HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գեւորգ Էմին-Տերյան.«Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության խիղճն է ու ինքը գտնվում է բանտում»

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում հրավիրված մամլո ասուլիսին մասնակցում էին հայաստանյան ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ ու խմբագիրներ: Ստորեւ ներկայացնում ենք վերջիններիս խոսքերը.

Արամ Աբրահամյան` «Առավոտ» օրաթերթ

Ֆաշիստական Գերմանիայում մի բողոքական քահանա իր հետագա դիտողություններում գրել է, որ երբ սկսեցին ձերբակալել կոմունիստներին, նա ասաց` դե, ես կոմունիստ չեմ, ինձ ձեռք չեն տա:

Երբ սկսեցին ձերբակալել հրեաներին, նա ասաց` դե, ես հրեա չեմ, ինձ ձեռք չեն տա: Հետո, որ սկսեցին ձերբակալել կաթոլիկներին, նա ասաց` ես կաթոլիկ չեմ: Հետո եկան նրա հետեւից: Դա շատ հայտնի եւ ուսանելի պատմություն է, որը բոլորի, ոչ միայն լրոգրողների կամ խմբագիրների, այլ բոլոր մարդկանց համար պետք է զգոնության կոչ լինի: Որովհետեւ, եթե մարդուն ձերբակալում են եւ բանտում նաեւ հետապնդում են` իր ասածների եւ գրածների համար, դա պետք է բոլորիս համար ազդանշան լինի, որ դա անընդունելի է: Դա անընդունելի էր միշտ, առավել եւս` անկախ Հայաստանում: Իշխանությունները որեւէ ձեւով դատարանում չկարողացան ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է ինչ-որ գործողություններ, որոնք հակասում են մեր օրենսգրքին, եւ դա բոլորին է հայտնի: Կրկին ստալինյան ժամանակներում ասում էին, որ մեզ մոտ չկա մարդ, որն ազատազրկված է ապօրինի: Դա շատ «լավ» արդարացում էր վախկոտների համար, ովքեր չեն ուզում իրենց խոսքն ասել, իրենց ձայնը բարձրացնել` հօգուտ բանտարկված մարդկանց: Կրկնում եմ` որեւէ ձեւով ապացուցված չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ մնացած քաղբանտարկյալները կատարել են որեւէ գործողություն, որը հակասում է ՀՀ Քրեական օրենսգրքին: Եվ կարծում եմ, որ քաղբանտարկյալներին եւ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը կապ չունի քաղաքական հայացքների կամ անձնական համակրանքների ու հակակրանքների հետ: Դա կապ ունի սովորական մարդկային պարկեշտության հետ: Ես կարծում եմ, որ բոլոր պարկեշտ մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում կան, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Եվ ես զարմանում եմ եւ փոքր ինչ զայրանում եմ այն մտավորականների վրա, որոնց առանձնապես ոչ մի բան չի սպառնում, բայց որոնք, այնուամենայնիվ, վախենում են կամ ինչ-որ արդարացումներ են գտնում իրենց վախկոտության եւ պասիվության համար:

Մեսրոպ Մովսեսյան` «Ա1+» հեռուստաընկերություն

Ես կիսում եմ պարոն Աբրահամյանի մտահոգությունը եւ իսկապես ուզում եմ ասել, որ այսօր Նիկոլի վրա կրիմինալ չկա եւ նույն ձեւով չկա նաեւ մեզ վրա: Բայց նույն ձեւով, ոնց որ հիմա Նիկոլն է գտնվում բերդում, վաղը կարող ենք մենք այնտեղ հայտնվել միայն այն բանի համար, որ ուզում ենք, որ մեր երկիրը շիտակ ճանապարհով գնա: Մի բան ենք ուզում, որ մեր ժողովուրդը մի քիչ շունչ քաշի: Շունչ քաշելու համար նրան օդ է պետք, իսկ օդը տալիս է միայն մամուլը: Մինչեւ սա չհասկանան մեր «մեծահարգո» իշխանավորները, մեր երկրում ոչինչ չի ստացվի: Եվ սկսել է պետք հենց Նիկոլի այսօրվա պաշտպանությունով: Ես նորից կոչ եմ անում բոլորին, եւ ինչպես ասում է պարոն Աբրահամյանը, եթե մարդն իրեն պարկեշտ է համարում, նա պարտավոր է այսօր իր ձայնը բարձրացնել` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, ի պաշտպանություն ազատ մամուլի:

Սաթիկ Սեյրանյան` «168 ժամ» թերթ

Մի քիչ ինձ համար տարօրինակ է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են միավորվել, որովհետեւ այստեղ յուրաքանչյուրիս խնդիրն է: Ինչպես նշեցին պարոն Աբրահամյանը եւ Մովսեսյանը, բոլորս պետք է միավորվենք ոչ միայն որպես կոլեգա, այլ որպես քաղաքացի: Եվ ինձ համար, ճիշտն ասած, այս պարագայում զարմանալի է իշխանությունների կեցվածքը, երբ հասարակության մի ստվար զանգվածի, քաղաքացիների եւ լրատվամիջոցների ղեկավարների պահանջները որեւէ կերպ որեւէ անդրադարձ չեն ունենում, որեւէ ազդեցություն չեն ունենում: Եվ այստեղ կարող ենք որեւէ եվրոպացի չինովնիկի լսել, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով եւ իրենց շահերից ելնելով` կարող են պահանջներ ներկայացնել, որի ականատեսը եղանք երեկ` ի դեմս Պրեսկոտի: Եվ զարմանում եմ` արդյոք ոչինչ չարժե՞ լրատվամիջոցների ղեկավարների, սովորական քաղաքացիների, հասարակության մի ստվար զանգվածի խոսքը: Որեւէ եվրոպացի Պրեսկոտ կարող է վեր կենալ եւ իրեն հարմար պահի ասել` ժողովրդավա՞ր է այս երկիրը, թե՞ ոչ, քաղբանտարկյալներին պե՞տք է ազատ արձակել, թե՞ ոչ, նույն «Ա1+»-ի հարցով եւ այլն: Այդ իմաստով` իսկապես միանում եմ բոլորին եւ կոչ եմ անում ոչ միայն լրատվամիջոցներին, որովհետեւ ես այստեղ եմ ոչ միայն որպես լրատվամիջոցի ղեկավար, ոչ միայն իմ գործընկերոջ համար, այլ զուտ որպես քաղաքացի նաեւ:

Արգիշտի Կիվիրյան` «Armenia Today» կայքէջ

Ընդամենն ավելացնեմ, որ լիովին համամիտ եմ այն կարծիքների հետ, որ հնչեցին: Կուզենայի ավելացնել հետեւյալ կարեւոր հանգամանքը: Բացի նրանից, որ մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է, այս պահի դրությամբ վտանգված է նրա կյանքը, այսինքն` առկա է վտանգ, որ ամեն պահի նրա հետ կարող է պատահել ինչ-որ ճակատագրական բան: Բոլորս փաստացի տեսնում ենք, որ պետությունն ի վիճակի չէ կատարել իր իմպերատիվ պարտավորություններն անգամ այդ առումով` ապահովել նրա անվտանգությունը: Վերջին զարգացումները, որ տեղի ունեցան Նիկոլի հետ կապված, հստակ վկայում են, որ առկա է վտանգ, որ Նիկոլի հետ կարող է ամեն ինչ պատահել: Այդ իսկ պատճառով առաջին պահանջը, որը մենք այս պահի դրությամբ դնում ենք, դա անհապաղ ազատել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ քրեակատարողական հիմնարկում որեւէ կերպ նրա անվտանգությունն ապահովված չէ: Ես նաեւ կուզենայի ավելացնել հետեւյալ հարցը. բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է նաեւ ակտիվ քաղաքական գործունեությամբ: Բայց իր նկատմամբ դատավճիռը, առավել եւս` նման խիստ դատավճիռը կայացվել է այն պատճառով, որ նա նաեւ ակտիվ լրագրող է եւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը: Եթե չլիներ այդ հանգամանքը, կարող է իրեն նույն կերպ ապօրինի դատեին, բայց ավելի մեղմ պատժի արժանացնեին… Բազմաթիվ անգամներ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ պայման են դնում` չգրել: Այս պարագայում զարմանալի է, որ միջազգային լրագրողական կազմակերպությունները լռում են այս հարցի հետ կապված: Այսինքն` բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ պետք է հստակ հասկանան այն փաստը, որ Հայաստանում դատապարտվել է նման խիստ պատժի եւ այսօր վտանգված է նրա կյանքը այն պատճառով, որ նա հանդիսանում է լրագրող: Այս պահի դրությամբ կա մեկ պահանջ` անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ պետությունն ի վիճակի չէ ապահովել նրա անվտանգությունը:

Էդիկ Բաղդասարյան` «Հետք»

Իշխանությունները, բանտ նետելով Նիկոլին, մեկ նպատակ ունեին` լռեցնել նրան: Բայց իշխանություններն իրականում Նիկոլին չէին ճանաչում, դրա համար էլ որոշել են այդ ձեւով լռեցնել: Ես ասել եմ, որ ամեն ինչ հաշվարկել էին, բացի նրանից, որ Նիկոլին հնարավոր չէ լռեցնել: Եվ նրանք փորձում են այլ մեթոդներով դա անել: Բռնության փաստերն ուղղակի ցույց են տալիս, որ իշխանությունները շատ թույլ են: Որովհետեւ ուժեղ իշխանությունը նման քայլի չէր կարող գնալ: Կարծում եմ` այսքան խմբագիրները, նրանց խոսքն ինչ-որ բան կնշանակեն իշխանությունների համար: Ուղղակի պետք է Նիկոլին անհապաղ ազատել բանտից: Ոչ թե իր անվտանգությունն ապահովելու հարցը պետք է դրվի, այլ ուղղակի անհապաղ ազատ արձակման: Ամեն անգամ ասում եմ` իշխանություններն այդ շանսը չպետք է բաց թողնեն, որովհետեւ դա իրենց հեղինակության հետ է կապված:

Արմինե Օհանյան` «Հրապարակ» օրաթերթ

Նախ արձանագրենք, որ քրեական հանցանք չգործած անձը 1,5 տարի է` գտնվում է բանտում, եւ մենք` հասարակության մտավորական խավը, լրատվամիջոցները, լրագրողները, պայքարում ենք արդարության հասնելու համար: Բայց ոչնչի չենք հասնում: Շատ խորհրդանշական եմ համարում, որ այս օրերին, երբ մենք անընդհատ ակցիաներ ենք անում, մեր ձայնն ենք բարձրացնում Նիկոլին ազատ արձակելու համար, նրան տեղափոխում են պատժախուց: Գիտեք` դա ինչ է նշանակում: Դա ապտակ է մեր բոլորի դեմքին: Դա ապտակ է լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների դեմքին, որոնց իշխանությունն ասում է` ձեր խոսքն ինձ համար ոչինչ չարժե: Մենք, ըստ էության, հասարակություն չենք, մեր ունեցած կարծիքն այս իշխանության գործողությունների վրա որեւէ ազդեցություն չի ունենում: Ես կարծում եմ, որ պետք է շատ հստակ, միանշանակ դրվի պահանջը, որ Նիկոլը պետք է լինի ազատության մեջ: Չի կարող թերթի խմբագիրը քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար հայտնվել բանտում, 1,5 տարի անցկացնի այնտեղ, եւ ընդամենը պահանջենք նրա կյանքի անվտանգությունը: Ի՞նչ է դա նշանակում: Եվ խնդիրն այն է, որ վաղը մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Նիկոլի տեղում: Ես, ճիշտն ասած, տարբերություն չեմ տեսնում` ես եմ նստած բանտում, թե Նիկոլ Փաշինյանը: Պետք է խոսել այդ մասին: Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, «Հրապարակ» թերթի խմբագիր, ինձ ահավոր նվաստացած, իմ արժանապատվությունը ոտնահարված եմ համարում: Որովհետեւ ապրում եմ մի երկրում, որտեղ մարդուն քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար կարող են դատապարտել, եւ դատարանում այսօր խոսք գնա մի քանի ամսվա համար համաներումը կիրառել-չկիրառելու մասին: Ու տեսեք` ինչ է կատարվում: Այս օրերին, երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, դատարանում հիմա հայց է քննարկվում` համաներման 7 տարին բաժանե՞լ 3,5 տարվա, թե՞ 3 տարվա 9 ամսվա: Հինգ ամսվա համար: Հասկանո՞ւմ եք` իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլն ինչքան հնրավոր է` մի քանի օր, մի քանի ամիս ավել նստի: Ի վերջո, ի՞նչ խնդիր է դրանով լուծվում: Դա նշանակում է, որ մեզ բոլորիս ուղղակի ոտնահարում են, մեր իրավունքները, մեր արժանապատվությունը: Այս երկրում մարդու իրավունքները հասցվել է զրոյական մակարդակի: Ես ձեզ բոլորիդ խնդրում եմ` դրեք այդ հարցը շատ հստակ, մի փորձեք Նիկոլի մեղադրանքի մեջ արդարացնող, իշխանությունների գործողություններն արդարացնող որեւէ բան փնտրել: Քաղաքական գործունեություն իրականացնող մարդը, խմբագիրը հայտնվել է բանտում: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նա օր առաջ հայտնվի ազատության մեջ:

Շողեր Մաթեւոսյան` «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ

Ընդհանրապես շեշտը մի քիչ սխալ է դրված այն առումով, թե մենք ումից պետք է անվտանգություն պահանջենք: Այն մարդկանցից, որոնք իրենց անվտանգության համար գնում են Հյուսիս, Արեւմուտք, Ամերիկա, որպեսզի իրենք իրենց անվտանգության երաշխիքները ստանան: Այդ մարդիկ իրենց անվտանգությունն իրենց երկրում չեն տեսնում: Ճիշտ էր ասված` փոքրոգի իշխանությունների, փոքրոգի իշխանիկների արած է, որովհետեւ իրենք ուզում են իրենց վախն այդպիսով քավել: Ես մի բան ունեմ ասելու` այստեղ որեւէ խնդիր չկա` հանցավոր է, հանցավոր չէ, որովհետեւ հանցավորը մենք գիտենք, թե ով է: Նիկոլ Փաշինյանի քննարկումներն այս իմաստով լրիվ անիմաստ են: Մի դիտարկում էլ ունեմ. երբ հանրապետության առաջին «կլուչնիկն» ասում է, որ Նիկոլը երազ է տեսնում, այսինքն` վախից, խեղճությունից եւ անկարողությունից այնպիսի ցինիզմի է հասել… Այնպես թող չանեն, որ Նիկոլ Փաշինյանի բանտարկությունն իրենց համար մղձավանջ դառնա, եւ մնացած քաղբանտարկյալներինը նույնպես:

Արման Բաբաջանյան` «Ժամանակ» օրաթերթ

Երեկ գիշերը ես մի տեղեկություն ստացա, որ Նիկոլի հետ կատարվողը կապ ունի նաեւ վերջերս նրա կողմից գրված մի հոդվածի հետ, որի մեջ արծարծվում է նաեւ օլիգարխներից մեկի ու նրա ընտանիքի անունը: Եվ կարծես հենց այդ օլիգարխի ուղղակի հրահանգով եւ մասնակցությամբ են սկսվել վերջին շրջանում Նիկոլի նկատմամբ քրեակատարողականում սկսված դեպքերը: Ներսից իմանալով, թե քրեական աշխարհը, այդ օլիգարխները եւ քրեակատարողական հիմնարկների վարչություն կոչվածն ու նրանց ենթականերն ինչքանով են կապված այդ աշխարհին եւ որքանով են պատրաստ ենթարկվել այդ հրահանգներին, ես գիտեմ, որ մենք հիմա լուրջ խնդրի առջեւ ենք կանգնած` հենց Նիկոլի կյանքին սպառնացող հարցի առաջ: Եվ այն պահանջը, որ ի սկզբանե դրված էր անվտանգության մասովկարծում եմ, որ ուղղակի սխալ է, եւ մեզ միավորողը պետք է լինի Նիկոլի ազատության մասին մտահոգությունը: Ես էլ համակարծիք եմ, որ միջազգային կազմակերպություններին պետք է ավելի ու ավելի տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Նիկոլի հետ: Օրինակ` երեկ չէ առաջին օրը ես կապվել եմ Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ եւ խոսել եմ շրջանի պատասխանատուների հետ, որոնք, օրինակ, չգիտեին` Նիկոլի հետ ինչ է կատարվում: Խոստացել են եւ իրենք, եւ «Հյումն րայթ ուոչը», առաջիկայում հայտարարությամբ հանդես գալ եւ ինչ-որ կերպ միանալ այս շարժմանը: Ես ուրախ եմ, որ առաջին անգամ Նիկոլի առիթով այսպիսի զորակցություն եւ խմբագիրների այսպիսի աննախադեպ համախմբում կա: Կարծում եմ, որ մենք ավելի հաճախ, գոնե Նիկոլի առիթով հաճախ պետք է հանդես գանք միասնական ճակատով: Եթե, այո, երեկ չէ առաջին օրվա մեր հայտարարությունից հետո իշխանություններն ապտակում են եւ այդպիսի պատասխանով են հանդես գալիս, ես կարծում եմ, որ եթե մենք ավելի համառ գտնվենք, իրենք ընկերկելու են, որովհետեւ իրենք նահանջի տեղ չեն ունենալու: Ուրեմն, միայն ու միայն պետք է պայքարել Նիկոլի ազատության համար:

Հայկազն Ղահրիյան` «Lragir.am» կայքէջ

Ես ուզում են Արամ Աբրահամյանի միտը շարունակել: Իսկապես այստեղ քաղաքացիական խնդիր է` մարդու կյանքի, արժանապատվության: Եվ ես լրատվամիջոցներին կխնդրեի` խնդիրն այսպես շարադրել: Որովհետեւ ցանկացած շեղում, փորձը ցույց է տալիս` սկսում է մեկնաբանվել այլ կերպ: …Պետք է շատ հստակ բարձրացնենք քաղաքացիական ազատության, կյանքի անվտանգության խնդիրը: Մանավանդ, որ հակառակ կողմում մենք գործ ունենք մի իշխանության հետ եւ, ցավոք սրտի, հասարակության մի զգալի հատվածի հետ, որտեղ իշխում են ոչ թե օրենքը, արժանապատվությունը, քաղաքացիական արժեքները, այլ պատկերացումները: Եթե հետեւել եք, տարբեր առիթներով, Նիկոլի հետ կապված` այդ գործիչները գողական հարցեր են դնում, պատկերացումներ` բա ինչեր ես ասել… Այս դեպքում, իհարկե, կա խնդիր, թե ումից ինչ ենք սպասում… Նաեւ պետք է խնդրեի, որ շատ մարդիկ, ովքեր, օրինակ, հայտարարում են այլ երկրներում ինչ-որ խախտումների մասին, այդ մարդկանց ուղղակի հարց տրվեր` բա, լավ, մեր երկրում, ձեր սեփական երկրում, որտեղ մեր երեխաներն են ապրելու կան նմանատիպ խնդիրներ, ինչո՞ւ չեք բարձրաձայնում: Մեր պահանջը պետք է լինի` Նիկոլն ազատության մեջ:

Գեւորգ Էմին-Տերյան` «1in.am» կայքէջ

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության խիղճն է ու ինքը գտնվում է բանտում: Եվ ինքը յուրատեսակ լակմուս է այսօրվա Հայաստանի համար, թե ինչպես է Հայաստանը բաժանվում բարեխիղճ քաղաքացիների, սրտացավ, նորմալ մարդկանց եւ զոմբիացված, ինչ-որ իշխանական հրահանգներով ապրող խմբի, որ թյուրիմացությամբ մտավորականություն են կոչվում, մի մասը կուսակցական գործիչներ… Պարզ մարդկային ճշմարտություն է, որ մարդ` հայ մարդ, հայտնվել է անօգնական վիճակում, եւ բանտում ինչ ուզեն, կարող են իր հետ անել ու հետո ցինիկաբար ասել, որ երազ տեսավ, որ իրեն թվաց… ամենացինիկ արձագանքները, ամենացինիկ մեկնաբանությունները: Սա մեր հասարակության համար լակմուս է եւ ինչքան քիչ են այն մարդիկ, որոնք ընդվզում են սրա դեմ, ովքեր փորձում են ինչ-որ ձեւով պատասխան տալ, ցույց է տալիս, թե ինչքան թույլ է հիմա մեր պետությունը, մեր հասարակությունը, որ իրականում մենք շատ հեռու ենք նորմալ հասարակություն կոչվելուց, որովհետեւ ամեն ինչ բաժանվում է ինչ-որ զոմբիացված հրահանգների եւ նորմալ, բարեխիղճ մարդկանց միջեւ:

Աննա Հակոբյան` «Հայկական ժամանակ» օրաթերթ

Ես, որպես «Հայկական ժամանակի» ներկայացուցիչ, որպես Նիկոլ Փաշինյանի կին, առաջին հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այս միջոցառումների համար եւ ընդհանրապես` համախմբման ու ձեր ձայնը բարձրացնելու համար: Իսկապես, սա աննախադեպ է, եւ դա շատ կարեւոր փաստ է: Մյուս կողմից` ուզում եմ նաեւ արձանագրել, որ Նիկոլն այս ընթացքում` բավականին երկար ժամանակ, նույնիսկ բանտում գտնվելու ընթացքում, միայնակ լուրջ մղձավանջ է դարձել իշխանության համար: Համաձայն չեմ, որ ինքը գտնվում է անօգնական վիճակում: Չեմ կարծում, որ որեւէ մեկը, այս ընթացքում կարդալով նրա հոդվածները, կարող է նման եզրակացության գալ: Այլ հարց է, որ այսօր համախմբվելով այսքան խմբագիր, այսքան լուրջ մարդիկ կարող են այն մղձավանջը, որ մինչեւ հիմա Նիկոլը միայնակ է բերել իշխանությունների գլխին, եռապատկել, քառապատկել եւ, ի վերջո, հասնել արդյունքի: Ես դրանում չեմ կասկածում: Ուզում եմ նաեւ, չկասկածելով Արման Բաբաջանյանի տեղեկացվածությանը եւ ներսից` բանտային համակարգից, սեփական փորձով կարգուկանոնին ծանոթ լինելու փաստին, ինձ թույլ տալ ավելի տեղեկացված համարվել Նիկոլի հարցում եւ պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նիկոլի դեմ իրականացվող բոլոր բռնությունները հրահանգվում են անմիջապես նախագահական նստավայրից եւ նրանց նպատակը միմիայն նրա քաղաքական, լրագրողական գործունեությունը եւ նրա խոսքը լռեցնելն է: Եվ այն, որ այսքան ժամանակ նրանք դա չեն կարողացել անել եւ ստիպված են խղճահարություն առաջացնող ինչ-որ վարկածներ առաջ քաշել (մի ամբողջ նախարարության խոսնակ կարող է լկտիաբար ստել, ինչ-որ բաներ ասել), ընդամենը նրանց ճղճիմությունը եւ խղճալի վիճակում հայտնվելն է ապացուցում: Ասուլիսի վերջում, պատասխանելով լրագրողների հարցերին, խմբագիրները նշեցին, որ դեռ պետք է քննարկեն` հետագայում ինչ քայլեր են ձեռնարկելու` իրենց պահանջին հասնելու համար:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter