HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մեկնաբանում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Մոտ 10 օր առաջ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը դիմել էր ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին` ասելով, թե ադրբեջանցիների մասին Հայաստանի նախագահի արտահայտած մտքերը ռասիստական ու ֆաշիստական են և ստորացնում են ադրբեջանցիներին: Սերժ Սարգսյանը սփյուռքահայ լրագրողների հետ հոկտեմբերի 16-ին կայացած իր հանդիպման ժամանակ ասել էր, թե ադրբեջանցիներն իրենք էլ չգիտեն՝ մա՞ր են, աղվա՞ն, թե՞ թուրք:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը նոյեմբերի 9-ի հանրահավաքում անդրադարձավ նաև առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ասաց. «Ինչ խոսք, սա կարևորագույն նպաստ է հայ-ադրբեջանական հաշտության կայացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի հուսանք, որ ճարտասանական այս գլուխգործոցն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմից, ինչպես ժամանակին գնահատվեց Ռոբերտ Քոչարյանի դարակազմիկ հայտարարությունն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիներն էթնիկապես անհամատեղելի ժողովուրդներ են»: Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածը: «Ադրբեջանական մամուլում դա արծարծվեց, բայց հայաստանյան մամուլում` քիչ: Որպեսզի հայաստանյան մամուլը և հասարակությունն էլ տեղյակ լինեին, որ իբր թե մեր նախագահի ասածները ռասիստական են, ապա պետք էր խոսնակ: Խոսնակը դառավ Լևոն Տեր-Պետրոսյանը և հնչեցրեց Հայաստանում, որ այ, այսպիսի բան կա: Այսինքն` նա արդեն դառել է Ադրբեջանի խոսնակը, և ինչքան քարոզչական բացասական, հակահայկական դրսևորումներ կան մեր նկատմամբ, ինքը էստեղ ներկայացնում է` ռետրանսլյացիա է անում»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը: Անդրադանալով ՀՀԿ ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը` Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր. «Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»: Ռազմիկ Զոհրաբյանը հահամիտ չէ, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունը ռասիստական է: Նրա խոսքերով` դա առողջ ազգայնական գաղափարախոսություն է, որի շնորհիվ Գարեգին Նժդեհը կարողացավ Լեռնահայաստան հռչակել` Սյունիքը փրկելով թուրքական օկուպացիայից: «Եվ եթե չլիներ Զանգեզուրը Հայաստանի հետ, համոզված եղեք, որ չէր լինի Հայաստանի Հանրապետությունը այսօր. ավտոնոմ մի մարզ էր լինելու Խորհրդային Միության կազմում, և Լևոն Տեր-Պետրոսյանը չէր աշխատելու Մատենադարանում, որովհետև Մատենադարան էլ չէր լինելու, նրանք ոչնչացնելու էին: Եվ ընդհանրապես Ղարաբաղ էլ չէր լինելու, որովհետև եթե Հայաստանը լիներ ավտոնոմ մարզ, Ղարաբաղը ընդհանրապես չես իմանում` ինչ կարգավիճակ կունենար»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը: Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի` Ռազմիկ Զոհրաբյանի մեջ տարակուսանք չի առաջացրել Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 16-ի ելույթի այն միտքը, թե ադրբեջանցիներն իրենք էլ չգիտեն` մա՞ր են, թաթա՞ր, թե՞ թուրք: Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ ադրբեջանական ժողովուրդը մի դարի պատմություն էլ չունի, և հնարածին է անգամ Ադրբեջան անունը: «Խորհրդային Միության տարիներին հարկավոր էր հավաքածու սարքել, որպեսզի այդ տարածքը նաև վերահսկվեր: Էդտեղ թուրք-թաթարների հենքի վրա տարբեր ժողովուրդների, ցեղերի հավաքածու է իսկապես: Այսինքն` հանրապետության նախագահը նոր բան չի ասել: Այդ պատմությունը այնքան մեկնաբանված է, որ բոլորն էլ գիտեն: Առավել ևս զարմանալի և ծիծաղելի են Ալիև պստիկի հայտարարությունները (մեծն էլ նման դրսևորումներ ուներ), որ չկա Հայաստան, Զանգեզուրը թուրքական է, Երևանի խանությունը թուրքական է և այլն: Այսինքն` այս հիմարություններին աշխարհում որևէ մեկը չի հավատում, և ծիծաղում են իրենց վրա»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter