HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սահմանվել է հակամրցանակ

 

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը հիմնել է «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ»: Այս հակամրցանակը տրվելու է հայոց լեզվին, դպրությանը, անկախ պետականությանն առավել մեծ վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին:

«Դելյանովը ծագումով հայ ռուս քաղաքական գործիչ է, 19-րդ դարի Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության նախարար, որը, ի թիվս ամենի, նաև հայկական դպրոցներ է փակել, հայկական կրթությանը վնաս է տվել և այլն: Այսինքն` մեզ համար հայ մարդու մի կերպար է, որը այլ ինչ-որ պետությանը, ազգին հաճոյանալու համար պատրաստ է վնաս տալ նաև մեր ազգային մեծագույն արժեքներին»,- «Հետքին» ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: 2010 թ. մրցանակաբաշխության արդյունքները հաշվի կառնեն ամբողջ տարվա արդյունքները և կհայատարարվեն շուտով: Այս պահին հակամրցանակի հավակնորդների ցուցակում մոտ 15 հոգի կա: «Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասում են` այսինչին ինչու չեք մտցրել ցուցակի մեջ և այլն: Մենք կլսենք բոլոր մարդկանց կարծիքները: Մենք քվեարկությունից առաջ այդ ցուցակը կհրապարակենք, որ մարդիկ հնարավորություն ունենան քվեարկել»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Առաջին հակամրցանակները ստանալու թեկնածուներն այն պատգամավորներն են, ովքեր կողմ կքվեարկեն «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին օրենքներում» փոփոխություններ նախատեսող օրինագծին: Սակայն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման կողմնակիցները և լայն հասարակությունը ևս կարող են թեկնածուների առաջարկել: Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ, պատվոգիր և դրամական պարգև 30 դրամի չափով: «Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը և մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա»,- նշվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter