Շաբաթ, 01 նոյեմբերի

Գորիսի համայնքային իշխանությունը չի շտապում լուծել իրենց պարտականությունների մեջ թերացող ավագանիների հարցը

Սուսաննա Շահնազարյան


21:29, 28 սեպտեմբերի, 2011

Հայ-գերմանական զարգացման համագործակցության շրջանակում այս տարի Գորիսի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել: Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով, այն նախատեսված է, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղում ներկայացնել տեղական իշխանությանն ուղղված նամակը, ստանալ պատասխանը: Բացի այդ, գրասենյակում տրամադրվում են տեղեկանքներ, իրականացվում է հողի, գույքի հարկի, տեղական տուրքի հաշվառում եւ գանձում, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների տրամադրում, ինչպես նաեւ` խորհրդատվություն է մատուցվում քաղաքաշինության ոլորտում, գրանցում համայնքի ղեկավարի մոտ ընդունելության համար:

Թե որքանով է արդյունավետ գործում քաղաքացիների սպասարկման գրասենյակը, առայժմ դժվար է գնահատել, որովհետեւ, ըստ էության, քաղաքացիները դեռեւս  նախընտրում են իրենց մտահոգող խնդիրների համար անձամբ դիմել համայնքային իշխանության ղեկավարին, որի համար «ոչ ժամ կա, ոչ էլ պատարագ»: «Ամեն րոպե ինձ մոտ  ընդունելություն է»,- ասում է համայնքի ղեկավար  Նելսոն Ոսկանյանը: 

Իսկ աշխատակազմի քարտուղարի խոսքով` «քաղաքում բոլորը գիտեն, որ ուրբաթն ընդունելության օր է», եւ քաղաքապետի ընդունելության օրվա, ժամի մասին քաղաքապետարանում ցուցանակ կախելն իմաստ չունի:

Ի դեպ, քաղաքապետարանի տարածքում բացակայում է ոչ միայն համայնքի ղեկավարի ընդունելության մասին ցուցանակը, այլեւ առհասարակ, բացի աշխատակազմի կանոնակարգից, ստորագրությունների նմուշներով ներկայացված հաստիքացուցակից, որեւէ   տեղեկատվություն չկա, ինչպես, օրինակ, ավագանու վերջին նիստի որոշումը կամ հանրային նշանակություն ունեցող որեւէ տեղեկություն:

2011 թ.  համայնքային իշխանությունը քաղաքացիներից ստացել է 660 դիմում, որոնց հիմնական մասը վերաբերում է հողահատկացմանը, բնակելի տների հասցեավորմանը, սոցիալական խնդիրներին, մասնավորապես, դրամական աջակցություն ստանալուն: Վերջինիս դեպքում, համայնքային իշխանության ղեկավարի որոշմամբ, դրամական օգնություն է հատկացվում անգամ` 5 հազար դրամի չափով:

«Համայնքային իշխանությանն ուղղված բազմաթիվ նամակներ  տեղ են հասնում ավագանիների միջոցով»,- ասում է աշխատակազմի քարտուղար Գ. Հայրապետյանը, նշելով նաեւ, որ չնայած քաղաքապետարանի շենքում ավագանիների համար առանձին սենյակ է հատկացվել, այնուամենայնիվ, այն գրեթե չի օգտագործվում, եթե ընտրողների ու ավագանու անդամների միջեւ հանդիպումներ էլ լինում են, ապա` քաղաքապետարանից դուրս:

Աշխատակազմի քարտուղարի խոսքով` ավագանու 15 անդամների մի մասն ակտիվ համագործակցում է աշխատակազմի հետ, սակայն մեծ թիվ  է կազմում նաեւ նրանց  բացակայությունն ավագանու նիստերին:  

«Ավագանու երկու անդամներ բնակվում են Երեւանում, անցած տարի ընդամենը մեկ նիստի են մասնակցել, իսկ 2011 թ.-ին` ոչ մի»,- ասում Է Գ.Հայրապետյանը:

Վերջինս հավելեց, որ ապրիլին կայացած ավագանու նիստում քննարկվել է նիստերից ավելի հաճախ բացակայող ավագանիների եւ առհասարակ, չմասնակցողների հարցը, սակայն իրավիճակը որեւէ կերպ չի փոխվել:

Չնայած օրենքով այդ հարցը նույնպես կարգավորված է. «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստն սկսվելու պահից եթե նա «մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից»:

Ավագանիների պասիվության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում նաեւ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ասելով, որ նրանց հիմնական մասը խուսափում է մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունից եւ այդ պատճառով հանձնաժողովների գործունեությունը հիմնականում ձեւական բնույթ է կրում:

Ինչպես ձեւական բնույթ է կրում այն, որ քաղաքի որոշ ընտրատարածքներում ընտրողները տեղական իշխանություններում իրենց շահերը ներկայացնողներ ունեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ