
«Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»` ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»: Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով:
Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից, որոնց շարքում են Եվրոպայի ժողովրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիվիլների ժամանակագրությունը, 18րդ դարի չինական կայսերական արխիվները, Ազգերի Լիգայի 1919-1946թթ. արխիվները, կոմպոզիտորներ Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունները, Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատությունները և այլն:
«Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության» հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից և ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010թ:
Տեղեկանք: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:
Մեկնաբանել