HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Սուրենյանցի` Փաշինյանի անվտանգությունն ապահովելու պահանջն ադեկվատ չէ

Փոխարենն այլ բան պետք է պահանջել

Քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցի համար ընդունելի է մարտի 1-ի գործով ազատազրկվածներին ազատ արձակելու ցանկացած ձև, որը կօգտագործի իշխանությունը` բացի մարդկանց ներման խնդրագիր գրել պարտադրելուց:

Ձերբակալվածները կարող են ազատ արձակվել փոքր համաներմամբ, պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմով, ինչպես նաև նախագահն ունի կոնկրետ կալանավորների ազատման հրամանագրեր ստորագրելու բացառիկ իրավունք: «Ի վերջո, քանի որ մարդիկ նստել են քաղաքական դրդապատճառներով, լուծումը անպայման քաղաքական է լինելու: Տղերքին նստեցրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Անհիմն մարդկանց 2,5 տարի ազատազրկել են: Մարդիկ որևէ հանցանք չեն գործել, 2,5 տարի ազատազրկված են»,- այսօվա մամուլի ասուլիսին ասաց Սուրեն Սուրենյանցը: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով ձերբակալվածներին ազատ արձակելու իրավական մեխանիզմներին, ապա դրանք ևս իշխանությունը կարող է գտնել: Սուրեն Սուրենյանցի խոսքերով` եթե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին իշխանությունը հանձնարարի քաղկալանավորներին ազատ արձակելու մեխանիզմ գտնել, ապա Հարությունյանը այդ մեխանիզմը կգտնի 5 րոպեում: «Այսինքն` որևէ խնդիր ես չեմ տեսնում. 1000 ձև կա: Իհարկե, ես չեմ ուզում, որ տղաները ազատվեն էնպես, ոնց որ ազատվեցին Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանն ու մյուսները: Այսինքն` բացարձակապես անհիմն ու նախագահի կամայական որոշմամբ. ոչ էդ գործը կարճվեց, ոչ էդ մարդկանց ստատուսը փոխվեց: Ինչպես նրանք ազատվեցին` իրավական և քաղաքական որևէ հիմնավորում չբերվեց»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկմանը և «Կոշ» ՔԿՀ-ում նրա նկատմամբ բռնություններին` Սուրեն Սուրենյանցն ասաց, որ ադեկվատ չի համարում «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու» պահանջը, և պահանջը մեկը պիտի լինի` ապահովել քաղբանտարկյալների` ազատության մեջ լինելու իրավունքը: «Այսօր քաղկալանավորները հրապարակել են հայտարարություն: Ես միանում եմ այդ հայտարարությանը` անկախ նրանից, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի տարաձայնություններ ունեմ: Ես գերադասում եմ մարդու հետ վիճել, երբ մարդը գտնվում է ազատության մեջ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Նա պատրաստվում է առաջիկա օրերին նամակ գրել նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի գործով ազատազրկվածների խնդրի վերաբերյալ: Նամակը բաց չի լինելու: Դեկտեմբերին Սուրեն Սուրենյանցն արդեն նամակ գրել էր Սերժ Սարգսյանին` դարձյալ ձերբակալվածների հարցով, որից հետո հանդիպել էր նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, քննարկել նամակում իր արծարծած խնդիրները: «Քանի որ մտահոգություն կա, և ես ուզում եմ, որ այդ խնդիրը իսկապես ոչ թե շահարկվի, այլ խնդրին օգուտ տամ, ես առաջիկա օրերին չեմ զլանա և Հայաստանի քաղաքացու իրավունքով ևս մեկ նամակ կհասցեագրեմ Հայաստանի նախագահին այդ թեմայով և հույս ունեմ, որ որոշակի արձագանք կլինի, ինչպես եղավ առաջին նամակի դեպքում: Քանի մեր իշխանությունները չեն հասկացել, որ քաղկալանավոր ունենալով` կորցնում են երկիր, Ղարաբաղ, բանակցային գործընթացում շատ կարևոր դիրք, դատապարտված են միշտ ձախողումների»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter