HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բյուջեի փողերը չեն ցանկանում հետ բերել. որտե՞ղ են նավի համար նախատեսված գումարները

Անցյալ տարի «Հետքը» հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մի գյուղացի հարեւանի տան նկուղից ալյուր գողանալու համար ազատազրկման դատապարտվել: Նա ալյուրը գողացել էր, որովհետեւ ընտանիքի չորս անչափահաս երեխաները սոված էին:

Ալյուր գողացող գյուղացուն դատապարտել են, նա մի քանի ամիս անցկացրել է կալանավայրում, հետո համաներմամբ ազատ է արձակվել: Ի՞նչ արժե մեկ, երկու կամ երեք պարկ ալյուրը. մի քանի տասնյակ հազար դրամ: Իսկ հիմա պատմենք, թե ինչպես են պաշտոնյաները յուրացրել 100 մլն դրամից ավելի գումար եւ առայսօր չեն պատժվել ու չեն էլ պատժվելու:

Մի պարկ ալյուր գողացող գյուղացին Հայաստանում շատ արագ կարող է հայտնվել բանտում, իսկ պետական բյուջեից միլիոններ գողացող պաշտոնյաների հետ ոչինչ չի պատահի: Սա Հայաստանում ընդունված խաղի կանոններն են, հանրապետությունում գործող իրական օրենքները: Եթե այդպես չլիներ, ապա այսօր առնվազն մի քանի պաշտոնյաներ պետք է գտնվեին բանտում:

«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2010 թ. մայիսին հարուցվել է քրեական գործ:

«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը «Սեւանա լճում եւ նրա ավազանում կատարվող հիդրոօդերեւութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում պետք է ձեռք բերեր հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ: Նավի մատակարարման համար ՀՀ պետական բյուջեով 2006 թ. նախատեսվել եւ հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153 մլն դրամ:

«Կամար» ՓԲԸ-ն այդ նավը ձեռք է բերել 47 մլն դրամով: «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը գնվել է ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից: Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը մեր հարցմանը պատասխանել է, որ այս գործով քննությունը դեռ ավարտված չէ: Նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է:

«ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, չնայած որ «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, այսինքն` ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխնիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով, առանց առարկայական եւ փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած 2007 թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունը, թե 153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին:

Արդյունքում թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որպիսի գործողությունների հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ստուգման նյութերով «Կամար» ՓԲԸ ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Հ. Վարդանյանը մասամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարելով 33 մլն դրամ»,- գրաված է գլխավոր դատախազության պատասխան գրության մեջ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ այս գործի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել «Կամար» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այս փաստաթղթերի տակ ստորագրել են բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ: Նրանցից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Ավելին, նրանք շարունակում են աշխատել նույն կամ այլ պաշտոններում` նոր յուրացումներ կատարելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter