HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մենք պարտավոր ենք պաշտպանել Նիկոլ Փաշինյանին

Հակառակ դեպքում` վաղը ստիպված պաշտպանելու ենք ինքներս մեզ Համոզված են այսօր «Ա1+»-ում տեղի ունեցած ասուլիսի բանախոսները: Նշյալ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանը եւ Տիգրան Տեր-Եսայանը, ինչպես իրենք են նշում` ստիպված են բարձրաձայնել այն վտանգավոր խնդիրների մասին, որոնք տեղի են ունենում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանի շուրջ: Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերը դիմակավորված անձինք քնած ժամանակ հարձակվել են իր վրա: Իսկ իշխանությունը, մասնավորապես ՔԿՀ վարչության մամլո ծառայությունը, կատարվածը վերագրելով Փաշինյանի «տեսած երազին» ու հղում անելով նրա հետ նույն կացարանում բնակվող 18 բանտարկյալների վկայություններին, վերջինիս հայտարարությունը գնահատեց իբրեւ «միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթ»: «Ես անձամբ հավատում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններին, այն առումով, որ կան խոշտանգումներ եւ կա վախի մթնոլորտ, որն ուզում են ներշնչել Նիկոլին: Ես չեմ հավատում, որ Նիկոլը վատ երազ տեսնելուց հետո միանգամից վերցնում է գրիչը եւ սկսում նկարագրել իր տեսած երազը»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը եւ շեշտում, թե չի հավատում նաեւ իշխանությունների առաջ քաշած այն լուրերին, թե Փաշինյանը քրեակատարողական հիմնարկում խնդիրներ ունի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ: Քանի որ «կրիմինալ աշխարհն ունի իր օրենքները եւ երբեք իրեն թույլ չի տալիս խառնվել քաղաքականության մեջ` այդպիսի ակտիվ, բռի ձեւով»: Հեռուստաընկերության նախագահը բոլորին կոչ է անում պայքարել այս երեւույթի դեմ, որովհետեւ եթե այսօր շահեց անպատժելիության մթնոլորտը, վաղը նույնը կատարվելու է բոլորիս հետ: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նախ հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է: «Իշխանությունը պարտավորություն ունի ապահովելու ՔԿՀ-ներում գտնվող յուրաքանչյուր մարդու անվտանգությունը, որովհետեւ իշխանությունն ինքն է նրան տարել բանտ: Իսկ քաղբանտարկյալի համար առավել եւս, որովհետեւ նրան բանտ է տարել անօրինական` առանց որեւէ հիմքի, նրա ծավալած քաղաքական գործունեության համար,- ասում է Հարությունյանը,- ես ուղղակի կոչ եմ անում մի պահ կենտրոնանալ եւ մտածել, թե ինչ է կատարվում Նիկոլի հետ: Երբ ամեն վայրկյան 800 հոգանոց գաղութում ինքը սպասում է հարձակման, երբ ամեն վայրկյան` նույնիսկ քնած ժամանակ, նրա նկատմամբ հնարավոր է` կատարվի հարձակում: Սա արդեն այն սահմանն է, որից հետո ամեն ինչ հնարավոր է սպասել»: Իրավապաշտպանի խոսքերով` Փաշինյանին պաշտպանելու միակ լծակը մամուլն է, խնդրի հրապարակայնեցումը: «Շատերս կարող ենք չկիսել նրա գաղափարները, բայց որ նրան, որպես լրատվամիջոցի ներկայացուցչի, որպես հրապարակախոսի, որպես քաղաքական գործչի պաշտպանելը մեզանից յուրաքանչյուրի գործն է, ես դրանում կասկած չունեմ»,- ասում է Հարությունյանը եւ կոչ անում հատկախես նրանց, ովքեր չեն կիսում Նիկոլի քաղաքական հայացքները, այսօր ժամը գնալ Սարյանի արձանի մոտ եւ մասնակցել «Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի» ակցիային: «Իմ հիմնական շեշտը Նիկոլը չէ: Այսօր արդեն նա պետք է դառնա միջոց` ապագայում յուրաքանչյուր լրատվամիջոցի, լրագրողի անվտանգությունը պաշտպանելու համար: Որպեսզի Նիկոլից հետո չտանեն յուրաքանչյուրիս, մենք այսօր պարտավոր ենք պաշտպանել Նիկոլին: Դրանով մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»,- շեշտում է Վ. Հարությունյանը: Մեսրոպ Մովսեսյանը նշում է, թե տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում կարելի է նույնիսկ «վախենալու ենթադրություններ անել»: Որովհետեւ, եթե իշխանությունները կարողանան հանրությանը համոզել, թե Ն. Փաշինյանը խելքը կորցրել է, հետագայում նրա հետ կատարվող ամեն ինչ կկապեն այդ հանգամանքի հետ. «Ես չեմ ուզում շատ վատ բաներ ենթադրել, որովհետեւ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի կարողանանք միասին կնխել այդ ամենը»,- ասում է նա: Վարդան Հարությունյանն էլ հավելում է, թե կանխամտածված են տարածվում այն լուրերը, ըստ որոնց` Նիկոլ Փաշինյանը հակասություններ ունի քրեական աշխարհի հետ. «Դրա նպատակն այն է, որ հետագայում, եթե Նիկոլի հետ ինչ-որ բան պատահի, Աստված չանի, նրանք կարողանան ասել` դե, գիտեք, բանտակիցների հետ պրոբլեմ ուներ: Այսինքն` նախապես իրենց վրայից պատասխանատվությունը գցելու փորձ է սա»: Ըստ բանախոսների` ուշագրավ է եւ այն, որ իշխանությունները, իրենց թեզը պաշտպանելու համար, թե իբր Նիկոլը երազ է տեսել, փորձել են զրուցել Փաշինյանի հետ նույն վայրում գիշերող 18 բանտարկյալների հետ: «Բոլորս գիտենք, թե ինչ կարգավիճակում են այդ բանտարկյալները: Նրանք պետք է ասեն միայն այն, ինչ կպահանջվի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, բնականաբար: Այսինքն` այդ վկայությունները ծիծաղելի են եւ արժանահավատ լինել չեն կարող»,- ասում է Վ. Հարությունյանը: Իրավապաշտպան Տիգրան Տեր-Եսայանն էլ ընդգծում է, թե միան այն փաստը, որ 18 բանտարկյալ գտնվում են նույն կացարանում, արդեն իսկ խոսում է վերջիններիս իրավունքների խախտման մասին: «Բազմիցս ահազանգվել է, թե ինչ է տեղի ունենում ՔԿՀ-ներում: Տարիներ առաջ Եվրադատարանը փաստն արձանագրեց, որ ՀՀ-ում տեղի է ունենում անմարդկային վերաբերմունք: Կարելի էր դրանից հետեւություններ անել եւ նման հիմնարկ-ձեռնարկություններում կառուցվածքային փոփոխություններ կատարել: Խոսքը ոչ միայն «Կոշ», այլեւ «Սեւան», «Արթիկ» եւ մյուս ՔԿՀ-ների մասին է: Եվ կառուցվածքային փոփոխությունները պետք է լինեն թե ռեժիմի հետ կապված, թե նաեւ շենք-շինության պահպանման հետ կապված»,- ասում է Տ. Տեր-Եսայանը եւ հավելում, որ կառավարությունը, եթե կարողանում է միջոցներ գտնել ԱԺ-ն վերանորոգելու համար, ուրեմն պետք է մտածի նաեւ ՔԿՀ-ներում բարեփոխումներ անցկացնելու մասին: Ըստ նրա` այսօր նույնիսկ ազատազրկվածին տեսակցելու համար պետք է մտածես, թե ինչ ճանապարհներ ես հաղթահարելու, որ դա մի կերպ հաջողես: «Այս դեպքն անսպասելի չէր, եւ, բնականաբար, նման դեպքեր` գիշերային այցելություններ, լինում են նման հիմնարկ-ձեռնարկություններում: Բայց ցավալին այն է, որ մենք փորձում ենք համոզել կամ հարց բարձրացնել մարդու ապագա անվտանգության հետ կապված, որն իրենք (իշխանություններն) են կոչված ապահովելու,- ընդգծում է իրավապաշտպան Տեր-Եսայանը,- նույնիսկ ծիծաղելի է նման հարց բարձրացնելը: Բայց եթե չլիներ անհանգստություն, բնականաբար, նման մտքեր չէինք ասի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter