HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուզում են լռեցնե՞լ «Հայկական ժամանակին» և Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բանտում սադրանքներ կազմակերպելը և բռնություններ կիրառելը «Հայկական ժամանակ» օրաթերթը լռեցնելու նպատակ է հետապնդում: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա հրատարակել թերթը և գրել այնտեղ: Իսկ պատճառը վերջին շրջանում օրաթերթի հրապարակած նյութերն են` օլիգարխների ունեցվածքի բացահայտումներով, հայոց իշխանավորների, ռեժիմի հանցագործությունների մասին հրապարակումներով: Սա ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի բացատրությունն էր` այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի հերթական ակցիայի նպատակի վերաբերյալ: «Ռեժիմը մտահոգված է: Այս բոլոր հարձակումները կազմակերպված են մեկ նպատակով, լռեցնել «Հայկական ժամանակ» թերթը, ոչնչացնել այդ թերթը»,-վստահ է Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, քաղբանտարկյալներին ճնշելու միտումը սկսվել էր դեռևս 2008-ի դեկտեմբերից, երբ նպատակ էր դրվել ներման խնդրագրեր կորզել «Մարտի 1-ի» գործով դատապարտված բանտարկյալներից` Գրիգոր Ոսկերչյանի, Գևորգ Մանուկյանի, Վարդգես Գասպարիի, Արմեն Սարգսյանի նկատմամբ բռնարարքներ գործադրելով: «Ոչ ոք չկոտրվեց, բոլորը արժանապատիվ բանտերից դուրս եկան` առանց հանձնվելու ռեժիմի պահանջներին»: Լևոն Զուրաբյանի կարծիքով, քանի որ Նիկոլ Փաշինյանից ներման խնդրագիր կորզելն անիրատեսական է, փորձում են այլ կերպ` սադրանքներով ու բռնություններով ճնշել նրան: Լևոն Զուրբայանը վստահեցնում է, որ ՀԱԿ-ը թե' հասարակության, թե' միջազգային հանրության առջև այս հարցերը բարձրացնելու բոլոր հնարավորություններն օգտագործելու է: Արդեն դիմել են իրավապաշտան կազմակերպություններին և լրագրողների իրավունքները պաշտպանող տեղական ու միջազգային կառույցներին: Իսկ նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են` հարցին հնչեղություն տալու և կանխելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր ոտնձգության փորձերը: Մինչ Լևոն Զուրաբյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, ակցիայի մանսակիցները շարունակաբար վանկարկում էին` «Սերժի'կ, հեռացի'ր», «Մենք բոլորս Նիկոլ ենք», «Ազատություն քաղբանտարկյալներին» և այլ արտահայտություններ: Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝բարձրախոսով հորդորում էր ոստիկաններին զբաղվել «պզո»-ներով, ուրանի գործով ու հանցագործ բռնելով, այլ ոչ թե քաղբանտարկյալներին ճնշելով. «Վստահ եմ, որ դուք կուզեք, որ հանցագործներ չլինին, որ «Պզոն» Հայաստանում չղեկավարի, որ Լուժկովը Հայաստանի սեփականության կեսը չունենա, որ հանցագործը ձեզ չթելադրի, մեզ չթելադրի»: Իսկ բողոքի ակցիայի սկզբում միջադեպ տեղի ունեցավ նախկին բանտարկյալ Վարդգես Գասպարիի և ոստիկանության աշխատակիցների միջև: Երբ ոստիկանները փորձում էին գլխավոր դատախազության շենքի մայթեզրից հեռացնել հավաքված ցուցարարներին, այդ թվում նաև Վարդգես Գասպարիին, վերջինս ոստիկանի հրումից ետ-ետ գալով ընկավ, իսկ ցուցարարները` տեսնելով Վ. Գասպարիին գետնին, շարժվեցին դեպի ոստիկանները և տեղի ունեցավ քաշքշուկ, ինչին միջամտեցին ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը և ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ոստիկանները ցուցարարներին հեռացրեցին դատախազության շենքի մայթեզրից` հասցնելով մինչև դիմացի մայթեզր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter