Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանում կոլեկտիվ պայքարի և կոլեկտիվ պաշտպանության նախադրյալներ չկան



Ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, որոնք ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ցուցարարների բարձրացրած բողոքի ալիքի հետեւանքով, Հայաստանում, չնայած աշխատողների իրավունքների համատարած խախտումներին, փողոց դուրս գալը հազվադեպ երեւույթ է: ՀՀ արհմիությունների համադաշնության նախագահ Էդուարդ Թումասյանը այդ հանգամանքը բացատրում է Հայաստանում գործազրկության բարձր մակարդակով եւ բնակչության ցածր իրավագիտակցությամբ. «Այսօր գործատուն շահագործում է, աշխատեցնում են ինչքան պետք է, բայց նրանք չեն դիմում իրենց իրավունքները պաշտպանելու համար, քանի որ վախենում են կորցնել աշխատատեղը»: Ինչպես նշում է Է.Թումասյանը, Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների մեջ գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի, եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ աշխատատեղերը խիստ սահմանափակ են: «Այսօր աշխատավորները արհմիությանը չեն դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ սպառվում են իրենց պահանջների բավարարմանը հասնելու բոլոր հնարավորությունները, կամ` դիմում է անհատը, ով իր էությամբ ակտիվ մարդ է»,- մեկնաբանում է նա: Արհմիությունների համադաշնության նախագահի ասելով` տարվա ընթացքում համադաշնությանը 300-400 դիմում են հասցեագրում, բացի արհմիութենական 24 ճյուղային միություններին դիմողներից, որոնցից յուրաքանչյուրն իր դիմումատուն ունի: Է. Թումասյանը վստահեցնում է, որ արհմիությունը պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանելու դիմումատուների իրավունքները, բայց, իհարկե, ոչ գործադուլների ճանապարհով: «Գործադուլները չարիք են ցանկացած երկրի համար, այսօր ամբողջ Եվրոպան ոտքի է ելել, սակայն դա խաթարում է ընդհանուր վիճակը»: Այնուամենայնիվ, նա նշում է, որ մենք դրա համար էլ հասունացած չենք,  աղքատ երկիր լինելով` չունենք անհրաժեշտ նախադրյալները: «Այնտեղ քաղաքացիական հասարակությունը բարձր մակարդակի վրա է, արհմիություններն ավանդույթ ունեն, ուժ են եւ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն: Նրանց համար գործադուլ սկսելը դժվար չէ, քանի որ աշխատողը բավականին մեծ գումար է վճարում արհմիությանը, եւ պահը հասունանալուց արհմիության ղեկավարը հանգիստ ասում է` մի գնացեք աշխատանքի, մենք ձեզ կվճարենք: Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ մեր արհմիության անդամները  կարողանան վճարել մեզ, եւ ինչ-որ պահի մենք էլ օգտակար լինենք նրանց: Այստեղ արհմիությանը չնչին գումար են վճարում, որը հանրապետության նվազագույն աշխատավարձից ցածր է»,- ասում է Է. Թումասյանը: Ավելին, զրուցակիցս նշեց, որ ներկայումս արդարադատության նախարարությունում հաշվառված են 800 արհմիութենական կազմակերպություններ, սակայն այդ թիվը կարող էր եռակի անգամ մեծ լինել: Շատ կազմակերպություններ գրանցվելու համար ֆինանսական միջոցներ չունեն, եթե դրան էլ հավելենք այն, որ իրավաբանական անձ դառնալով` պետտուրք պետք է մուծեն, կնիք ունենան, հարկատու դառնան, շատերը դրա համար չեն գրանցվում: Խորհրդային շրջանում արհմիությանը վերապահված գործառույթները 1997 թ.-ից պետությունը բաժանել է աշխատողների իրավունքների պաշտպանությունն իրականացնելուն միտված երկու կառույցների միջեւ` աշխատանքի պետական տեսչության եւ արհմիության: Ընդ որում, աշխատանքի պետական տեսչությանը ավելի մեծ դերակատարություն է վերապահվել: Մասնավորապես` աշխատանքային իրավունքի խախտումները հայտնաբերելը նրանց խնդիրն է, աշխատողների անվտանգության ապահովումը` նույնպես: «Նույն իրավունքները մենք էլ ունենք, բայց մեզ տրված է հասարակական վերահսկողության դեր, այսինքն` մեզ կարող է նույնիսկ թույլ չտան մտնել տվյալ կազմակերպություն: Մենք կարող ենք մտնել միայն այն կազմակերպությունները, որտեղ ունենք արհմիության կոմիտե»,- ասում է Է. Թումասյանը: Պարզվում է, որ ստուգումների հարցում խոչընդոտներ են հարուցվում նաեւ աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համար, որոնք «ներկայանում են պետության անունից, գտնվում են պետության հովանավորության ներքո եւ  առաջնորդվում են օրենքներով»: Աշխատանքային պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ գործատուների կողմից լինում են խոչընդոտելու դեպքեր, եւ նման դեպքերում վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվում, վարույթ է իրականացվում, բայց հիմնականում տրամադրում են փաստաթղթերը: Պրն Սմբատյանը տեղեկացրեց, որ տեսչությանն ուղղված դիմումները տարեց-տարի շատանում են, որը նա կապում է մարդկանց իրավագիտակցության, վստահության բարձրացման հետ: Դիմում-բողոքներում բարձրացված խախտումները, նրա ասելով, բազմազան են` աշխատանքից ազատում, վերջնահաշվարկի չվճարում, աշխատանքային գրքույկի չտրամադրում եւ այլն: Այսինքն` տեսչությանն ուղղված բողոքները դարձյալ անհատականացված են: Պրն Սմբատյանը վստահեցնում է, որ իրենց հաջողվում է դիմողների բողոքները բավարարել: «Վարչական վարույթներ ենք հարուցում, ստուգումներ ենք իրականացնում, եւ ամեն դիմում-բողոք ստանում է իր պատասխանը: Եթե մեր վարչական լծակները բավարարում են` մինչեւ անգամ ստուգում իրականացնելով եւ վարչական տուգանք կիրառելով հասնել քաղաքացու պահանջի բավարարմանը, ապա հասնում ենք նրան, որ գործատուն բավարարի պահանջը: Սակայն, եթե գործատուն շարունակում է խախտումը եւ աշխատողի խախտված իրավունքը չի վերականգնում, ապա վարչական լծակներ ենք կիրառում` տույժեր, տուգանքներ: Մենք մեր լիազորությունից բխող ամեն ինչ անում ենք, որ չվճարված աշխատավարձերը վճարվեն` վարչական հանձնարարական ենք տալիս վճարելու մասին, իսկ դա էլ չկատարելու դեպքում` հարկադիր կատարման ճանապարհով ենք իրականացնում եւ այլն»: «Եթե գործատուն տուգանքը վճարում է, սակայն խախտումը շարունակում է, ի±նչ եք անում»,- մեր հարցին նա պատասխանում է. «Եթե գործատուն ընդունում է իր խախտումը, սակայն այդ պահին հնարավորություն չունի, օրինակ, աշխատավարձը վճարելու, դա դառնում է մասնավոր իրավունքի խախտում գործատուի եւ աշխատողի միջեւ: Եթե աշխատանքից ազատում է, եւ աշխատողը վիճարկում է ազատելու օրինականությունը, այս դեպքում նույնպես տեսչությունը անելիք չունի»,- ասում է տեսչության պետի տեղակալը: Արհմիությունների համադաշնության նախագահ Էդուարդ Թումասյանը արհմիութենական գործունեության մեջ նախապատվությունը տալիս է Սկանդինավյան երկրների արհմիութենական կառույցներում գործող մոտեցումներին, որտեղ, նրա ասելով, սոցիալական գործընկերությունը լավ հիմքերի վրա է, գործադուլներ չեն լինում: Այսինքն` պետությունը հարգում է արհմիություններին եւ բանակցություններով հասնում են փոխզիջման: Մեր երկրում նման մի փորձ ձեռնարկել են անցյալ տարի. 2009 թ. ապրիլի 27-ին ՀՀ Կառավարությունը, ՀՀ արհմիությունների համադաշնությունը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ստորագրել են Հավաքական հանրապետական պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ եւ կողմերի համատեղ գործողությունները դրանց իրագործման ասպարեզում: Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչեւ  2012թ. հունիսի 30-ը։ «Սա այն հիմնական փաստաթղթերից մեկն է, որով կարգավորվում են գործատու-աշխատող-Կառավարություն հարաբերությունները, որը նախկինում քաոսային վիճակում էր: Այդ պայմանագիրը հնարավորություն է տալիս բանակցությունների միջոցով մեղմել վիճակը»,- պայմանագրի կարեւորությունն է ներկայացնում պրն Թումասյանը: Պայմանագրի հիմքում ընկած «Արժանապատիվ աշխատանք»-ը մեր պետության ստանձնած պարտավորություններից մեկն է աշխատանքի միջազգային կազմակերպության առջեւ, եւ այն ապահովելու նպատակով կողմերը ստանձնել են մի շարք պարտավորություններ: Պայմանագիրը ստորագրելուց հետո եռակողմ հանձնաժողով է ձեւավորվել, որում յուրաքանչյուրը ներգրավվել է 5 հոգանոց կազմով: Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարն է: Արհմիության ղեկավարը նշում է, որ հանձնաժողովը քննարկում էր խնդրահարույց հարցեր աշխատանքային փոխհարաբերությունների, սոցիալական վիճակի, կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ: Ակտիվ մասնակցություն են ունեցել «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխություններին, որպեսզի ավելի մեղմեն Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «Նախագծով դրված էր թուլացնել աշխատողի դիրքը, հզորացնել գործատուինը: Բավական մեծ աշխատանք կատարվեց, որով հասանք որոշակի հաջողությունների: Այս հարաբերություններում արդեն որոշակի տեղաշարժ կա: Մենք պահանջել ենք, որ ոչ մի օրենսդրական նախագիծ առանց մեզ հետ քննարկելու չներկայացնեն Ազգային ժողով: «Այդ պայմանագրի համաձայն` օրենքի նախագծերը մեզ հետ պետք է համաձայնեցվեն, ճիշտ է, այն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, բայց էլի հաջողություն»,- նշում է համադաշնության նախագահը: Իսկ թե ինչ վիճակում է հիշյալ հանձնաժողովի գործունեությունը, եւ որքանով է նրան հաջողվում իրականություն դարձնել «արժանապատիվ աշխատանք» կարգախոսը, պրն Թումասյանը պատասխանեց. «Հանձնաժողովը կանոնավոր չի կարող գործել, քանի որ նրա ստեղծումից մինչ օրս, տարիուկեսվա ընթացքում, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը չորս անգամ փոխվել է, իսկ նախարարը հանձնաժողովի նախագահն է, էլ ի՞նչ պահանջես նրանից»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ