HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սուրեն Սուրենյանց. «Կարևոր ստուգատեսներից առաջ կողմերը որոշում են մուսկուլ ցույց տալ»

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում անպայման անդրադարձ կլինի Ղարաբաղի հակամարտությանը: Այսօրվա մամուլի ասուլիսին այսպիսի համոզմունք հայտնեց քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցը: Եզրափակիչ հռչակագիր ընդունվում է ԵԱՀԿ գագաթնաժողովների վերջում կոնսենսուսով, և որևէ երկիր, որը դեմ է բանաձևի դրույթներին, վետո է կիրառվում:

«Անկախ նրանից` փաստաթուղթը Հայաստանի համար կլինի՞ ձեռնտու, թե՞ ոչ` ես գրեթե վստահ եմ, որ, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը ոչ կարող է ազդել փաստաթղթի բովանդակության վրա և ոչ էլ կարող է այնքան քաղաքական խիզախություն ունենալ, որ վետո դնի այդ փաստաթղթի վրա»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Միաժամանակ նրա կարծիքով այդ փաստաթղթում, որը գագաթնաժողովի վերջում կընդունեն ԵԱՀԿ ղեկավարները, կարտացոլվեն այն սկզբունքները, որոնք արդեն դարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունների թեմա, այսինքն` նույն մադրիդյան 3 սկզբունքները: Աստանայում գուցե Հայաստանին ու Ադրբեջանին ճանապարհային քարտեզ ներկայացվի, սակայն Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` կողմերը չեն ստորագրի այն, քանի որ նրանց դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են, իսկ փոխզիջման հնարավորությունները` շատ փոքր: «Ճանապարհային քարտեզ, ըստ էության, արդեն գոյություն ունի. դա մադրիդյան սկզբունքներն են: Եվ ես վստահ եմ` երբ նախագահները հանդիպում են, խոսում են ոչ միայն այդ 5 կամ 12 սկզբունքի մասին, այլև որոշակի ժամանակացույց, հավանաբար, կա, որի շուրջ զրուցում են: Բայց Աստանայում սպասել, որ բեկում կլինի, կամ կողմերի ստորագրությանը կներկայացվի որևէ փաստաթղուղթ` կարգավորման սկզբունքների շուրջ, ես քիչ հավանական եմ համարում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Անդրադառնալով Արցախ-Ադրբեջան շփման գծի մոտ վերջին օրերին Պաշտպանության բանակի իրականացրած մասշտաբային զորավարժություններին` Սուրեն Սուրենյանցն ասաց, որ այդ զորավարժությունը մարտավարական հնարք էր, և քաղաքականության մեջ կան չգրված օրենքներ: «Կարևոր ստուգատեսներից առաջ կողմերը որոշում են մուսկուլ ցույց տալ, որը իրենց իսկ ենթադրությամբ, կուժեղացնի իրենց իսկ դիրքերը կարևոր իրադարձությունից առաջ: Քանի մոտեցավ Աստանայի գագաթնաժողովը, թե Ալիևը, թե Սարգսյանը դառան պատերազմի հրձիգներ, և երկուսն էլ արեցին շատ կոշտ հայտարարություններ, մի խոսքով` խոստացան փոխադարձաբար, վերջնականապես կործանել միմյանց: Բայց Աստանայում իրենք կխելոքանան և աշխարհի հզորների մոտ խաղաղասեր կդառնան»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Նրա կարծիքով` ռազմական հռետորիկայի և այդպիսի մթնոլորտի վտանգն այն է, որ դրանք ի վերջո կարող են հանգեցնել պատերազմի, քանի որ կողմերի հարաբերությունները շատ բարդ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն առայժմ ունեն ռեսուրսներ, որոնցով կարողանում են չեզոքացնել պատերազմի վերսկսման վտանգը: Բայց միշտ էլ կարող են առաջանալ անկանխատեսելի իրավիճակներ: Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Ֆրանսիան ու Գերմանիան հարյուրամյակներ շարունակ իրար դեմ մղել են արյունալի պատերազմներ: Սակայն այդ երկրներն ունեցան գործիչներ (Շառլ դը Գոլ, Կոնրադ Ադենաուեր և այլն), ովքեր կարողացան լուծել պետությունների միջև առկա խնդիրները:

«Ցավոք սրտի, Հայաստանում և Ադրբեջանում նման կարգի գործիչները բացակայում են, և քանի դեռ և մեզ մոտ, և Ադրբեջանում եղանակ են ստեղծում այն էլիտաները, որոնք սերտորեն առնչված են ղարաբաղյան պատերազմին, կոմպլեքսավորված են այդ պատերազմի հետևանքներով, ես քիչ հավանական եմ համարում կայուն խաղաղության հաստատումը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Միաժամանակ նա Հայաստանում այսօր չի տեսնում որևէ գործչի, ում առաջարկած լուծումը Ղարաբաղի հարցում հասարակության համար արժանահավատ կլինի: Մինչդեռ հենց հասարակությունը պիտի ընդունի այդ լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter