որտե՞ղ են այդ գումարները: Ինչո՞ւ չեն գալիս այդ սփյուռքահայ գործարարները: Ինչո՞ւ օտարերկրյա ընկերություններից ոմանք, որոնց գործունեության մեջ ոչ մի հայկական էֆեկտ չկա, գալիս են այստեղ, ունենում են հաջողակ օրինակներ, բայց սփյուռքահայը չի գալիս»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով` ի տարբերություն Հայաստանի` հարևան երկրները հսկայական գումարներ են ծախսում ՏՀՏ ոլորտը զարգացնելու համար: Այս պատճառով Հայաստանի առաջընթացը ոլորտում համադրելի չէ այդ երկրների արձանագրած արդյունքների հետ: «Արդեն 10 տարի է, կառավարությունն այս ոլորտը հայտարարել է գերակա ուղղություն: Մեր հարևանները այս ոլորտը գերակա ուղղություն չեն հայտարարել, բայց մենք անընհատ հետ ենք ընկնում: Մենք իսկապես ունենք դրական տեղաշարժեր, բայց մեր հարևանների տեղաշարժը ավելի մեծ է: Մենք իրավունք չունենք այս տեմպերով առաջ գնալու: Մեր աշխարհաքաղաքական խնդիրները, այն մարտահրավերները, որոնք իրականում կան, մեզ իրավունք չեն վերապահում, որ մենք ավելի դանդաղ առաջ գնանք, քան իրականում կարող էինք կամ հավակնում ենք»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter